Լրագրողների համար միջազգային կենտրոնի (ICFJ) ծրագրի մասնակից հայ, թուրք եւ ամերիկացի լրագրողները երեկ հանդիպումներ ունեցան Հայաստանի
իշխանական եւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ:
Կիրո Մանոյանը
Թուրքիայում
ամենամեջբերվող հայ գործիչն է
Քանի որ Անկարայում հանդիպել էինք խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ կուսակցության հետ՝ Երեւանում էլ էր ընտրվել նույն ձեւաչափը: ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանին հարցեր ուղղեցին հիմնականում թուրք լրագրողները, որոնց հետաքրքրում էր Դաշնակցության տեսակետը հայ-թուրքական բանակցային գործընթացի վերաբերյալ: «Մենք դեմ չենք հարաբերությունների հաստատմանը,- պարզաբանեց պրն Մանոյանը:- Բայց մենք դեմ ենք հարաբերությունների նախապայմաններո՛վ հաստատմանը»:
Հայ գործիչների տեսակետները հանգամանալից չենք ներկայացնում, քանի որ դրանք քաջածանոթ են մեր լսարանին. այս դեպքում առավել ուշագրավ էր, թե ինչ էր հետաքրքրում թուրք լրագրողներին: Նախապայմանների մասին Կիրո Մանոյանի մի դիտարկումը՝ Թուրքիայի կողմից սահմանները ճանաչելու պահանջի վերաբերյալ, մինչեւ վերջերս «Sabah» օրաթերթի խմբագիր, իսկ այժմ ազատ լրագրող Էրդինչ Էրգենչին առիթ տվեց հետաքրքրվելու, թե արդյոք կարծում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը պետք է փոխվի՞: «Այո, մենք կարծում ենք, որ առկա սահմաններն իրավական չեն»,- պատասխանեց ՀՅԴ ներկայացուցիչը՝ նաեւ հիշեցնելով, որ անկախացումից հետո Հայաստանը չի ներկայացրել տարածքային որեւէ պահանջ:
«Hurriyet Daily News»-ի թղթակից Ֆուլյա Օզերկանը նկատեց, թե Կիրո Մանոյանը նախապայմանների դեմ է խոսում, սակայն ինքն էլ նախապայմաններ ունի՝ տարածքային վեճերի վերաբերյալ: «Սակայն մենք նախապայմաններ չենք առաջադրում հարաբերություններ հաստատելու համար,- առարկեց ՀՅԴ ներկայացուցիչը:- Ինչպե՞ս Թուրքիան եւ Սիրիան ունեն հարաբերություններ. նրանց միջեւ էլ կա տարածքային վեճ: Կանադան ու ԱՄՆ-ն էլ տարածքային վեճ ունեն, Միացյալ Թագավորությունն ու Իսպանիան էլ ունեն տարածքային վեճ»:
«Hurriyet Daily News»-ի թղթակիցը նաեւ նկատեց, թե ինքը Թուրքիայի իշխող կուսակցության հանրային պաշտպանը չէ, բայց համարում է, որ արտաքին քաղաքականության առումով նրանց հիմնական ձեռքբերումն այդ արձանագրություններն էին, որոնք հիմք էին երկու երկրների համար սկսել մի կետից. «Ինչո՞ւ դուք չեք պաշտպանում այդ գործընթացը»: Այս հարցին Կիրո Մանոյանը պատասխանեց հարցով. «Ինչո՞ւ պետք է պաշտպանենք, եթե անգամ ստորագրումից հետո դրանք չեն վավերացվում»: Եվ դարձյալ ընդգծեց, որ երբ էլ Թուրքիայի կառավարությունը պատրաստ լինի հարաբերություններ հաստատել իրոք առանց նախապայմանների՝ Հայաստանը պատրաստ կլինի անել դա: ՀՅԴ պահանջին՝ հետ կանչել այդ արձանագրությունների ներքո Հայաստանի ստորագրությունը, ի հավելումն ասաց. «Ավելի լավ է մի քայլ հետ անել, քան կառչած մնալ այս իրավիճակից, երբ Հայաստանը չի շահում ոչինչ»:
Ի դեպ, նշենք, որ Էրդինչ Էրգենչը հայտնեց Հայ դատի գրասենյակի ղեկավարին, որ ինքը թուրքական մամուլում ամենաշատ մեջբերվող հայ գործիչն է:
Շարմազանովը
համամիտ է
Տեր-Պետրոսյանի հետ
«Hurriyet Daily News»-ի թղթակիցը ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպման ժամանակ հետաքրքրվեց, թե արդյոք հնարավոր համարո՞ւմ են, որ արձանագրությունները դեռ կարող են փոփոխվել, թե՞ դրանք արդեն մեռած են: Էդուարդ Շարմազանովի պատասխանն էր. «Թուրքիան պետք է այս պահին քայլ կատարի, քանի որ իր պատճառով է այս գործընթացը մտել փակուղի: Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո երկրի քաղաքական իշխանությունը դեռեւս հնարավորություն ունի գնալ այդ ուղղությամբ ու վավերացնել արձանագրությունները»: Հիշեցնենք, որ թուրք ղեկավարները պնդում են, որ ԼՂ հակամարտության կարգավորման դեպքում սահմանն անմիջապես կբացվի: Սակայն պրն Շարմազանովը նշեց. «Մենք երբեք չենք քննարկել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունները մեկ փաթեթում: Ավելի՛ն՝ մենք հստակ ասել ենք, որ եթե Թուրքիան ուզում է օգտակար լինել ղարաբաղաադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում, ապա մի բան պիտի անի՝ չխառնվի այդ գործընթացին»: «Haber Ajanda»-ի թղթակից Մեհմեդ Ֆաթիհ Օզթարսուն Թուրքիայի միջամտության վերաբերյալ այս դիտարկումից հետո հետաքրքրվեց, թե արդյոք հավատո՞ւմ են Ռուսաստանի անաչառ միջնորդ լինելու հնարավորությանը: «Մենք հավատում ենք բոլոր 3 երկրների անաչառությանը՝ ե՛ւ ԱՄՆ-ին, ե՛ւ Ֆրանսիային, ե՛ւ ՌԴ-ին,- ասաց պրն Շարմազանովը:- Իսկ եթե նկատի ունեք, որ Հայաստանը եւ Ռուսաստանը ՀԱՊԿ անդամներ են ու ռազմավարական դաշնակիցներ, ապա ասեմ՝ այո՛, բայց Ռուսաստանը որպես ռազմավարական դաշնակից երբեք չի փակել իր սահմանն Ադրբեջանի հետ եւ շրջափակման չի ենթարկել Ադրբեջանը»:
«Առավոտը» փորձեց պարզել, թե իշխող կուսակցության խոսնակն ինչպես է վերաբերվում «Մոսկովսկիե Նովոստի» թերթին տված հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանի արած հետեւյալ դիտարկմանը, թե փակելով սահմանը Քելբաջարից հետո, փոխկապակցելով այդ երկու հարցերը՝ Թուրքիան վնասեց Ադրբեջանին. «Նրանք ներշնչեցին ադրբեջանցիներին, որ Թուրքիան դաշնակից է, իրենց մեջքին է, եւ կարող են ավելի անզիջում լինել ԼՂ հարցում: Եվ սա իրոք հանգեցրեց երկրորդ պատերազմին, երբ Ադրբեջանը կորցրեց արդեն 5 շրջաններ: Սա նաեւ Թուրքիայի մեղքն է, քանի որ կարող էր ադրբեջանցիներին իրատեսություն ներարկել, համոզել գնալ ինչ-որ զիջումների»: Էդուարդ Շարմազանովն ի պատասխան ասաց. «Այդ ընթացքում բավական սերտ էին թուրք-ադրբեջանական կապերը, եւ ամեն ինչ վկայում էր, որ ադրբեջանցիները շատ լուրջ հույսեր էին կապում թուրքական թե՛ ռազմական, թե՛ ֆինանսական, թե՛ խորհրդատվական օգնության հետ: Ըստ իս, հենց 1993-ին Թուրքիան կատարեց առաջին ոչ ճիշտ քայլը, քանի որ փակելով սահմանը Հայաստանի հետ, առիթ դարձնելով ղարաբաղաադրբեջանական հակամարտությունում առաջընթացը Քելբաջարի ուղղությամբ՝ նա փակուղի տարավ կարգավորման հնարավորությունն այն ժամանակ»: Եվ հավելեց՝ «Այստեղ ես համամիտ եմ այդ դիտարկումների հետ»: