Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԵՐԴՐՎԵԼՈՒ ԵՆ ՑԱՆՑԱՅԻՆ ՀԴՄ-ՆԵՐ

Հունիս 25,2011 00:00

\"\"Սակայն դա էլ, կարծես թե, չի հեշտացնելու առեւտրաշրջանառության ոլորտի վերահսկողությունը

Այսուհետեւ Պետեկամուտների կոմիտեն նոր կամ վերակազմավորվող ընկերությունների սովորական հաշվիչ- դրամարկղային մեքենաները (ՀԴՄ) չի գրանցելու, այլ պահանջելու է ներկայացնել GPRS-ով աշխատող ապարատներ։ Եթե նախկինում վաճառք իրականացնողները պետք է անպայման ՀԴՄ ապարատ ունենային, ապա այսօր այն արդեն պետք է ժամանակակից ֆունկցիաներով ապահովված լինի։ Մեր տեղեկություններով, նոր ՀԴՄ-ներ ստիպված կլինեն ձեռք բերել նաեւ հին ընկերությունները։
 Պարզ է, որ այդպես Պետեկամուտների կոմիտեն փորձում է իր աշխատանքը հեշտացնել եւ ավելի արդյունավետ մեթոդներով տեղեկանալ՝ առեւտուր իրականացնողները իսկապե՞ս բոլոր դեպքերում են ՀԴՄ ապարատներն օգտագործում, թե՞ օրվա վերջում, ասենք, 7000 դրամ են տպում եւ այդքանով իրենց գործը համարում ավարտված։ Սա, իհարկե, ողջունելի է, քանի որ այսօր էլ կան շատ ընկերություններ, որոնք վաճառք իրականացնելիս ՀԴՄ-ներ չեն տրամադրում հաճախորդներին կամ էլ ՀԴՄ-ի վրա գումար չեն տպում։ GPRS-ով աշխատող ՀԴՄ ապարատները կօգնեն, որպեսզի նման դեպքերը ավելի քիչ դառնան, քանի որ GPRS համակարգն անգամ հեռավորության վրա ցույց կտա, թե տվյալ վաճառքի կետում օրվա վերջո՞ւմ, սկզբո՞ւմ, թե՞ ընթացքում են որոշակի գումար տպում։ Նշենք, սակայն, որ խախտում անող ընկերությունները, միեւնույն է, ելք կգտնեն. նրանք կարող են օրվա տարբեր ժամերի տարբեր քանակի գումարներով ՀԴՄ-ներ տպել եւ օրվա վերջում ցույց տալ նույն արդյունքը, ինչ որ սովորական ՀԴՄ ապարատով աշխատելու դեպքում։ Բացի այդ, արդեն հայտնի է, որ մի շարք ընկերություններ հաճախորդին տրամադրում են ՀԴՄ, որի վրա ավելի պակաս գումար է տպված, քան իրականում վճարել է քաղաքացին։ Այս հարցին որեւէ նոր կամ հին ֆունկցիա, բնականաբար, լուծում չի տա, եթե միայն քաղաքացին ինքը չներկայացնի իր դժգոհությունները։
 Պետեկամուտների կոմիտեի նորարարության մեջ կա եւս մեկ բաց. GPRS-ով աշխատելու առաջնությունը տալով նոր եւ վերակազմավորվող կազմակերպություններին՝ նրանք հաշվի չեն առել, որ վերակազմավորվող ընկերությունների մեջ կան նաեւ մի քանի ամսվա գրանցում ունեցող ընկերություններ, որոնք իրենց ՀԴՄ-ները Պետեկամուտների կոմիտեի տարածքային կենտրոններում կարճ ժամանակ առաջ են գրանցել, իսկ հիմա, երբ իրենց գործունեության ոլորտը կամ վայրն է փոխվել, ստիպված են նոր ՀԴՄ-ն փոխարինել եւս մեկ նոր ՀԴՄ-ով։ Նկատենք, որ առեւտուր իրականացնող կազմակերպությունների մեջ քիչ չեն վերակազմավորվող ընկերությունները, քանի որ, օրինակ, էժանագին հագուստ, կոշիկ, պայուսակ կամ հազարումի մանրուք վաճառող խանութները հաճախ են գործունեության ոլորտը փոխում՝ կոշիկներն ու պայուսակներն այլեւս չեն վաճառվում՝ սկսում են հագուստ վաճառել կամ հակառակը։ Կարելի է ասել, որ մի քանի ընկերությունների բախտը պարզապես բերել է, երբ ՀԴՄ գնելիս նախապատվությունը տվել են GPRS համակարգով ՀԴՄ-ին։
Թե իրականում ի՞նչ նպատակով է Պետեկամուտների կոմիտեն անցնում GPRS ցանցով աշխատող ՀԴՄ-ների, նման ապարատներ ունենալու են բոլո՞ր առեւտուր իրականացնողները, թե՞ ոչ, կա՞ արդյոք ընթացակարգ կամ վերջնաժամկետ, ըստ որի՝ պետք է հին ՀԴՄ-ները փոխվեն GPRS-ով աշխատող ՀԴՄ-ներով, եւ ի՞նչ են արվելու հին ՀԴՄ-ները՝ փորձեցինք ճշտել հենց Պետեկամուտների կոմիտեից, որտեղից պարզաբանեցին, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի (2011թ. փետրվարի 26-ից գործող խմբագրությամբ) 7-րդ հոդվածի համաձայն, 2011 թվականի մարտի 1-ից հետո օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են կիրառել պարտադիր տեխնիկական պահանջները բավարարող եւ օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ ցանցային կապի միջոցներով տեղեկություն ուղարկող հսկիչ-դրամարկղային մեքենաներ. «Այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք մինչեւ մարտի 1-ը ձեռք են բերել ոչ ցանցային ՀԴՄ-ներ, կարող են մինչեւ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքով սահմանված՝ ցանցային կապի միջոցներով տեղեկություն ուղարկող ՀԴՄ-ների կիրառման պարտադիր համարվելու ժամկետը կիրառել այդ ՀԴՄ-ները: Այդ անձանց կողմից գործունեության ոլորտը փոխելու անհրաժեշտություն կամ պարտադրանք օրենքով չի նախատեսվել: Բացի այդ, օրենքի նույն կետի համաձայն, մասնավորապես՝ 2012-ի հունվարի 1-ից կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը կարող են կամավոր տեղադրել ցանցային ՀԴՄ-ներ, ու նշված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի մոտ ՀԴՄ-ների կիրառման ստուգումներ կանցկացվեն միայն ստուգումների անցկացման ռիսկային չափանիշների հիման վրա` գործունեությունը ռիսկային դիտարկելու դեպքերում, իսկ ցանցային ՀԴՄ-ներ տեղադրելը պարտադիր է 2013-ի հունվարի 1-ից՝ ամսական ավելացված արժեքի հարկ վճարող համարվող հարկ վճարողների համար, 2014-ի հունվարի 1-ից՝ եռամսյակային ավելացված արժեքի հարկ վճարող համարվող հարկ վճարողների համար, իսկ 2015-ի հունվարի 1-ից՝ ավելացված արժեքի հարկ չվճարողների համար»։ Ինչ վերաբերում է հին ՀԴՄ-ների հարցին, ապա Պետեկամուտների կոմիտեից տեղեկացրին, որ ՀԴՄ-ները ցանկացած հիմնական միջոցի նման ունեն ֆիզիկական մաշվածություն եւ դրանք չեն կարող ծառայել անժամկետ, ու ՀԴՄ-ն հանդիսանում է տնտեսվարող սուբյեկտի սեփականությունը, եւ նա իրավունք ունի տնօրինել այն:
Մեր այն հարցերին էլ՝ Հայաստանում կա՞ն բավարար քանակությամբ GPRS-ով աշխատող ՀԴՄ-ներ, եւ ո՞ր ընկերություններից պետք է դրանք ձեռք բերել, կոմիտեից պատասխանեցին, որ 2010 թվականից սկսած՝ գերազանցապես ներմուծվում են ցանցային ՀԴՄ-ներ. «Հաշվի առնելով, որ ներկայումս ՀՀ-ում առկա են 8-ից ավելի ՀԴՄ ներմուծող կազմակերպություններ, ուստի ցանցային ՀԴՄ-ների պակաս ներկա դրությամբ չի առաջացել: Ինչպես նաեւ ցանկացած տնտեսվարող սուբյեկտ կարող է ներմուծել եւ վաճառել ցանցային ՀԴՄ-ներ, որոնք կհամապատասխանեն կառավարության սահմանված պահանջներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել