ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի եւ Վրաստանի ԿԳ նախարար Դիմիտրի Շաշկինիի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Քութայիսի քաղաքի Զ. Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցում մեկնարկել են Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացները: 32-ժամյա վերապատրաստման դասընթացները, որոնք իրականացնում է ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի աշխատանքային խումբը, նախատեսված են հայոց պատմություն, հայոց լեզու, գրականություն առարկաների եւ տարրական դպրոցում դասավանդող ուսուցիչների համար: Դասընթացներին մասնակցում է Ախալքալաքի, Ախալցխայի եւ Թբիլիսիի հայկական դպրոցների 92 ուսուցիչ: Վերապատրաստման դասընթացներն առաջին անգամ կազմակերպվել են 2010 թվականին, որին մասնակցել է Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ասպինձայի, Բորժոմիի, Մառնեուլի, Թբիլիսիի եւ Ախալցխայի 100 ուսուցիչ: Վերապատրաստման դասընթացներն իրականացվում են երկու կողմերի համաֆինանսավորմամբ: