Հունիսի 4-ի «Դրամահավաք՝ մանկապարտեզներում» հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ Կապանի մանկապարտեզներում երեխաներից պարբերաբար գումարներ են հավաքում, որն էլ հարուցել էր ծնողների դժգոհությունը: Հոդվածի հրապարակումից հետո խնդիրը Կապանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է հայտնվել:
Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանի հանձնարարականով՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախակրթարաններում ստուգումներ են սկսվել: Մանկապարտեզների վարիչները նկատողություն են ստացել եւ նրանց արգելվել է նույնիսկ չնչին գումարներ հավաքել երեխաներից: Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, կրկին գումար են հավաքել: Հոդվածի հետքերով այժմ մանրամասն ուսումնասիրությունները շարունակվում են այս հաստատություններում՝ չխրախուսվող դրամահավաքության դեպքերը բացահայտելու համար:
Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ քաղաքապետարանը մտադիր է էլի պատժամիջոցներ կիրառել՝ խիստ նկատողություններից մինչեւ պաշտոնազրկումներ:
Մինչ քաղաքապետարանում հակված են հնարավորինս շուտ ճշտել ու բացահայտել երեւույթը, Կապանի բոլոր մանկապարտեզների վարիչները քաղաքապետարան ներկայացրած իրենց արձանագրություններում ժխտում են դրամահավաքության փաստը:
Կապանի մանկապարտեզներում այս օրերին տեսչական ստուգումներ է անցկացնում նաեւ կրթության եւ գիտության նախարարությունը: