Լրահոս
Օրվա լրահոսը

Շիլաշփոթ՝ մարզադպրոցների «մասով»

Հունիս 24,2011 00:00

Որը խոստանում են շտկել առաջիկայում

Նախորդ տարի հունիսի 18-ին Երեւանի ավագանու խորհուրդն իր նիստում հաստատեց մի նախագիծ, ըստ որի՝ Երեւանի 25 մարզադպրոցներ պետք է միավորվեին մեկ ընդհանուր համայնքային ոչ առեւտրային կազմակերպության մեջ, այսինքն՝ կղեկավարվեին կենտրոնացված համակարգից եւ կկորցնեին իրենց ինքնուրույնությունը: Երեւանի նախկին քաղաքապետ Գ. Բեգլարյանի եւ ավագանու որոշմամբ երեւանյան մարզադպրոցները միաձուլվեցին «Երեւանի սպորտկոմիտե» ՀՈԱԿ-ի կազմում: Մամուլում այդ շրջանում հրապարակումներ եղան, թե այդ որոշմամբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը զրկվում է մենաշնորհից, եւ այդ ասպարեզում շրջանառվող գումարները տնօրինելու են հանրապետականները: Հիշեցնենք, որ նախագծի ընդունմանը դեմ էին քվեարկել միայն ԲՀԿ-ականները: Որոշումից մեկ տարի անց մարզադպրոցների կարգավիճակի մասին «Առավոտին» նամակով իրենց դժգոհություններն են ներկայացրել մի քանի մարզադպրոցների աշխատակիցներ: Հիշեցնենք, որ ավագանու նիստում Գագիկ Բեգլարյանը, ի պատասխան ԲՀԿ-ական ավագանու հարցադրման, թե նոր կոմիտեի ստեղծումով կկրճատվե՞ն աշխատատեղերը, պարզաբանել էր, թե դա չի լինելու սոսկ կրճատում, այլ ավելի շուտ տեղի է ունենալու հաստիքացուցակի ավելի արդյունավետ կազմակերպում, որովհետեւ քաղաքապետարանը պարզել էր, որ նույն մարզիչներն ու բժիշկները գրանցված են մի քանի մարզադպրոցներում եւ բոլոր տեղերից աշխատավարձ են ստանում: Մինչդեռ, ըստ նոր կառույցի նոր հաստիքացուցակի, բոլոր մարզադպրոցներում կրճատվել էր 10-15 հաստիք, այդ թվում՝ հաշվապահ, մեթոդիստ, բժիշկ, հոգեբան, բուժքույր, մերսող, փականագործ, էլեկտրիկ, այգեպան, հավաքարար, 2 փոխտնօրենի փոխարեն մնացել էր մեկը եւ այլն: Արդյունքում դպրոցների տնօրենները դադարել էին գործել որպես իրավաբանական անձինք, որովհետեւ չունեն կնիք, աշխատող ընդունելու, ազատելու եւ հրամաններ տալու իրավունք: Մարզադպրոցների հետ կապված բոլոր փաստաթղթերը կնքվում եւ ստորագրվում են կոմիտեում:
Երեւանի քաղաքապետարանի ավագանու՝ այս տարվա ապրիլի 8-ի նիստի որոշմամբ, ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, «պատերազմական իրավիճակում» այդ դպրոցներին են վերադարձվել հաշվապահի եւ բժշկի հաստիքները: Նույն նիստին հաստատվել են նաեւ նոր հաստիքացուցակները, ըստ որոնց՝ տնօրենի աշխատավարձը կազմում է 150 հազար դրամ, փոխտնօրենինը՝ 120 հազար, իսկ հաշվապահը, բանվորը, հավաքարարը, տնտեսվարը, բուժքույրը, գործավարը կստանան 50 հազար դրամ: Նամակագիրները բանվորին, հավաքարարին ու հաշվապահին նույն չափով վարձատրելը վիրավորական են համարում եւ նշում, որ համաձայն Հայաստանում գործող օրենքի, հաշվապահի աշխատավարձը տնօրենի աշխատավարձից ցածր կարող է լինել 2-7%-ի չափով: Հաստիքացուցակները եւ դրույքաչափերը որոշվել են քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության ու ֆինանսական բաժինների եւ «Երեւանի սպորտկոմիտե» ՀՈԱԿ-ի կողմից:
Պարզաբանումների համար կապվեցինք Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանի հետ: Հաշվապահի աշխատավարձի չափի հետ կապված նա նկատեց, որ օրենքի խախտում եղել է, բայց որեւէ բացատրություն չկարողացավ տալ: Յու. Մամիկոնյանը հայտնեց, որ այդ պաշտոնում է շուրջ երկու ամիս, եւ ինչպես մարզադպրոցների՝ «Երեւանի սպորտկոմիտեի» կազմի մեջ միավորվելու, այնպես էլ հաստիքացուցակները եւ դրույքաչափերը որոշելու նիստերին ներկա չի եղել: Հետաքրքրվեցինք, թե նման կառույցի ստեղծումն ի՞նչ նպատակ ուներ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ենթադրվում էր, որ «Երեւանի սպորտկոմիտե» ՀՈԱԿ-ը պետք է լիներ ուժեղ հիմնարկ, որը երեւանյան սպորտը եւ ֆիզկուլտուրան նոր որակի կբերեր»: Պարոն Մամիկոնյանը, սակայն, կարծում է, որ փոփոխություններն անարդյունավետ են եղել, եւ այժմ քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով զբաղվում են «Երեւանի սպորտկոմիտե» կազմակերպությունը վերակազմակերպելու հարցով. «Անձամբ ձեռնամուխ եմ եղել, որ 25 մարզադպրոցներին վերադարձվի նախկին կարգավիճակը եւ այդ հիմնարկները գործեն որպես սպորտդպրոց՝ իրավաբանական անձի նման»: Նա տեղեկացրեց, որ այդ մասով արդեն քննարկումներ եղել են, եւ առաջարկները ամբողջական փաթեթով կներկայացնեն հավանաբար սեպտեմբերի՝ ավագանու նիստի ժամանակ. «Միավորումների ընթացքում 150 մարդ է կրճատվել: Ակնկալում ենք, որ կվերականգնենք նրանց իրավունքները, նախկին հաստիքացուցակները, դրույքաչափերը»: Գ. Ծառուկյանին մենաշնորհից զրկելու եւ նորից վերադարձնելու մասով էլ Յու. Մամիկոնյանը արձագանքեց. «Սպորտը քաղաքականացնելն անթույլատրելի է: Ինքս ունենալով իմ համակրանքներն ու հակակրանքները, երբեք նման հարցերին չեմ անդրադարձել եւ չեմ անդրադառնալու: Տեսնում եմ սպորտային պրագմատիզմը՝ պե՞տք էր դա անել, թե՞ ոչ: Միտումը՝ այդ կառույցը դարձնել լուրջ օջախ՝ չարդարացավ, իսկ «Բարգավաճ Հայաստան», «Հանրապետական» կամ «Օրինաց երկիր» եւ այլն, թո՛ղ այդ բոլոր կուսակցությունները հանգիստ թողնեն սպորտը»:
«Երեւանի սպորտկոմիտե» ՀՈԱԿ-ի տնօրեն Հրանտ Ենոքյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ աշխատավարձի իջեցումներ եւ հաստիքացուցակների կրճատումներ չեն եղել եւ օրինակներ բերելով հաստատեց, որ մի բան էլ բարձրացրել են: Տնօրենի աշխատավարձը 150 հազար դրամ է, փոխտնօրենը՝ նախկին 40 հազարի փոխարեն, ստանում է 120 հազար դրամ, մարզիչները նախկին 35 հազարի դիմաց այժմ 70 հազար դրամ են ստանում: Պատասխանատուների՝ այդ կառույցի գործունեությունն անարդյունավետ որակելու մասով էլ տնօրենն այսպես արձագանքեց. «Որ թողնեին, արդյունքը կտեսնեինք: Անցյալ տարվա հոկտեմբերից այս խառնաշփոթը ստեղծվեց, դեկտեմբերին Բեգլարյան Գագիկին հանեցին, եւ ամեն ինչ կանգնեցվեց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել