Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՇԱԾ ԳՈՐՏԻՑ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հունիս 24,2011 00:00

Հայաստանի Ֆրանսիական համալսարանի նախկին ուսանող Սոկրատ Մխիթարյանը երեկ նամակ է ուղարկել ԶԼՄ-ներին, որտեղ համալսարանում տիրող իրավիճակը բնորոշել է կառավարման ոլորտում հայտնի «Խաշած գորտի սինդրոմով» (syndrome de Grenouille ռbouillantռe). «Երբ գորտը դնում են կաթսայի մեջ եւ ջուրը աստիճանաբար տաքացնում, գորտը չի նկատում ջրի տաքանալն ու վերջում սատկում է: Իսկ երբ գորտին նետում են տաք ջրի մեջ, նա միանգամից զգում է ջրի ջերմաստիճանը եւ իսկույն ցատկում կաթսայից: Ցավոք, մեր համալսարանի աշխատակիցները, հանդիսանալով աստիճանաբար վատթարացող համակարգի մի օղակ, չեն նկատում այդ համակարգի աստիճանական վատթարացումը: Համակարգում վերացել են այն կառույցները, օրինակ՝ գիտխորհուրդը, որոնք կարող էին սթափեցնող լծակի դեր խաղալ եւ շտկել իրավիճակը»: Նրա կարծիքով, Ֆրանսիական համալսարանը չունի այն հստակ «բիզնես» մոդելը, որով պետք է դիրքավորվի շուկայում եւ ապահովի իր զարգացումը, առաջնորդվում է ինտուիտիվ կառավարման մեթոդով, առանց հստակ ռազմավարության մշակման եւ դրա իրականացման: «Արդյո՞ք անհրաժեշտ էր ագրեսիվ տրամադրվել ուսանողների բիզնես նախաձեռնությունների դեմ եւ ցանկացած գնով փորձել խոչընդոտել դրանք: Ավելի խելամիտ չէ՞ր լինի սատարել այդ խմբին՝ հաջողության հասնելու գործում: Արդյո՞ք ներկայիս վարչակազմը չի գիտակցում, որ համալսարանին հաջողություն եւ պատիվ բերողը նրա շրջանավարտներն են: Կրթօջախի ուսանողի հաջողությունը նաեւ կրթօջախինն է, եւ այս համատեքստում կարծում եմ, որ համալսարանի դիրքորոշումը, մեղմ ասած, ճիշտ չէ եւ փոքր-ինչ հեռատես լինելու պարագայում նույնիսկ հակասում է նրա իսկ շահերին: Ինտուիտիվ կառավարման արգասիք է նաեւ այն խնդիրների առաջացումը, որոնք հստակ նշված էին դասախոսների եւ տիկին Բախշյանի նամակներում»,- գրում է Մխիթարյանը: Նա նաեւ Ֆրանսիական համալսարանի շրջանավարտ, ներկայիս պրոռեկտոր Նավոյանին հրավիրում է հրապարակային բանավեճի՝ քննարկելու համալսարանի խնդիրները եւ իրավիճակից ելքի ուղիներ գտնելու հնարավորությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել