Ու ամենակարեւորը՝ ապարդյուն էր, որովհետեւ հակառակ ակնկալիքների՝ հեչ պատմական ու շրջադարձային չէր:
Երեկ Կազանի Կրեմլի պալատում ղարաբաղյան hակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւը եւ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով ընդամենը շնորհակալություն են հայտնել Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ մշտական ուշադրության համար:
«Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահները հանդիպեցին հունիսի 24-ին 2011թ., Կազանում եւ քննարկեցին աշխատանքների ընթացքը, որն իրենց հանձնարարությամբ անց էր կացվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների նախագիծը համաձայնեցնելու նպատակով: Պետությունների ղեկավարները փոխըմբռնում են արձանագրել մի շարք հարցերի վերաբերյալ, որոնց լուծումը օժանդակում է Հիմնարար սկզբունքների հավանության արժանանալու համար պայմանների ստեղծմանը: Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները երախտագիտություն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդներին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ղարաբաղյան կարգավորման խնդրի հանդեպ իրենց մշտական ուշադրության համար, եւ բարձր են գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը՝ ուղղված պայմանավորվածությունների ձեռք բերմանը»,- «Մեդիամաքս» գործակալության փոխանցմամբ, ասված է երեք երկրների համատեղ հայտարարության մեջ: Թերեւս նման դեպքերի համար է «լեռը մուկ ծնեց» արտահայտությունը՝ եթե նկատի ունենանք կազանյան այդ հանդիպման նախօրեին այդ միջոցառման շուրջ բարձրացած աղմուկն ու հայտարարությունները, թե՝ Կազանում եռակողմ հանդիպումը կարող է պատմական լինել, եւ ակնկալվում է շրջանակային համաձայնագրի ստորագրում:
Երեկ «Առավոտի» հետ զրույցում ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը պատասխանելով մեր այն հարցին, թե՝ ակնկալո՞ւմ էր, որ ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող երկրների ղեկավարների այսքան հեռախոսազրույցներից ու կոչերից, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցներից հետո, որոնք կազանյան հանդիպման շուրջ լուրջ ակնկալիքների ֆոն էին ստեղծել, կարող էր ավարտվել այսպիսի՝ մի քանի տողանոց շնորհակալական հայտարարությամբ, ասաց. «Ես մեկ վայրկյան չեմ կասկածել, որ նման ընդհանուր ձեւակերպումներով հայտարարություն է ստորագրվելու, որովհետեւ մի բան է՝ ընդհանուր դիվանագիտական գործընթացը, երբ համանախագահող երկրների դիվանագետները, նախագահները ինչ-որ հայտարարություններ պետք է անեն, լրիվ այլ բան է՝ ընթացող պրոցեսներ ընդհանուր համատեքստը, բոլոր հայտարարությունների՝ տարածաշրջանային կարեւոր դերակատարություն ունեցող խաղացողների, օրինակ՝ Իրանի, Ալիեւի եւ Սարգսյանի ու մյուսների: Դովիլից հետո ամբողջ գործընթացին հետեւելիս ակնհայտ է, որ կողմերը պատրաստ չեն խնդրի կարգավորմանը, ու որեւէ բան հնարավոր չէր լինելու ստորագրել: Այնպես որ, ես չեմ հասկանում, թե ինչով էր բացատրվում ոմանց ոգեւորությունը, թե՝ հեսա-հեսա, ինչ-որ բան ստորագրելու են, բայց ինքս նման ակնկալիք չեմ ունեցել»:
Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ խոշոր հաշվով անարդյունավետ այս հերթական հանդիպումից հետո պետք է ակնկալել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների առաջնորդներն ու ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ շահագրգիռ միջազգային կառույցները էլ ավելի մեծ ճնշումներ կգործադրեն Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ, թե՞ ինչպես տարիներ առաջ եղավ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կհայտարարեն իրենց գործունեությունը սառեցնելու մասին՝ վկայակոչելով իրենց ջանքերի ապարդյուն լինելու եւ կողմերի՝ հարցը կարգավորելուն պատրաստ չլինելու հանգամանքները: «Սա ոչինչ էլ չի նշանակում: Սա հերթական, նորմալ գործընթացի տրամաբանությունից բխող այն «գալոչկան» էր, որ անհրաժեշտ էր կողմերին. Մեդվեդեւին անհրաժեշտ էր, որ իր ջանքերը հատուկ գնահատականի արժանանան, մյուսներին պետք էր եւս մեկ անգամ հայտարարել, որ ՄԽ-ն ջանք չի խնայում հակամարտության խաղաղ կարգավորման համար, կողմերն էլ հերթական անգամ պիտի ասեին, որ պատրաստ են շարունակել բանակցությունները, քայլեր ձեռնարկել համաձայնության հասնելու ուղղությամբ»,- մեր հարցադրմանն ի պատասխան մեկնեց ՀՀ ԱԳ նախկին նախարարը:
Ասել է թե՝ առկա ստատուս-քվոն ձեռնտու է բոլոր կողմերին: Մեր այս դիտարկմանը Ալ. Արզումանյանը հակված էր համաձայնել: «Կարելի է նաեւ այդպես ասել: Այսինքն՝ որեւէ բան չի փոխվել: Ինձ զարմացնում է, որ մենք այս վերջին զարգացումները նորովի ենք ընկալում: Ամեն տարի նույն պատմությո՞ւնը չի կրկնվում՝ հնարավորությունների նոր պատուհան, հերթական գագաթաժողով, հերթական հանդիպում: Մշտապես այս նույն աժիոտաժն է՝ մինչեւ հերթական անգամ հասկանում ենք, որ նույն փոցխի վրա ենք կանգնել»,- արձանագրեց ԱԳ նախկին նախարարը: