Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻԲԻԱՅԻ ՀԱՐՑՈՒՄ ՆԱՏՕ-ՈՒՄ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ

Հունիս 24,2011 00:00

\"\"Իտալիան առաջարկել է դադարեցնել Լիբիայում իրականացվող ռազմական գործողությունները, բայց նրա կոչը դիմադրության է արժանացել Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից, ինչը վկայում է արեւմտյան ռազմական կոալիցիայում նկատվող ճաքերի մասին: Reuters-ի փոխանցմամբ, այս շաբաթ ՆԱՏՕ-ն առաջին անգամ խոստովանեց, որ իր ռմբահարումների արդյունքում կարող են սպանված լինել խաղաղ լիբիացիներ: Այդ հայտարարությունը կարող է հանգեցնել այն բանին, որ ՄԱԿ-ի թույլտվությամբ իրականացվող լիբիական գործողությունների կողմնակիցները վերանայեն իրենց դիրքորոշումը: «Կրակի դադարեցման անհրաժեշտությունը մեծանում է»,- հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Ֆրանկո Ֆրատտինին՝ հավելելով, որ բացի «քաղաքական երկխոսության ուղղությամբ կատարված, որպես առաջին քայլ, ռազմական գործողությունները դադարեցնելը ծայր աստիճան կարեւոր է նաեւ մարդասիրական օգնություն իրականացնելը հնարավոր դարձնելու համար»:
Ավելի ուշ իտալական ԱԳՆ մամուլի խոսնակը հստակեցրել է, որ Հռոմը հանդես չի գալիս որեւէ կոնկրետ առաջարկով, այլ միայն փորձում է հնարավոր ամեն ինչ անել խաղաղ բնակչության շրջանում զոհերը բացառելու համար: Իտալիայից հնչած այս մեկնաբանություններին արագորեն արձագանքել են ՆԱՏՕ-ի դաշնակիցները: «Մենք պետք է մեծացնենք ճնշումը Քադդաֆիի վրա: Մեր գործողություններում ցանկացած դադար ռիսկ է պարունակում եւ կարող է նպաստել Քադդաֆիի կողմից ժամանակ շահելուն եւ վերակազմակերպվելուն»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Բերնար Վալերոն: Այս դիտարկմանը համաձայնել է նաեւ Լոնդոնը: «Մեր դիրքորոշումն այն է, որ ամեն ինչ Քադդաֆիի ձեռքում է: Նա մի քանի անգամ կրակը դադարեցնելու կոչ արեց, բայց ոչ մի անգամ դա տեղի չունեցավ»,- հայտարարել է բրիտանացի վարչապետ Դեւիդ Քեմերոնը՝ հավելելով, թե տվյալ պահին ամենաճիշտ մոտեցումը Քադդաֆիի վրա ճնշումը մեծացնելն է:
Լիբիական հարցում իր շեշտադրումը փոխել է նաեւ Չինաստանը: Այդ երկրի ԱԳ նախարար Յան Ցզեչին հաճոյախոսել է լիբիական ընդդիմության կառավարության՝ Ազգային անցումային խորհրդի հասցեին, այն որակելով որպես «երկխոսության համար կարեւոր գործընկեր», որը դարձել է ծանրակշիռ քաղաքական ուժ:
Լիբիային առնչվող մեկ այլ տեղեկության համաձայն, որը փոխանցում է news.am-ը, Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆին մեղադրել է ՆԱՏՕ-ի ավիացիային՝ իր օգնականի ընտանիքի անդամների սպանության մեջ, հաղորդում է Լիբիայի պետական հեռուստատեսությունը: «Դուք ասում եք, որ ճիշտ եք խոցել թիրախները: Դուք մարդասպաններ եք: Մի օր մենք ձեզ կպատասխանենք նույն կերպ, եւ ձեր տներն ու երեխաները կարող են դառնալ մեր օրինական թիրախները»,- ասել է նա: Քադդաֆին հանցագործ եւ բարբարոս է անվանել օդաչուներին, ովքեր ավիահարվածներ են հասցրել Տրիպոլիի մերձակայքում գտնվող Սուրման քաղաքը գնդակոծած օդաչուներին: Նրա ասելով, իր զորքերը մինչեւ վերջին շունչը պայքարելու են օտարերկրացիների դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել