Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուսանողության ձայնը»՝ ուսանողների համար

Հունիս 24,2011 00:00

Ինչպե՞ս կրթության պատասխանատուներին հասցնել խնդիրները

\"\"

Համաձայն ՀՀ «Կրթության մասին» օրենքի՝ բուհի կառավարման մարմիններում առնվազն 25%-ը պետք է կազմեն ուսանողները: Այդ ամենի նպատակը ուսանողներին ուսումնական գործընթացի անմիջական մասնակիցը դարձնելն է, սակայն ուսանողակենտրոն մոտեցումը երբեմն ճիշտ չի ընկալվում ուսանողների եւ դասախոսների կողմից եւ հաճախ ուսանող-դասախոս ընդհարումների պատճառ է դառնում: Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանի ներկայացմամբ, դասախոսը պետք է ուսանողին առաջին օրվանից ասի, թե ելքն ինչպիսին պիտի լինի, որպեսզի ուսանողը հասկանա, թե ինչ են իրենից սպասում: Պարոն Թոփչյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ամբողջ աշխարհում հաշվեկշռի բերելու խնդիր կա՝ ինչքա՞ն պետք է լինի գիտելիք եւ ինչքան՝ կարողություն. «Մենք այսօր ոչ թե փիլիսոփաներ, այլ «կիրառական» մարդիկ ենք պատրաստում»: Ըստ Ռ. Թոփչյանի, արեւմտյան երկրներում կրթական համակարգը ստեղծում են ներքեւից վերեւ, այսինքն՝ ուսանողներն իրենց հստակ դիրքորոշումն ունեն այս կամ այն հարցի վերաբերյալ. «Եթե ուսանողների կարծիքը ճշտելու համար դիմենք ուսխորհրդին, ապա օբյեկտիվ պատասխան չենք ստանա, որովհետեւ հաճախ ուսխորհուրդը քաղաքականացված է, դրա համար էլ որոշեցինք ստեղծել մի օրգան, որը ապաքաղաքականացված լինի եւ արտահայտի ուսանողների կարծիքը»: ՈԱԱԿ-ի աջակցությամբ ստեղծվել է «Ուսանողության ձայն» աշխատանքային թիմը, որում ընդգրկված սոցիոլոգները հետազոտությունների, ֆոկուս խմբերի եւ խմբային քննարկումների արդյունքում կբացահայտեն ուսանողների իրական խնդիրները: «Ուսանողության ձայն» աշխատանքային թիմի անդամ Տաթեւ Սարգսյանը «Առավոտին» ասաց, որ իրենց նպատակն է համախմբել Հայաստանի ուսանողներին, բարձրաձայնել ուսանողների խնդիրները կրթության ոլորտում: «Ուսանողության ձայնը» փաստում է, որ ուսանողները իրազեկված չեն իրենց իրավունքներից, պարտականություններից: Առաջիկայում կստեղծվի «Ուսանողության ձայնի» խորհուրդը, որի կողմից վեր հանած խնդիրները սոցիոլոգները կհետազոտեն եւ կներկայացնեն կրթության ոլորտի պատասխանատուներին: ՈԱԱԿ-ի փորձագետ Լիլիթ Զաքարյանը ուսանողների պասիվությունը պայմանավորում է ներկայիս հասարակությամբ. «Ներքեւից շարժում ստեղծելու համար մենք ունենք լուրջ խնդիր՝ ցածր իրավագիտակցությունը եւ որպես քաղաքացի չդրսեւորվելը: Ինչպե՞ս կարող ենք ուսանողներից ակնկալել բարձր ինքնագիտակցություն եւ ակտիվություն, եթե ամբողջ հասարակությունը ունի «առողջանալու» խնդիր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել