Հունիսի 22-ի երեկոյան Բելառուսի ողջ տարածքում տեղի են ունեցել այդ երկրի իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության դեմ բողոքի՝ «Հեղափոխություն՝ սոցիալական ցանցի միջոցով» անունը կրող «լուռ» ակցիաներ, որոնց մասնակիցներից 450-ը ձերբակալվել է: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, այդ մասին հայտարարել է բելառուսական «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպությունը: Միայն Մինսկում ցույցի ցրելու ընթացքում ոստիկանները կալանավորել են ակցիայի շուրջ 200 մասնակիցների:
Իրավապաշտպան Հելսինկյան կոմիտեի ներկայացուցչի մատուցմամբ, բելառուսական հատուկ ջոկատայինները ցուցարարների նկատմամբ առավել քան դաժան են եղել. ձերբակալվածները «դաժանաբար ծեծվել են»: Ձերբակալվածների թվում է նաեւ Հելսինկյան կոմիտեի իրավապաշտպան Իլյա Պետրովեցը, որը կարողացել է բջջային հեռախոսով նկարել ծեծի փաստն արձանագրող կադրեր եւ հրապարակել դրանք: Լուսանկարներից մեկում երեւում է հենց իր՝ իրավապաշտպանի ջարդված ու արյունոտ դեմքը:
Բելառուսի իրավապահները ձերբակալել են նաեւ լրագրողների, այդ թվում՝ «Ազատություն» ռ/կ-ի ներկայացուցիչ Օլեգ Գրուզդիլովիչին, «Ինտերֆաքսի» լրագրող Ռուսլան Ռինդեւիչին: Խոսվում է նաեւ 19 ձերբակալված ու ծեծի ենթարկված լրագրողներին մասին: Ավելի ուշ ոստիկանությունը հաղորդել է լրագրողներին ազատ արձակելու մասին: Ոստիկանական գործողությունից հետո Ալեքսանդր Լուկաշենկոն ակցիան անվանել է՝ «ինչ-որ լռության, թե՝ բառաչի» («то ли молчания, то ли мычания»), եւ խոստացել, որ ցուցարարության որեւէ փորձ դաժանորեն կկանխվի: