Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ազգովին դիմագրավել ոչ անհավանական պահը»

Հունիս 25,2011 00:00

\"\"Կոչ արեց Դաշնակցությունը կազանյան հանդիպումից ժամեր առաջ՝ դեռեւս չիմանալով, որ ոչ մի «պահ» էլ չի լինի:

ՀՀ կառավարության նիստերի դահլիճում երեկ մեկնարկեց Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) ընդհանուր ժողովը:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը իր ծավալուն ելույթում անդրադարձավ ոչ միայն ղարաբաղյան խնդրի վերաբերյալ կուսակցության դիրքորոշմանը, այլեւ ասաց, թե Դաշնակցության դիրքորոշումը հստակ է եւ փոփոխություն չի կրել. «Խաղաղ կարգավորման գործընթացը անցնող երեք տարիներին նոր փուլ չի մտել Ադրբեջանի ոչ կառուցողական կեցվածքի պատճառով: Միաժամանակ, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, միջազգային հանրության մոտ առավել ամրապնդվել է այն տեսակետը, որ Արցախը չի կարող վերադարձվել ադրբեջանական ենթակայության: Սակայն կարգավորման՝ ուրվագծվող հնարավորությունը հայկական կողմից պահանջում է այնպիսի զիջումներ, որոնք մեր եւ մեր ժողովրդի մեծամասնության համար անընդունելի են: Անհրաժեշտ է ազգովին պատրաստ լինել՝ դիմագրավելու այդ ոչ անհավանական պահը»: Բյուրոյի ներկայացուցիչը խոսեց նաեւ սոցիալ-տնտեսական, անգամ քաղաքական հոգեբանության խնդիրներից: Ըստ Հրանտ Մարգարյանի՝ Հայաստանի քաղաքական դաշտի ամենահիմնական ջրբաժանն ակնհայտ է. «Մի կողմում նրանք են, ում համար արդարություն հասկացությունը հարուստ վերնախավի շահերի պաշտպանության հարցն է, այն բոլոր ուժերը, որոնք ծայրահեղ աջ են կամ հավատում են ծայրահեղ լիբերալիզմին, եւ վերջապես՝ նրանք, որ անգիտակցաբար, կուրորեն հետեւում են այդ ուղղությանը: Այս ուղղության կրողն են նախկին ու ներկա բոլոր իշխանությունները, ուր էլ գտնվեն՝ ծայրահեղ ընդդիմության դաշտում, թե իշխանության ճամբարում (դրա գրքունակ ներկայացուցիչն է այսօրվա վարչապետն ու կառավարությունը), իսկ մյուսը մենք ենք՝ ազգային հարցերի լուծման համար անհրաժեշտ է ներազգային համերաշխություն, միասնականություն, ինչը հնարավոր է արդարության հաստատումով, սոցիալական արդարության հաստատումով»: Հրանտ Մարգարյանը նաեւ հայտարարեց. «Մենք դեմ ենք նաեւ երկիրը ցնցումների ենթարկելուն: Անվտանգությունն ու արտաքին մարտահրավերները պահանջում են քաղաքական կայունություն եւ ազգային առավելագույն համերաշխություն: Մյուս կողմից՝ ոչ ոք դեռ չի սպառել պայքարի սահմանադրական կարելիությունները: Ահա եւս մեկ ապացույց, որ մեր ընթացքը ճիշտ է՝ նրանք, ովքեր անցած երեք-չորս տարիների ընթացքում պատեհ ու անպատեհ առիթը բաց չթողեցին մեզ քննադատելու, անմեղ զոհերի եւ երկրի վարկաբեկման մեղքի իրենց բաժինը շալակած՝ եկել ու կանգնել են այնտեղ, որտեղ մենք էինք կանգնած»:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան՝ ներկայացրեց սպասելիքները (մինչ ընթանում էր ՀՅԴ ընդհանուր ժողովը, կազանյան հանդիպումը դեռ չէր սկսվել) Կազանում Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպումից. «Փաստաթուղթ ստորագրելն ինքնանպատակ չէ: Եթե այդ փաստաթուղթը ապահովում է երկու հանրաքվեների տրամաբանությամբ գործընթացների իրականացում՝ 1991 թվականի եւ 2006 թվականի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անցկացրած հանրաքվեները, իհարկե, պետք է ստորագրել, իսկ եթե ոչ՝ իհարկե, պետք չէ ստորագրել»: Դաշնակցական գործիչն ասել է նաեւ, որ եթե ստորագրվի փաստաթուղթ, որի հետ ՀՅԴ-ն չի համաձայնի, իրենք պայքարի դուրս կգան ավելի հուժկու, քան հայ-թուրքականի «ոչ»-ի պայքարն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել