Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍՈՂԱՆՔԻՑ ԵՎ ԱՆՁՐԵՎՆԵՐԻՑ ՔՇՎԱԾՆԵՐԸ

Հունիս 25,2011 00:00

\"\"Հուսահատ վիճակ է, որից ելքը չի երեւում

Տեղեկացրել ենք, որ մայիսի 6-ին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար մտնող հիմնական, ասֆալտապատ ճանապարհի եզրի մի հատված՝ 10 մ երկարությամբ, փլվել է, հողը լցվել է ճանապարհից ներքեւ գտնվող 70-ամյա Նարենգյուլ Հարությունյանի տան վրա: Մեծ ճաքերը վկայում են, որ սողանքը կշարունակվի: Կարող է փակվել սահմանամերձ գյուղ մտնող հիմնական ճանապարհը, սպառնալիք կա նաեւ Նարենգյուլի հարեւանի՝ Լեւոն Գրիգորյանի տան համար: Վերջինս միայնակ թոշակառու է, Ոսկեպարում չի բնակվում, ապրում է հանրապետության այլ բնակավայրում, իր զավակների մոտ: Նարենգյուլ Հարությունյանը ճոպաններով ամրացնել է տվել Լեւոն Գրիգորյանի տան մեծ դարպասը, որպեսզի այն չգլորվի իր տան վրա: Նարենգյուլի ամուսինը՝ Ռազմիկ Հարությունյանը, երեք տարի առաջ մահացել է թոքերի հիվանդությունից, որը, նրա կնոջ խոսքերով՝ առաջացել է տան խոնավությունից: Ռազմիկն ու Նարենգյուլը Ադրբեջանի Ղազախի շրջանից են. Ռազմիկը հմուտ արհեստավոր էր, կինն էլ՝ կոնֆետի գործարանում արտադրամասի վարպետ: 1987 թվականին ընտանիքը Ղազախից տեղափոխվել է Ռազմիկի ծննդավայր Ոսկեպար: Նրանք Ոսկեպարում տուն են կառուցել, սակայն տարիների ընթացքում սողանք է ի հայտ եկել: Այս տարվա գարնանը, շուրջ 2 ամիս, անընդհատ անձրեւներ էին, ինչը մեծացրել է սողանքի վտանգը: «Երազում էինք հայրենիքում տուն սարքել, սակայն այն սողանքի տակ է»,- ասում է տիկին Նարենգյուլը: Նրա տան առաջին հարկը ամբողջությամբ հեղեղվել է ջրով, եղած ողջ \"\"սննդամթերքը փչացել է: Երբ մեքենաներն անցնում են տան կողքով, պատերը ցնցվում են, այդ պատճառով պատից կախված մեծ հայելին ընկել-կոտրվել է: Պատից պոկվել-ընկել են նաեւ վարագույրները, տան հատակը չի չորանում: «Կոթի գյուղից իմ հարազատները եկել, անկողինները մեր տնից հանել են»,- ասում է 18 տարի առաջ սրտի վիրահատության ենթարկված, երկրորդ խմբի հաշմանդամ Նարենգյուլը, ով նաեւ տեսողության մեծ խնդիրներ ունի. ձախ աչքը երկու անգամ վիրահատվել է: 70-ամա Նարենգյուլ Հարությունյանը այժմ ստիպված պատսպարվում է աղջկա՝ Մարինեի տանը, Նոյեմբերյան քաղաքի Տերյան փողոցի 9-րդ շենքի 35-րդ բնակարանում: Սրտից հիվանդ կնոջը դժվար է բարձրանալ 5-րդ հարկ: Սխալ կլինի ասել, որ նրանք այդտեղ բնակվում են, որովհետեւ այդ տարածքում բնակվել հնարավոր չէ. տանիքից անձրեւները ներս են լցվում, Մարինեն ստիպված բոլոր 3 սենյակներում հատակին ամաններ է շարել: Սենյակների պատերը ներթափանցած ջրերից ուռչել են: Առաստաղին մեծ ճեղքեր են, բետոնի կտորները ամեն օր թափվում են հատակին: «Մանրատախտակի վրա հնարավոր չէ քայլել, խոնավությունից ճռճռում է»,- ասում է Մարինե Հարությունյանը: Տարիներ առաջ ամուսնալուծված, գործազուրկ Մարինեի առողջությունը խաթարվել է տան խոնավությունից, ոտքը ամիսներ շարունակ ուռած է, հարկադրված է դեղեր խմել: Նրա տանը կահույք չկա, եղածը ստիպված տեղափոխել էին Ոսկեպար՝ հայրական տուն, այնտեղ էլ կահույքը վնասվել է սողանքի հետեւանքով թափանցած ջրերից: Մարինեի տանը չկա հեռախոս, հեռուստացույց, սառնարան: Նա վախենում է սենյակներում էլեկտրական լույսը միացնել, քանի որ խոնավությունից լամպերը պայթում են: Ստիպված է յոլա գնալ գիշերալամպով: Մարինեն օգնության խնդրանքով դիմել է Նոյեմբերյանի քաղաքապետարան: Նրան պատասխանել են, որ մի մարդու համար շենքի տանիքը չեն կարող նորոգել, պետք է համախմբվեն շենքի բնակիչները եւ ներդրում կատարեն: Նարենգյուլ Հարությունյանը սողանքից տուժած Ոսկեպարի տան խնդրով դիմել է Ոսկեպարի գյուղապետարան, գյուղապետարանն էլ իր հերթին՝ Տավուշի մարզպետարան եւ արտակարգ իրավիճակների նախարարության Տավուշի մարզային փրկարարական վարչություն: Երկու կառույցներից էլ եկել են, ուսումնասիրել: Մարզպետարանում այդ կապակցությամբ փոքր խորհրդակցություն է եղել, որոշվել է հարցը ներկայացնել կառավարություն: Իսկ սողանքը չի սպասում: Մայր եւ դուստր Հարությունյանները գոյատեւում են Նարենգյուլի ստացած 17 հազար դրամ թոշակով եւ 13 հազար ընտանեկան նպաստով: Նարենգյուլը Ռուսաստանում բնակվող տղա եւ Մարինեից զատ 3 աղջիկ ունի, սակայն նրանք սոցիալական վատ վիճակում են, չեն կարող օգնել: Մայր եւ աղջիկ օրեցօր կորցնում են իրենց առողջությունը եւ երկու տուն: Հուսահատ վիճակ է, որից ելքը չի երեւում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել