Պոլիտեխնիկի պրոֆեսոր, նորարար Ռուբեն Վարդանյանը եւ ITC ընկերությունը մշակել են արեւի էներգիայի ստացման սարք: Այն արեւի էներգիան կուտակում է անդրադարձող հայելիների միջոցով եւ փոխանցում սիլիցիումից պատրաստված կիսահաղորդչային թիթեղով:
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պրոֆեսոր Վարդանյանն ասաց, որ նորաստեղծ սարքը գրեթե չի տարբերվում աշխարհում նմանատիպ սարքերից, միակ տարբերությունը տնտեսապես շահութաբերության մեջ է: «Կան երկու տիպի սարքեր. մեկը էլեկտրական է, մյուսը՝ հիբրիդային: Առաջինը հոսանք է տալիս, երկրորդը՝ ջերմային էֆեկտ»,- բացատրեց պրոֆեսորը:
Թե որքանով է սարքը անվտանգ ուլտրամանուշակագույն ճառագայթներից՝ պարոն Վարդանյանը վստահեցրեց, որ հուսալիության առումով դրանից առավել իդեալական սարք մտածել հնարավոր չէր. «Մարդկությունը դեռ այդպիսի սարք չի մտածել, որ ավելի լավ լինի, քան արեւային էներգիայի փոխակերպիչը: Մենք ունենք մշակում, որը, ի տարբերություն մյուսների, ուլտրամանուշակագույն ճառագայթները կլանում է կիսահաղորդչի միջոցով ու դրանք նորից օգտագործում»:
Ընկերության տնօրեն Արթին Մելիքյանն էլ ասաց, որ արեւի էներգիա ստանալու համար հստակ ու ստանդարտ հաշվարկներ կան՝ մեկ քառակուսի մետրի համար հազար վատտ: Սարքի հեղինակները հաշվարկել են՝ եթե հազար վատտից ստանում են 150 վատտ էներգիա, ապա 15 տոկոս ՕԳԳ-ն այնքան էլ վատ ցուցանիշ չէ: Պրոֆեսոր Վարդանյանի խոսքով, չնայած սարքը էներգիա է արտադրում հիմնականում արեւոտ օրերին, բայց այս դեպքում սարքի աշխատանքին չի խանգարի նույնիսկ ամպամած եղանակը. «Եթե արեւ չկա, այդ պայմաններում կուտակիչները գործի կանցնեն, որոնց մեջ օգտագործվում է հավաքված էլեկտրաէներգիան»: Թե ինչ արժե գյուտը, կոմերցիոն գաղտնիք է, բայց հեղինակները վստահեցրին, որ հայկականը համաշխարհային գներին էապես զիջում է: