Սանկտ Պետերբուրգի հայերի հոգեւոր հովիվ հայր Նշանը (ձախից), Սանկտ Պետերբուրգում տպագրվող՝ հայ համայնքի «Հավատամք» թերթի
գլխավոր խմբագիր Արմեն Մերուժանյանը, Արթուր Օհանյանը, Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը:
Ամեն մեկը իր ժողովրդի հայելին է: Այս սկզբունքով է առաջնորդվում Արթուր Օհանյանը, ում տեսել է համարյա ամբողջ Ռուսաստանը: Ա. Օհանյանը ծնունդով Չարենցավանից է եւ իր ճանապարհորդությունը Ռուսաստանով մեկ սկսել է 2009-ին Յակուտսկից, որտեղ աշխատում էր շինարարության վրա: Բրիգադը չէր ուզում նրան բաց թողնել, ցանկանում էր հեռու պահել փորձանքներից, սակայն Արթուրը գնաց ռուսական եկեղեցի եւ ներկայացուցչին հայտնեց, թե ուզում է հեծանվաարշավ սկսել՝ ի նշան եղբայրության եւ խաղաղության: Նրան հատուկ հեծանիվ տրամադրեցին, նաեւ թույլտվություն, որ շրջի Ռուսաստանով մեկ: Չիտա-Ուլան Ուդե-Իրկուտսկ-Կրասնոյարսկ, Կեմերովո-Օմսկ- Պետրոպավլովսկ-Կուրգան-Չելյաբինսկ- Ուֆա… եւ այլն: Արթուրը խոստովանում է, որ դժվարություններ ու վտանգներ էլ են պատահել, բայց վախն ու նեղսրտությունն անցել են, երբ մտածել է, որ աշխարհն ինչքա՜ն լավն է բարի մարդկանցով: Հեծանվաարշավի ժամանակ Արթուրը գիշերում է ուր պատահի՝ բաց երկնքի տակ, նստարանին, հյուրանոցներում, որտեղ համար են պատվիրում բարի մարդիկ: Ա. Օհանյանը ցանկանում է Ռուսաստանի ուշադրությունը բեւեռել նաեւ ներկայիս հայ ճանապարհորդների վրա: Վլադիկավկազից Արթուրն ուղեւորվել է Վրաստան, իսկ ադրբեջանցիներով բնակեցված Շուլավերում հնչում է ծանոթ հարցը՝ քեզ սրանից ի՞նչ օգուտ: Իսկ օգուտը, ըստ հայորդու, մեծ է՝ մարդկանց հետ շփումը, փոխճանաչումը: Ասում է՝ հոռետես ադրբեջանցիների էլ է հանդիպել, լավերին էլ, ովքեր հաց են կիսել հետը ու բարի ճանապարհ մաղթել: 12000 կմ հեծանվով կտրելուց հետո անցյալ տարի ապրիլին Արթուրը հատեց նաեւ Հայաստանի սահմանը, հասավ ծննդավայր Չարենցավան՝ սիրելի մորը տեսնելու: Ասում է՝ մայրը շատ է անհանգստանում իր համար, բայց նաեւ հպարտանում է, երբ հերթական հոդվածն է տպված լինում, որը անպայման ցույց է տալիս հարեւաններին: Վերջերս էլ նա Պետերբուրգում էր, որտեղ հրաշալի ընդունեցին եւ ապաստան տվին սուրբ Եկատերինայի եկեղեցու հարեւանությամբ: Արթուրը կարգի բերեց հեծանիվը, որպեսզի նորից ճամփա ընկնի Յակուտսկ՝ հասնելու իր շինարարական բրիգադին: