Երեկո՝ նվիրված Ճապոնիայի երկրաշարժի զոհերի հիշատակին
Օրերս Ե. Չարենցի տուն-թանգարանում ճապոնական մթնոլորտ էր: Կիմանոներով ու համապատասխան դիմահարդարմամբ կանայք յուրաքանչյուր այցելուի գլուխ էին տալիս, ճապոնական թեյ ու աղանդեր առաջարկում: Հիմա շատերը կհետաքրքրվեն, թե ի՞նչ կապ ունի հայազգի գրողը ճապոնացիների եւ ճապոնական մշակույթի հետ. Չարենցի անվան տուն-թանգարանում «Հիկարի» հայ-ճապոնական կենտրոնի եւ թանգարանի նախաձեռնությամբ մշակութային մերձեցման երեկո էր՝ նվիրված Ճապոնիայի երկրաշարժի զոհերի հիշատակին:
Այդ առիթով Հայաստան էին ժամանել ճապոնացի հյուրեր՝ «Այկիդոյի» համաշխարհային ֆեդերացիայի առաջին քարտուղարը, «Ջայկա» ֆեդերացիայի միավորման ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա էին նաեւ հանգիստը Հայաստանում վայելող ճապոնացի զբոսաշրջիկներ, նախարարությունների ներկայացուցիչներ, մտավորականներ:
Ըստ Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի. «Եթե ոչ հայերը, ապա ովքե՞ր կարող են ճապոնացիների վիշտը հասկանալ, քանզի մենք ինքներս անցել ենք այդ գեհենի միջով: Այդ նպատակով որոշեցինք մեր խոնարհումի խոսքն ասել այս երեկոյով՝ ինչպես զոհերի հիշատակի, այնպես էլ այդ ժողովրդի տոկունության, արժանապատիվ պահվածքի համար»:
Նրա խոսքով. «Չարենցը ճապոնական հնգատող բանաստեղծությունների՝ թանկաների ոճով գործեր ունի: Նա Արեւելքի ծնունդ էր եւ արեւելյան մշակույթը կրում էր իր մեջ: Չարենցը շատ է սիրել արեւելյան մշակույթը, եւ կենցաղում իրեն միշտ շրջապատել է արեւելյան իրերով՝ հնդկական, ճապոնական, չինական, պարսկական: Պատահական չէ, որ նա խորապես ուսումնասիրել է արեւելյան մշակույթը, մասնավորապես՝ բուդդիզմը: Ունեցել է Բուդդայի արձանների մեծ հավաքածու, որի նմուշներից մեզ դժբախտաբար շատ քչերն են հասել: Չարենցն ունի նաեւ 17-րդ դարի գրավյուրաների յուրահատուկ հավաքածու, որոնք նույնիսկ ճապոնացի հյուրերին են զարմացնում»:
Երեկոն մեկնարկեց ժամանակակից նկարիչ Վարդան Գաբրիելյանի «Նվիրում» գեղանկարների ցուցահանդեսով, որը բացվեց թանգարանի առաջին հարկում: Լ. Հակոբյանի փոխանցմամբ, գեղանկարների շարքը ստեղծվել է Ճապոնիայի երկրաշարժի տպավորության տակ:
Միջոցառումը շարունակվեց թանգարանի երկրորդ հարկում՝ ասմունքող Սիլվա Յուզբաշյանի եւ դերասան Ազատ Գասպարյանի՝ Չարենցի թանկաների եւ ճապոնացի բանաստեղծների հայերեն թարգմանությունների ընթերցմամբ:
Նույն հարկում ցուցադրվեց նաեւ Չարենցի անձնական իրերից՝ 17-րդ դարի Ուտագավա դպրոցի ճապոնական գրավյուրաները, Բուդդայի արձանիկներ:
Ներկաները վայելեցին ճապոնական երաժշտությամբ բեմադրված ճապոնական եռատող հայկուների եւ հնգատող թանկաների տեսաշար:
Վերջում էլ հնարավորություն ունեցան մասնակցել ճապոնական ավանդույթներով կազմակերպված թեյախմությանը, որոնք թանգարանի աշխատակիցները մատուցեցին ճապոնական ավանդական հագուստներով՝ կիմանոներով: