Ու մատնանշել է Սերժ Սարգսյանի երկու խոշոր սխալները
Երեկ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ՀԱԿ-ի դիրքորոշումը պայմանավորված է լինելու երկու իրողությամբ՝ այն տեքստով, որը կարող է ընդունվել Կազանում եւ այդ փաստաթղթին տված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ իշխանությունների արձագանքով, եւ ձեռնպահ է մնացել երեկ Կազանում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից առաջ տեսակետ արտահայտելուց: «Մենք երբեք չենք կարող որեւէ եզրակացություն անել, եթե չունենք փաստաթուղթը: Ամեն բառ, ամեն ստորակետ, ամեն արտահայտություն կարող է որոշիչ նշանակություն ունենալ փաստաթղթի գնահատման համար: Մեզ համար որեւէ բան կարող է ընդունելի դառնալ միայն այն բանից հետո, երբ դա ընդունելի լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ իշխանությունների համար»,- «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, հայտարարել է Զուրաբյանը:
Փոխարենը ՀԱԿ համակարգողն անդրադարձել է ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթում ԼՂ խնդրին առնչվող հատվածում հնչած եւ Զուրաբյանի դիտարկմամբ՝ «սայթաքումներին» կամ «խոշորագույն սխալներին»: Հիշեցնենք՝ Ս. Սարգսյանը ԵԽԽՎ-ում հայտարարել էր, թե «Հայաստանի կառավարությունը երբեք տարածքային պահանջներ չի ներկայացրել ոչ միայն Ադրբեջանին, այլեւ որեւէ այլ երկրի: Այդ պատճառով էլ Հայաստանը դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը», եւ որ՝ պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը կարող է առավելություն ունենալ: «Ես կուզեի հավատալ, որ դա ուղղակի սայթաքում է, որովհետեւ դա կնշանակեր, որ ՀՀ նախագահը այս հարցում նույն դիրքերից է խոսում, ինչ՝ Ադրբեջանի նախագահը: Կարծում եմ՝ սա նրա կողմից ուղղակի սայթաքում էր, եւ դա պետք է արագորեն ինչ-որ կերպով շտկել: Հայաստանի բարձրագույն ղեկավարը եւ գլխավոր հրամանատարը իրավունք չուներ նման հայտարարություն անելու»,- կարծիք է հայտնել ՀԱԿ համակարգողը: Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին եւ մասնավորապես ՀԱԿ-իշխանություն երկխոսության մասին Ս. Սարգսյանի հայտարարությանը՝ Զուրաբյանն ասել է, թե դրան կպատասխանի ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ հունիսի 30-ին կայանալիք հանրահավաքում:
Այդուամենայնիվ, նա հավելել է. «Բանակցության վերջում պետք է ձեռք բերվեն պայմանավորվածություններ, կամ բանակցությունները պետք է ձախողվեն: Խուսափելով բանակցություններից՝ իշխանությունները ցույց են տալիս, որ չեն ուզում ընդգրկվել մի պրոցեսի մեջ, որի արդյունքում կլինեն պայմանավորվածություններ: Նրանք ուզում են, ինչպես իրենք են ասում, երկխոսել, կազմակերպել կարծիքների փոխանակում, եթե կուզեք՝ «գյալաջի»: Մենք «գյալաջիի» ժամանակ չունենք, մեզ հետաքրքրում են համակարգային փոփոխությունները»,- ասել է Զուրաբյանը:
Նա նաեւ իշխանություններին մի քանի կոչ է ուղղել. դադարեցնել ոստիկանության եւ ԱԱԾ կողմից ՀԱԿ-իշխանություն երկխոսության մասին տարածվող «ախմախ» տեղեկությունները, թե՝ իբր, ՀԱԿ-ի հետ կան պայմանավորվածություններ, որ այս ամենը խաղ է, ընդդիմադիրները հաջորդ գումարման ԱԺ-ում կստանան տեղերի 20 տոկոսը, Լ. Տեր-Պետրոսյանը կդառնա ԱԺ նախագահ, նաեւ՝ դադարեցնել ինֆորմացիոն եւ տրանսպորտային բլոկադան, կիսաքայլերից իրապես անցնել երկխոսության եւ այն իրականացնելու համար ձեւավորել լիարժեք ձեւաչափ: