«Գոյություն ունի երեք սկզբունք, որոնց շուրջ ձեռք է բերվել հակամարտության բոլոր կողմերի, այդ թվում՝ Ղարաբաղի համաձայնությունը: Սկզբունքներից առաջինը ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառումն է, ինչի հետ մենք լիովին համաձայն ենք: Երկրորդը՝ տարածքային ամբողջականության սկզբունքն է. այս հարցում մեր հստակ դիրքորոշումն ունենք: Եվ երրորդը՝ ինքնորոշման իրավունքն է, որի հիման վրա կառուցվում է մեր արտաքին քաղաքականությունը»,- ինչպես հաղորդում է «Արմինֆո»-ն, այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը՝ պատասխանելով ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների հարցերին: «Այսպես կոչված՝ «Մադրիդյան սկզբունքների» հետ կապված ձեւաչափն ու մոտեցումները սխալ են: Մենք ունենք իրավունքներ, որոնք չի կարելի անտեսել, քանի որ մենք դրանց դիմաց շատ մեծ գին ենք վճարել»,– ասել է նախարարը՝ նշելով, որ պաշտոնական Բաքվի հրահրած պատերազմը տեղեկատվական դաշտ է տեղափոխվել: