Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈ ԴԵ ԶԶՎԵՑՐԻՔ, ԷԼԻ…

Հունիս 24,2011 00:00

Դատելով մեր կառավարիչների քայլերից, նրանք պարապ մնալիս որոշում են զբոսաշրջություն զարգացնել եւ վստահ են,  որ մեղր ասելով՝ բերանը կքաղցրանա:

\"\"

Հունիսի 9-ին ՀՀ կառավարությունը Սյունիքի մարզի Գորիս քաղաքը հայտարարեց զբոսաշրջային կենտրոն: Հրաշալի է: Դրանից առաջ՝ 2010 թվականի սեպտեմբերի 9-ին նույն կառավարությունը հաստատել էր Սյունիքին հարեւան Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Պասկեւիչի կամրջին հարակից տարածքում ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիր ստեղծելու ծրագիրը: Դրանից առաջ՝ 2009-ի հուլիսի 23-ին կառավարությունը որոշել էր Կոտայքի մարզի Գողթ գյուղում համանման ագրոզբոսաշրջային կենտրոն ստեղծել: Դրանից առաջ՝ 2008 թվականի սեպտեմբերի 18-ին նույն կառավարությունը Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքն էր զբոսաշրջային կենտրոն հայտարարել: Այս ամենի արանքում Տավուշի մարզի Դիլիջան քաղաքը պետք է դառնար ֆինանսաբանկային կենտրոն, Շիրակի մարզի Գյումրի քաղաքը՝ տեխնոպարկ եւ այսպես շարունակ: Բայց երբ հայացքդ կտրում ես կառավարության գրած սիրուն տեքստերից ու նայում ես դատարկվող գյուղերին եւ քաղաքներին, հիշում ես հայտնի ֆիլմի հայտնի հերոսի խոսքը. «ոչ մի լավ գործ չի կարող ուղեկցվել ստով եւ կեղծիքով»: Իսկ կառավարության սիրուն տեքստերում իրականությունից շատ քիչ բան կա, գեղեցիկ, գրավիչ ու պայծառ ապագա խոստացող ծրագրերը չունեն իրական հիմք, ունեն թղթի վրա մնալու բոլոր հիմքերը, դեռ մի բան էլ ավելի:
Ջերմուկի ծրագիրը մշակել է էկոնոմիկայի նախարարությունը, Վայքի ծրագիրը՝ քաղաքաշինության, իսկ Գորիսի ծրագիրը՝ մշակույթի նախարարությունը: Ստացվում է, որ մեր կառավարությունում ով ինչ ծրագիր ուզի՝ կմշակի, սիրուն-սիրուն բառեր կգրի, ու կառավարությունն էլ կհաստատի դա: Ասենք՝ սպորտի նախարարությունը կարող է զբաղվել գյուղատնտեսությամբ, բնապահպանության նախարարությունը՝ սպորտով, իսկ կրթության եւ գիտության նախարարությունը՝ դատաիրավական բարեփոխումներով: Ըստ ծրագրերի:
Մինչեւ 1012 թվական Ջերմուկը պետք է դառնա «միջազգային չափանիշներին համապատասխանող, տարվա չորս եղանակի զբոսաշրջային կենտրոն, առողջարանային եւ ձմեռային զբոսաշրջային կենտրոն, շախմատի միջազգային մրցաշարերի կազմակերպման կենտրոն, համահայկական, ինչպես նաեւ միջազգային մանկապատանեկան եւ երիտասարդական ճամբարատեղի, մշակութային զբոսաշրջության կենտրոն, ունենա տարեկան 100 հազար զբոսաշրջային այցելություն եւ դրանից տարեկան 100 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի եկամուտ…»:
2012 թվականի գալստյանը մնացել է վեց ամիս: Ջերմուկի փողոցներն ու բակերը առաջվա նման քարուքանդ են, Ջերմուկի կենտրոնում գտնվող այգին՝ շարունակում է վերածվել ճահճի, հանրապետական պատգամավոր Աշոտ Արսենյանը շարունակում է իրեն Ջերմուկի շեյխիկ երեւակայել: Եթե այս ամենը կարելի է վերացնել, ներդրումներ ապահովել ու Ջերմուկը զբոսաշրջային կենտրոն սարքել ընդամենը վեց ամսում՝ ուրեմն մեր կառավարությունը աշխարհի ամենաարագ կառավարությունն է: Բայց 2008-ին Ջերմուկը զբոսաշրջային կենտրոն հայտարարելուց հետո բան չարած կամ գրեթե բան չարած կառավարությունը դժվար թե վերջին վեց ամսում մի բան անի: Ուրեմն՝ Ջերմուկը զբոսաշրջային կենտրոն է հայտարարվել ձեւի համար, կառավարության որոշումը գեղեցիկ բառերի շարան է եւ միայն:
Էլ ավելի վատ է Վայքի վիճակը: «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային համայնքի Պասկեւիչի կամրջի հարակից տարածքում ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիրի (տան) ստեղծման ծրագրի» մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ասել է, թե այսօրինակ ծրագրերում կմեկտեղվեն մասնավորի եւ պետության հնարավորությունները, ծրագրերից էլ լավ արդյունքներ են ակնկալվում: Վայքեցիներից շատ ակնկալիքներ հաստատ ոչ ոք չունի: Սակայն ծրագրում, ի տարբերություն Ջերմուկի վերաբերյալ ծրագրի, Վայքի մասով ժամկետներ նշված չեն, Ջերմուկի ծրագրի նման խոստանում են ներդրումներ ապահովել եւ միայն: Այստեղ չի կարելի ասել ժամկետը վերջանում է՝ բան չեք արել, բայց փաստ է, որ Վայքի ծրագրի ընդունումից 8-9 ամիս անց էական, շոշափելի, տեսանելի բան չի արվել: Հարկատուներիս փողերից աշխատավարձ ստացող կառավարիչները հարկատուներիս չեն էլ ասում, թե ինչու բան չեն անում: Երեւի իրենք էլ են հասկանում իրենց իսկ մշակած ծրագրի անիրական լինելը: Օրինակ, ՀՀ արդարադատության նախարարությունը ծրագրի վերաբերյալ կարծիք է ներկայացրել, ըստ որի՝ «ծրագիրը առանձին ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց կողմից իրականացվող ծրագիր է, որին ՀՀ կառավարությունն իրավասու չէ միջամտել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն»: Ծրագրի հեղինակ քաղաքաշինության նախարարությունն էլ հակադարձել է, թե «ծրագիրը իրականացվելու է հյուրատնային համալիրի շինարարության համար նախատեսված հողամասը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարված աճուրդում հաղթող ճանաչված եւ սեփականության իրավունքով ձեռք բերած կառուցապատողի միջոցներով»: Բայց մրցույթներ չեն եղել ու չկան: Ուրեմն Վայքի ծրագիրն էլ Ջերմուկի նման հայտարարվել է ձեւի համար, կառավարության որոշումը գեղեցիկ բառերի շարան է եւ միայն:
Գորիսեցիների աչքը մտնելու համար ընդունված ծրագրում ժամկետ սահմանված է. մինչեւ 2016 թվականը: Մինչեւ սեպտեմբեր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պետք է ներկայացնի ծրագրի ֆինանսավորման աղբյուրները: Դատելով նման նախկին ծրագրերից, դժվար չէ հասկանալ, թե ինչ կգրեն այս մի սիրուն թղթի վրա: Մոտավորապես այսպես՝ ներդրողներ, միջազգային չափանիշներին համապատասխանող կենտրոն, հարյուրավոր միլիոն դոլարներ եկամուտ եւ այլն, եւ այլն, եւ այլն:
Գորիսի մասին ծրագրում մի ճիշտ կետ կա: Ըստ ծրագրի, Գորիսը արկածային զբոսաշրջության կենտրոն է լինելու: Սյունիքի գորիսեցի մարզպետի ու նրա հարազատների այսօրվա պահվածքի պարագայում ցանկացած զբոսաշրջիկ կարող է իր կամքից անկախ անմոռանալի արկածներ ունենալ: Իսկ մինչ այդ, Գորիսի փողոցները չեն լուսավորվում, գյուղերն էլ դատարկվում են, մարդիկ գնում են այլ երկրներ՝ պարզապես ապրելու, հեռու լինելու անցանկալի արկածներից եւ գեղեցիկ բառակույտերից: Այսօր մեր գյուղը կամ քաղաքը գրավիչ չէ տեղացու համար, ուր մնաց՝ եկողի, ուրեմն Գորիսի ծրագիրն էլ է հայտարարվել ձեւի համար, կառավարության որոշումը գեղեցիկ բառերի շարան է եւ միայն:
Լացելու աստիճանի տխուր է, բայց մարզերում ծրագրերի համար փող չունեցող եւ փող հայթայթելու համար մատը մատին չխփող կառավարությունը Զորի Բալայանի անձնական կարիքների համար պետական բյուջեից 137 միլիոն դրամ եւ պետական հողերից Սեւանի ափին 1,3 հեկտար հող գտավ, Ռոբերտ Քոչարյանի անձնական հաճույքների համար առաջին տարին չէ, որ վինդսերֆինգի համար մի քանի տասնյակ միլիոն է ճարվում հարկատուներիս հաշվին, ռուսական ռազմաբազաների ծախսերի համար էլ փող կա: Մխիթարվե՞նք, որ, ասենք, Ռոբերտ Քոչարյանը Տանզանիա է գնում ոչ մեր հաշվին: Բայց մեկ է՝ իրենց հաշվին ու պարտքով Հայաստանը առհավետ լքողներն են շատանում: Ու Լաս Վեգաս, ուր չկա ոչինչ փողից ու լույսից բացի, խոստացող կառավարությունը մի օր կտեսնի, որ Հայաստանում չկա ոչինչ՝ դատարկ բնակավայրերից ու գեղեցիկ բառակույտ-ծրագրերից բացի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել