Իզո՞ւր էինք երեկ ազգովին շունչներս պահած սպասում կազանյան հանդիպման ավարտին՝ արդյունքում ընդունվեց մի փաստաթուղթ,
որով երկրների ղեկավարները ընդամենը հաստատել են մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռք բերումը:
Երեկ՝ հունիսի 24-ին, Թաթարստանի մայրաքաղաք Կազանում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Մինչ այս նախագահները եռակողմ ձեւաչափով 2008-2011թթ. ընթացքում հանդիպել են երեք անգամ՝ Սանկտ Պետերբուրգում, երկուական անգամ՝ Մոսկվայում եւ Սոչիում, եւս մեկը՝ Աստրախանում: Դրանց ընթացքում երեք անգամ փաստաթուղթ է ընդունվել. 2008-ին՝ Մայենդորֆի հռչակագիրը, 2010-ին՝ Աստրախանի հայտարարությունը, եւ 2011-ին՝ Սոչիի հայտարարությունը: Այս հանդիպմանը նախորդել էր (մայիսի 26-ին) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդներ Դմիտրի Մեդվեդեւի, Բարաք Օբամայի եւ Նիկոլա Սարկոզիի համատեղ հայտարարությունը, որով կողմերին կոչ էր արվում ավարտին հասցնել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցումը: Իսկ երեկվա հանդիպումից անմիջապես առաջ Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահները հարկ համարեցին կրկին, դարձյալ եւ նորից իրենց հորդորը ուղղել: «Ազատություն» ռադիոկայանի ներկայացմամբ, ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն մինչ հանդիպման մեկնարկը ասել էր, որ հիմնարար սկզբունքները խաղաղ համաձայնագիրը չեն. «Դա շրջանակային փաստաթուղթ է՝ 5.5 էջ զբաղեցնող, 14 կետից բաղկացած ուղեցույց կողմերի համար, թե ինչպես բանակցել կարգավորման հասնելու համար: Դրանք հրահանգներ են նախարարների համար, թե ինչպես մշակել վերջնական խաղաղ կարգավորմանը առնչվող կարեւորագույն հարցերը: Այժմ մենք հասել ենք այդ փուլին, եւ ես հղում եմ կատարում Դովիլի հայտարարությանը, որտեղ համանախագահ երկրների երեք նախագահները ասել են, թե հավատում են, որ սեղանի վրա դրված ներկայիս տարբերակը արդարացի եւ հավասարակշռված փաստաթուղթ է: Դա հնարավորություն կտա կողմերին առաջ շարժվել եւ բանակցել վերջնական պայմանագրի շուրջ: Հետեւաբար, կրկնեմ, մենք բավական կարեւոր կետում ենք»: Հիշեցնենք, որ մեր երկրի նախագահը Ստրասբուրգում հայտարարել էր, որ սա, իհարկե, մեր երազած փաստաթուղթը չէ, բայց հնարավորություն է տալիս ձեռնամուխ լինել մեծ հիմնական պայմանագրի ստորագրմանը: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի նախօրեին տարածած հաղորդագրության՝ Կազանի հանդիպումը կոչված է եզրագծային դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Փաստաթուղթը, որը քննարկվելու է Կազանում, կողմերի եւ համանախագահների համատեղ աշխատանքի կարեւոր ժամանակահատվածի արդյունքն է: Այն իրական հիմք է հետագա առաջընթացի եւ դրան հաջորդող համապարփակ խաղաղ համաձայնագրի հասնելու:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ըստ պաշտոնական հաղորդագրության, կոչ է արել երկու երկրների ղեկավարներին «hանդիպման ընթացքում վերջնական տեսքի բերել եւ սատարել Հիմնարար սկզբունքները: Հիմնարար սկզբունքների համաձայնեցումից հետո կողմերը կարող են սկսել բանակցությունները ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման Հելսինկյան սկզբունքների հիման վրա վերջնական կարգավորման ուղղությամբ»: ԱՄՆ նախագահը ասել է նաեւ. «Այժմ այս հակամարտությունը կարգավորելու եւ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդներին իրենց եւ իրենց զավակների համար ավելի լավ ապագա առաջարկելու ժամանակն է»: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին իր հերթին մի ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որում համոզմունք է հայտնել, որ «եկել է պահը՝ ամրագրելու այն սկզբունքները, որոնց հիման վրա կարող են այնուհետեւ ծավալվել կարգավորման բուն բանակցությունները»:
Ըստ Նիկոլա Սարկոզիի. «Պատմության ընթացքում լինում են պահեր, երբ պետության ղեկավարներն իրենց ժողովրդին պետք է ցույց տան խիզախության, իմաստնության ու խաղաղության ճանապարհը, եւ սա հենց այդ պահն է»: Իսկ փորձագետները այն համոզմունքին են, որ եթե անգամ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան Կազանում՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ, դա կլինի դժվարին ճանապարհի ամենաառաջին քայլը միայն: Հասկանալի է, որ եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում «այս գործարքին ընդդիմացող ուժեր կան, որոնք փորձելու են խարխլել ձեռք բերված համաձայնությունը: Այնպես որ, արդյունքների հասնելու համար շատ կարեւոր է, որպեսզի լինի հստակ ժամանակացույց եւ առավելագույն ճնշում կողմերի վրա՝ որոշված քայլերը իրագործելու համար»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է «Քարնեգի» հիմնադրամի փորձագետ Թոմ դե Վաալը:
Երեկ ժամը 17-ն անց 40-ի սահմաններում սկսված Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների հանդիպումը ընթացել է ընդլայնված ձեւաչափով՝ երեք երկրների նախագահների եւ արտգործնախարարների մասնակցությամբ: Հանդիպման սկզբում ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւը ասել է. «Արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է միմյանց մոտիկ լինել»:
Tert.am-ի թղթակիցը հանդիպման սկզբից երկու ժամ անց հայտնեց, թե հանդիպումից հետո նախագահները միասին կճաշեն։ Հետո նախատեսված էին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների առանձին հանդիպումները Մինսկի խմբի համանախագահների հետ։ Հանդիպման մասին շուրջ երեքուկես ժամ որեւէ տեղեկություն չէր տարածվում: Եվ միայն ավելի ուշ՝ Երեւանի ժամանակով ժամը 21:14-ին, հաղորդվեց այն մասին, որ հանդիպումն ավարտվեց, եւ նախագահները գնացին ճաշելու:
«Մեդիամաքսի» փոխանցմամբ, հանդիպման արդյունքում ընդունվել է եռակողմ հայտարարություն: Կազանում կայացած՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն։ Ըստ «Թերթ» էլեկտրոնայինի, հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ երկրների ղեկավարները հաստատել են մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռք բերումը, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքները հավանության արժանացնելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։ Նշվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն իրենց երախտագիտությունն են հայտնել ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի առաջնորդներին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, ԼՂ խնդրի կարգավորման նկատմամբ նրանց մշտական ուշադրության համար եւ բարձր են գնահատել Ռուսաստանի նախագահի անձնական ջանքերը համաձայնության հասնելու ուղղությամբ: