Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը կոռուպցիայի նոր աղբյո՞ւր է ստեղծում

Հունիս 24,2011 00:00

Կաթնային ըմպելիքը, մսային խառնուրդը, մրգային ըմպելիքը եւ պատգամավորական մասսան

Ս.թ. մայիսի 5-ին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել փոփոխություններ եւ լրացումներ կատարել 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1925-ն ՀՀ կառավարության որոշման մեջ, որի համաձայն՝ կստացվի այնպես, որ ազգաբնակչությունը այլեւս չի կարողանա կաթ խմել: Որովհետեւ կխմի միայն կաթնային ըմպելիք: Այդպիսին են կառավարության պահանջները: Համաձայն այդ որոշման, այսուհետեւ, բոլոր այն արտադրանքների վրա, որոնց մեջ, բացի անարատ կաթից, կլինեն այլ բաղադրիչներ՝ չոր կաթ, ջուր եւ այլն, պետք է վաճառվեն բացառապես որպես կաթնային ըմպելիք: Առաջին հայացքից շատ ճիշտ որոշում է. հայրենի կառավարությունը պաշտպանում է սպառողների շահերը: Բայց քանի որ վաղուց բոլորին հայտնի է, որ մեր իշխանությունները Պիզայի աշտարակի բարձրությունից թքած ունեն սպառողի շահերի վրա (Արտակ Շաբոյանի ականջը կանչի), փորձենք պարզել, թե իրականում ո՞ւմ իրավունքներն ու շահերն են ուզում պաշտպանել այս որոշմամբ: Մամուլում արդեն եղել են հրապարակումներ այս որոշման իրական դրդապատճառների մասին, որոնք, ի դեպ, չեն հերքվել, սակայն խնդիրը միայն դրդապատճառները չեն: Խնդիրն ավելի մեծ է, քան մի քանի անձի (թեկուզ եւ պաշտոնատար) բիզնես-շահերը: Մի քանի տարի առաջ նմանատիպ որոշում է ընդունվել Ռուսաստանի Դաշնությունում: Արդյունքում այնտեղ այսօր բոլորը խմում են «թարմ» կաթ: Որովհետեւ ոչ մի արտադրող այլեւս տուփերի վրա չի մակնշում, որ տվյալ արտադրանքի մեջ կան չոր կաթ կամ այլ հավելումներ: Հակառակ պարագայում ստիպված կլինի տուփի վրա գրել ոչ թե «Կաթ», այլ «Կաթնային ըմպելիք»: Առանձնապես մեծ գիտելիքներ հարկավոր չեն, որպեսզի պարզ դառնա, որ հնարավոր չէ տարվա բոլոր եղանակներին ապահովել այդքան անարատ կաթ: Պարզապես այս որոշումով՝ կոռուպցիայի դեմ պայքարող մեր հայրենի կառավարությունը կոռուպցիայի նոր աղբյուր է ստեղծում: Եվ առնվազն տարօրինակ է, որ այս որոշումը, սննդամթերքի բազմազանության մեջ, վերաբերում է միայն կաթին: Օրինակ, ինչո՞ւ այս որոշման մեջ ոչ մի խոսք չկա երշիկների եւ այլ մսամթերքների մասին, որոնց մեծ մասը, ոչ թե երշիկ, նրբերշիկ կամ ապխտած միս է, այլ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից սառեցման եղանակով պահպանված մասսա, որին խառնում են տարբեր համեմունքներ եւ կարմիր կամ վարդագույն ներկ (եթե սպառողի բախտը բերում է՝ ներկը սննդային է լինում), որից հետո այն վաճառում է վերոնշյալ անվանումների ներքո: Ըստ այդ որոշման տրամաբանության, այդ երշիկներն ու նրբերշիկները պետք է կոչվեն մսային խառնուրդ: Ավելի հետաքրքիր օրինակներ էլ կան: Խոսքը, այսպես կոչված, բնական հյութերի մասին է: Հասկանալի է, որ բնական հյութը միայն թարմ պատրաստած հյութն է: Իսկ տետրոպակերով կամ այլ տարաներով վաճառվող տեղական եւ «իմպորտնի 100%-անոց հյութերը» ոչ այլ ինչ են, քան ջրով բացված կոնսերվանտներ: Իմիջիայլոց, այս պարագայում եւս ներկերի պակասություն չի զգացվում: Փորձի համար, մեր գյուղնախարարության բարձրաստիճան պաշտոնյաները կարող են վերցնել մեկ բաժակ ամառային կամ տարվա այլ եղանակային հյութերի տեսականուց որեւէ մեկը եւ շուռ տալ այն սեղանի վրա: Մի քանի ժամ հետո սեղանը կունենա հյութի գույնը: Այդ դեպքում ով կարող է բացատրել, թե ինչու այդ բաղադրությունը չի կոչվում մրգային կամ գուաշային ըմպելիք, այլ կոչվում է «100%-անոց հյութ»: Իսկ եթե այս երեւույթն ավելի խորը ուսումնասիրենք, ապա հստակ կարելի է ասել, որ մենք ոչ թե Ազգային ժողով ունենք, այլ՝ պատգամավորական մասսա, ոչ թե կենսաթոշակային հիմնադրամ է, այլ մեռած հոգիների «սերվիս», ոչ թե ԴԱՀԿ, այլ «Քեթրիննոց»: Իսկ Գյումրիում էլ ոչ թե տեխնոպարկ կկառուցվի, որը, իբրեւ թե, արդեն գործում է, այլ «ՏեխնոԶՈՆ»: Դե ԶՈՆ նայողին էլ բոլորը գիտեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել