Ջերմուկ առողջարանային քաղաքում շարունակվում է շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Կարեն Ասրյանի 4-րդ հուշամրցաշարը:
Նախորդ համարում գրել էինք, որ յոթերորդ տուրը կարող է էական փոփոխություններ մտցնել մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում եւ, ինչպես ցույց տվեցին խաղատախտակների առջեւ ծավալված իրադարձությունները, չէինք սխալվել: Երկու առաջատարների միջեւ կայացած կենտրոնական հանդիպումում հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը սեւերով կարեւոր հաղթանակ տանելով Կոնստանտին Շանավայի (Վրաստան) նկատմամբ՝ նախավերջին տուրից առաջ 6,0 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ ամբողջ մեկ միավորով «պոկվելով» մոտակա ինը հետապնդողներից, որոնց մեջ են մեր հանրապետության ներկայացուցիչներ, միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը եւ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հրայր Սիմոնյանը: Երեկ Քոթանջյանը սպիտակներով խաղում էր ռուսաստանցի Եվգենի Գլեյզերովի հետ: Հետաքրքրություն էին ներկայացնում նաեւ Ռոբերտ Հովհաննիսյան-Հրայր Սիմոնյան եւ Աշոտ Նադանյան-Կոնստանտին Շանավա պարտիաները: