Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԲԱՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ ԶՈՐՔԵՐԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հունիս 24,2011 00:00

\"\"ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է ամերիկյան զորքերը Աֆղանստանից դուրս բերելու մասին՝ առաջին քայլն անելով երկարատեւ ու թանկարժեք պատերազմն ավարտելու ուղղությամբ: Reuters-ի մատուցմամբ, Օբաման ասել է, թե մինչեւ տարեվերջ տուն կվերադառնա 10 հազար զինվոր, ապա՝ մինչեւ հաջորդ տարվա ամառ եւս 32 հազար, եւ հետո աստիճանաբար Աֆղանստանից դուրս կբերվեն նաեւ մնացած ստորաբաժանումները:
Հանդես գալով հեռուստատեսությամբ, նա գոհունակություն է հայտնել, որ իրավիճակը Աֆղանստանում կարգավորվում է՝ խոստանալով վերջ դնել տասնամյա ավանտյուրային, որը սկսվել էր 2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի դեմ կատարված հարձակումից հետո, եւ կենտրոնանալ ներքին տնտեսության վերականգնման վրա: «Ամերիկա, ժամանակն է ուշադրությունը կենտրոնացնել մեր տանը ազգ ձեւավորելու վրա»,- հայտարարել է Օբաման:
Աֆղանստանում «Թալիբան» շարժմանը իշխանությունից հեռացնելուց 10 տարի անց, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերը չկարողացան վերջնականապես ոչնչացնել այդ ծայրահեղական խմբավորումը: Աֆղանստանի կառավարությունը նախկինի նման թույլ է, երկրում կոռուպցիայի մակարդակը՝ բարձր, իսկ օգնության համար արտերկրից ստացվող միլիարդավոր դոլարները նկատելի արդյունքներ չտվեցին:
Աղբյուրի մատուցմամբ, Օբամայի՝ Աֆղանստանում ԱՄՆ ռազմական ներկայությունը կրճատելու մասին որոշումն ավելի կտրուկ էր, քան՝ շատերը սպասում էին: Այն արտացոլում է այն ճնշումների աճը, որ կա նախագահի վրա՝ պետական ծախսերը կրճատելու եւ ամերիկացի զինվորականների սպանությունները կանգնեցնելու, բայց միաժամանակ նաեւ ծայրահեղականների հարձակումների սպառնալիքը սահմանափակելու ուղղությամբ: Աֆղանստանի կառավարությունը ողջունել է ԱՄՆ նախագահի այդ հայտարարությունը՝ հավաստիացնելով, որ ինքն ի վիճակի է ինքնուրույն դիմակայել երկրի առաջ ծառացած մարտահրավերներին:
Այլ աղբյուրներ Աֆղանստանից հաղորդում են, թե երկրում ձեւավորվել է հատուկ տրիբունալ, որն անցած տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու գործընթաց է սկսել:
Քաբուլում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տրիբունալի ղեկավարը հրապարակել է այն նահանգների ցանկը, որտեղ քվեաթերթիկների վերահաշվարկ է անցկացվել: Հիշեցնենք, որ հատուկ տրիբունալը ձեւավորվել էր նախագահ Համիդ Քարզայի հրամանագրով՝ անցած տարվա սեպտեմբերին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ բազմաթիվ օրինախախտումների մասին ստացված տեղեկությունների ֆոնին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել