Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շչուկինան դիմեց վերաքննիչ

Հունիս 24,2011 00:00

\"\"Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 18-ի վճռի դեմ երեկ ՀՀ վերաքննիչ դատարան բողոք է բերել Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ Վերա Շչուկինան:
Ընդհանուր իրավասության դատարանը քննել էր Վ. Շչուկինայի հայցը՝ Հայաստան Շահնազարյանի, «Անելիքբանկի», Նոր Նորքի նոտար Գայանե Ենգիբարյանի, ՀՀ ֆինանսների նախարարության դեմ եւ մերժել էր այն:
Առողջության վատթարացման հետ կապված՝ բժիշկները Շչուկինային հաշված օրեր են տալիս: Գտնվելով այդ վիճակում, չունենալով ազգականներ, նա բնակարանը հանձնում է Հայաստանին, որպեսզի իր առողջության հետ կապված հարցերը լուծի:
Շչուկինան դուրս է գրվում հիվանդանոցից: Գալով տուն, տեսնում է՝ շինարարական աղբ, կոսմետիկ նորոգումներ:
Հետագայում պարզվում է, որ Շչուկինան, որի հայերենի իմացությունն առանձին թեմա դարձավ դատարանում, պայմանագրի տակ է ստորագրել, իսկ Հայաստանն էլ հիփոթեքային վարկ է վերցրել 3 100 000 դրամի չափով: Վ. Շչուկինայի ներկայացուցիչ Խաչիկ Մորոզյանն ասում է, որ իր վստահորդը գտնվել է էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ, իսկ այդ պայմաններում կնքված գործարքը, համաձայն Քաղօրի 312 հոդվածի 1-ին կետի, անվավեր պետք է ճանաչվի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ առաջին ատյանի դատարանն այս գործով հեռուն գնաց՝ հաշմանդամ, հիվանդ կնոջը «ցմահ բնակվելու» իրավունք տվեց իր իսկ բնակարանում:
Առաջին ատյանի դատարանում այդպես էլ պարզ չդարձավ, թե նշված գումարը, ի վերջո, ով է տնօրինել: Դատարան էին ներկայացվել ձայնագրություններ, որն ուղարկվեց նաեւ «Փորձաքննությունների ազգային բյուրո»: Այնտեղ պարզ հասկացվում է, որ Վերան իր բնակարանը չի վաճառել, չի օտարել Հայաստան Շահնազարյանին, եւ որ նշված 3 մլն 100 000 գումարն էլ չի ստացել:
Վերաքննիչ դատարանից Վ. Շչուկինան պահանջում է բեկանել գործը եւ այն ուղարկել նոր քննության: Բողոքաբերը խնդրել էր նաեւ հետաձգել պետտուրքի վճարումը, քանի որ գտնվում է ֆինանսական վատ վիճակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել