Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՐԱԶԴԱՆԸ ԿՐԿԻՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է

Հունիս 25,2011 00:00

«Էկոլուրը» տեղեկացնում է, որ մինչ հրազդանցիները պայքարում էին Հրազդանի երկաթահանքի շահագործումը կանխելու համար, տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքից ընդամենը 5 կմ հեռավորության վրա կառուցվելու է ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկա եւ պոչամբար, եւ որ ֆաբրիկայի կառուցման նախագիծը վաղուց անցել է փորձաքննությունը:
Ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման նախագիծը պատրաստվել է դեռ 2009թ.՝ «Լեռնային հարստություն» ՍՊԸ-ի կողմից, իսկ կառուցվող ֆաբրիկան վերամշակելու է Լուսաջուր հանքավայրի ոսկի պարունակող հանքաքարը: Հանքավայրի շահագործման լիցենզիան պատկանում է «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ին:
Հրազդանի օդային ավազանը աղտոտված է: Միայն ցեմենտի գործարանի արտանետման պատճառով Հրազդանում ցեմենտի փոշու միանվագ առավելագույն կոնցենտրացիան ՍԹԿ-ն կարող է գերազանցել 6-8 անգամ: Բացի ցեմենտի գործարանից, Հրազդանում գործում է Հրազդան ՋԷԿ-ը, նախատեսվում է բացել քաղաքի սրտում գտնվող երկաթահանքը ու հիմա էլ ոսկու կորզման ֆաբրիկա ու պոչամբար: Իսկ ֆաբրիկայի կառուցման նախագծում գրված է, որ նոր ձեռնարկության ստեղծման համար բարենպաստ գործոններից է «տարածքի էկոլոգիական մեծ պոտենցիալը»:
Ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկան գտնվում է Հրազդան քաղաքի բնակելի տարածքից՝ մոտ 5 կմ, իսկ մոտակա Կաքավաձոր գյուղից՝ 3 կմ հեռավորության վրա, սեյսմիկ ակտիվ գոտում:
Ըստ նախագծի՝ հարստացուցիչ ֆաբրիկայի թե արտադրական, թե խմելու-տնտեսական ջրամատակարարման համար նախատեսվում է օգտագործել արտեզյան ջուր, ինչի համար ձեռնարկության տարածքում կհորատվի հորատանցք: Հորատանցքի ջուրը պետք է ունենա խմելու որակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել