Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԵՐԵՔ ՄԵԴԱԼՈՎ

Հունիս 24,2011 00:00

Սերբիայում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ:
Չնայած նորանշանակ ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորած թիմը մրցավայր մեկնել էր ոչ ամբողջական կազմով (ութ քաշային կարգերից մենք ներկայացուցիչ ունեինք վեցում), այդուհանդերձ, մեր հավաքականն ընդհանուր թիմային պայքարում զբաղեցրեց 5-րդ տեղը:
 «Երեւան սպորտկոմիտե» ՀՈԱԿ-ի Ռուդոլֆ Կարապետյանի անվան թիվ 18 մարզադպրոցի սան, 84 կգ քաշային Վահե Թամրազյանը, շահելով նախնական փուլի բոլոր գոտեմարտերը, հասավ եզրափակիչ եւ միայն վճռորոշ մենամարտում տանուլ տվեց վրաստանցի մրցակցին՝ նվաճելով Եվրոպայի առաջնության այդ տարիքային խմբի արծաթե մեդալակրի կոչումը: Նույն ՀՈԱԿ-ի Վահան Զատիկյանի անվան թիվ 15 մարզադպրոցը ներկայացնող Գրիգոր Գրիգորյանը (66 կգ), ինչպես նաեւ Վանաձորի քաղաքապետարանի մարզադպրոցից՝ 55 կգ քաշային Մաթեւոս Սարոյանը Սերբիայում բավարարվեցին երրորդ մրցանակային տեղով: Հավաքականի մյուս անդամները գրավեցին հետեւյալ տեղերը:
50 կգ, Արտակ Հովհաննիսյան՝ 10-րդ,
60 կգ, Նարեկ Սիրունյան՝ 5-րդ,
74 կգ, Գեւորգ Համբարձումյան՝ 7-րդ:
Նախորդ գիշեր Սերբիա մեկնեց նաեւ ամբողջական կազմով համալրված մեր հունահռոմեական ոճի երիտասարդական հավաքականը: Գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը դեռ վերջին ուսումնամարզական հավաքի ժամանակ «Առավոտի» հետ հարցազրույցում տվել էր այն ըմբիշների անունները, ում մարզչական խորհուրդը նպատակահարմար էր գտել վստահել: Հիշեցնենք, որ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեր հունահռոմեականներից մրցագորգ մտնելու են Ռուդիկ Մկրտչյանը՝ 50 կգ քաշային կարգ, Նարեկ Խաչատրյանը՝ 55, Ասլան Պողոսյանը՝ 60, Հայկ Արշակյանը՝ 66, Եվրոպայի պատանիների չեմպիոն Ռուբեն Ղարիբյանը՝ 74, Արգիշտի Աբգարյանը՝ 84, Արթուր Ալեքսանյանը՝ 96 եւ Վաչե Եղիազարյանը՝ 120 կգ: Այսօր ըմբիշների կշեռքի օրն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել