«Սինոփսիս Արմենիան», «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը եւ «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամը (ԵԿՏԱ) երեկ ստորագրեցին համագործակցության համաձայնագիր՝ նպատակ ունենալով խթանելու կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների եւ համակարգերի կրթությունը Հայաստանում: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի հետ արտադրության եւ կրթության համագործակցության «Սինոփսիսի» կրթական մոդելը հաջողված է: Դրա կիրառումը ծրագրին հնարավորություն է տալիս Հայաստանի աշխատուժին տրամադրել արտադրությանը պատրաստ շրջանավարտներ, ովքեր արտադրողականության ցուցաբերման համար օժտված են համապատասխան բավարար գիտելիքներով եւ ունակություններով: Համաձայն «Սինոփսիս Արմենիայի» կողմից իրականացվող կրթական մոդելի՝ բակալավրական ծրագրի երկրորդ կուրսի ավարտին, ընդհանուր կրթական առարկաներից հիմնարար գիտելիքներ ձեռք բերած ԵԿՏԱ տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ ուսանողները մրցութային կարգով կընդգրկվեն ծրագրում: Ընտրությունը կկատարվի «Սինոփսիսի» եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի առաջատար մասնագետների եւ ԵԿՏԱ առաջնակարգ դասախոսների կողմից:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից հատկացված 15 միլիոն դրամի աջակցության շնորհիվ, համաձայնագրի շրջանակներում կվերանորոգվի ԵԿՏԱ-ի կողմից տրամադրված համապատասխան լսարանային տարածքը, կփոխհատուցվեն ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը եւ հավասարեցված այլ վճարները, լսարանը կապահովվի համապատասխան համակարգչային տեխնիկայով: Միջոցառման ընթացքում Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին եւ «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանին շնորհվեց պատվավոր պրոֆեսորի կոչում: