Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՆԱՉՎԻ ՈՉ ԹԵ ՊԱՐՈՂԸ, ԱՅԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱԼԵՏԸ

Հունիս 24,2011 00:00

Այս նպատակին է ջանքերն ուղղել բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը

\"\"

Համաշխարհային բալետային դպրոցների մասին խոսելիս հիշատակվում են երեք՝ 18-րդ դարում ձեւավորված ֆրանսիական, 19-րդ դարի վերջի ռուսական եւ 20-րդ դարասկզբի ամերիկյան դպրոցների ներկայացուցիչները: Վերջին շրջանում նրանց ինտեգրվել են կուբայական, չինական, անգլիական եւ դանիական դպրոցների արտիստները: Չնայած այն բանին, որ գովեստի ու հիացմունքի խոսքեր են շռայլվում նաեւ վերջին տարիներին եվրոպական տարբեր թատրոններում հանդես եկող բալետի հայ արտիստների հասցեին, այնուամենայնիվ, հայկական բալետային դպրոցի մասին աշխարհը դեռեւս լռում է: Ի դեպ, Երեւանի պարարվեստի պետական քոլեջը հիմնվել է 1924թ.:
Ասվածի եւ այլ հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով հանդիպեցինք Ազգային օպերայի եւ բալետի թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի հետ: Ճանաչված խորեոգրաֆը օրերս է վերադարձել ԱՄՆ-ից. նա վարպետության դասեր է անցկացրել Ֆենիքս քաղաքի «Արիզոնա» բալետային դպրոցի, Վաշինգտոնի դպրոցներից մեկի սաների եւ «Վաշինգտոն բալետի» արտիստների հետ:
Հիշեցնենք, որ Խառատյանը աշխարհահռչակ Օլեգ Վինոգրադովի հրավերով 13 տարի առաջ մեկնել է ԱՄՆ եւ աշխատել «Կիրով» ակադեմիայում, ապա «Վաշինգտոն բալետում»՝ որպես դասական պարի գլխավոր մասնագետ ու խորեոգրաֆ, իրականացրել է 5-6 բեմադրություն Բախի, Խաչատրյանի, Պենդերեցկու, Ջոն Քեյջի եւ այլ կոմպոզիտորների երաժշտությամբ: Այդ ընթացքում նա հիմնել է իր ARKA բալետը: 2009թ. վերջինի 10-ամյակը տոնելուց հետո, բալետմայստերը վերադարձավ հայրենիք: Մեր զրուցակիցն ասաց, որ արդեն 2 տարի է, ինչ ARKA-ն ղեկավարում է իր սանը՝ Նյու Յորքի բալետի արտիստների միջազգային մրցույթի արծաթե մեդալակիր Ջոնաթան Ջորդանը: Հավելեց նաեւ, որ իր սաներից հայտնի թատրոններում բեմ են բարձրանում ճանաչված այնպիսի անուններ, ինչպիսիք են Սաշա Ռադեցկին (Նյու Յորքի ABT բալետ), Լիկոլանի Բրաունը (Նյու Յորք Սիթի բալետ), Սոնա Խառատյանը («Վաշինգտոն բալետ»), Բրայան Մալունին (Մեծ Բրիտանիայի թագավորական բալետ), Վիեննայի թատրոնում է աշխատում Ալբերտ Միրզոյանը, Մոնրեալի պարարվեստի քոլեջում դասավանդում է Սամվել Աբրահամյանը եւ այլն: Այս տարվա հոկտեմբերին կլրանա երկու տարին, ինչ Ռ. Խառատյանը հանդիսանում է Ազգային թատրոնի գլխավոր բալետմայստերը: Հետաքրքրությանը, թե այս ընթացքում հնարավոր չէ՞ր մեզ մոտ կազմակերպել, ասենք, «Վաշինգտոն բալետի» հյուրախաղերը կամ հայաստանցի բալետի արտիստների մասնակցությամբ գալա համերգներ՝ դրսում, բալետմայստերն ասաց. «Ինքս աշխարհի բալետային ընտանիքի անդամ եմ: Հայրենիք վերադառնալուս գերնպատակը հայկական բալետը արեւմտյանին ինտեգրելն է եղել: 2010թ. բանակցություններ եմ վարել Նյու Յորքի եւ Վաշինգտոնի թատրոնների հետ, ինչի արդյունքում հնարավոր էր շուրջ 40 արտիստով մեկնել հյուրախաղերի, սակայն ինչ-ինչ պատճառներով չկայացան (չմանրամասնեց- Ս. Դ.)»: Պարոն Խառատյանը քանիցս կրկնեց, որ պետք է ջանալ, որպեսզի արեւմուտքում ճանաչվի, կարգավիճակ ստանա, ինտեգրվի հայկական բալետը, ոչ թե մի քանի հայ արտիստներ, որոնք ինտեգրվել են տարբեր մշակույթների:
Հետաքրքրվեցինք, թե խառատյանական 5 բեմադրություններից հետո առաջիկայում ի՞նչ պրեմիերա է սպասվում: «Հաջորդ բեմադրությունը կլինի Ավետ Տերտերյանի 6-րդ սիմֆոնիայի երաժշտության ներքո»,- ասաց Ռ. Խառատյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել