Գյուղապետերը հերքում են
«Առավոտի» տեղեկություններով, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի՝ Կառավարման ակադեմիայում սովորելու վարձը վճարվում է որոշ գյուղերի համայնքային բյուջեից: Եվ բնավ պատճառն այն չէ, որ Նաիրին ընչազուրկ է, նա «Նարեկ» ռեստորանային համալիրի սեփականատերն է, ըստ մամուլի հրապարակումների՝ պատրաստվում է 2012 թ. ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրվել թիվ 15 ընտրատարածքում: Ի դեպ, այստեղ վերստին ընտրվելու ակնկալիքներ ունի իրենց հակառակորդ Խաչիկ Մանուկյանը: Մարզպետի մյուս եղբայրը՝ Խորենը, ադամանդի բիզնեսով է զբաղված Յակուտիայում եւ հաստատ կարող է հարկ եղած դեպքում վճարել Նաիրի Սահակյանի ուսման վարձը: Ըստ մեր աղբյուրի, մարզպետի եղբոր վարձը մեկ անգամ 300000 դրամի չափով վճարել է Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը, մեկ անգամ էլ, մոտ 400000 դրամ վճարել է Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանը: Երբ երկու գյուղապետերին զանգեցինք, պարզելու՝ արդյոք գյուղապետարանի միջոցներից երբեւէ հովանավորե՞լ են ուսանողների, վճարել նրանց ուսման վարձերը, երկուսն էլ դրական պատասխան տվեցին: Ա. Պապիկյանն ասաց. «Ովքեր դիմում են, կարիքներ ունենում են, մենք հոգում ենք, բայց էդպիսի առանձին որոշում չունենք»:
Իսկ վճարե՞լ են երբեւէ Նաիրի Սահակյանի ուսման համար: Հարցը շփոթեցրեց հատկապես Պապիկյանին: «Գյուղապետարանը՝ ոչ»,- կմկմալով ասաց նա: Գուցե ի՞նքն է վճարել՝ հարցին էլ, լռելուց հետո, պատասխանեց. «Դա ուրիշ կարգի խնդիր է, որի պատասխանը ես… Չէ, տենց բան չի եղել…»:
Մեր հարցին՝ մի՞թե բավականացնում են համայնքի սուղ միջոցները, որ նման բարեսիրական քայլերի դիմեն, Գ. Խլղաթյանն էլ կարճ պատասխանեց, ասելով՝ հերիքացնում ենք: Իսկ Ն. Սահակյանի մասին նշեց, թե չի ճանաչում էդպիսի մարդու, իրենց մոտ նման մեկը չի բնակվում:
Դառնալով Ն. Սահակյանին, նշենք, որ նրա պատգամավորական հավակնությունները քանիցս հերքվել են մարզպետ եղբոր կողմից, սակայն, ըստ «168 ժամի», Ն. Սահակյանն արդեն սկսել է իր նախընտրական գործունեությունը՝ առայժմ քողարկված ձեւով իր հիմնադրած «Հայդուկ» կազմակերպության միջոցով:
Հ.Գ. Նաիրի Սահակյանի հետ կապվել չհաջողվեց, պատրաստ ենք տպագրել նրա մեկնաբանությունները նույնպես: