Նա էլ փորձում է հնարավորինս շուտ այս «շառ» պատմությունից դուրս գալ
Արդեն քանի ամիս է՝ Հատուկ քննչական ծառայությունը քննում է «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանի եւ նրա գործընկեր Լուսաբեկ Սամվելյանի կողմից խարդախությամբ մի շարք քաղաքացիներից առանձնապես խոշոր չափի գույք հափշտակելու վերաբերյալ գործը: Մի քանի տասնյակ ընտանիքներ նորակառույց շենքում բնակարան ունենալու համար հազարավոր դոլարներ են վճարել, սակայն հետո, չգիտես ինչ-ինչ ապօրինի ճանապարհներով այդ բնակարանները գրանցվել են այլ՝ հայտնի մարդկանց անուններով, որոնց թվում են ոստիկաններ, կադաստրի եւ հարկայինի աշխատակիցներ, պատգամավորներ: Այս գործի շրջանակներում օրերս ձերբակալվեց «Էսկո» կոնցեռնի նախագահ Սարգիս Աղաբեկյանը: Նա, ըստ մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերի, բավականին մատչելի գներով բնակարաններ էր ձեռք բերել «Նորաշեն- 2007» կոոպերատիվից եւ դրանք ձեւակերպել ոչ թե «Էսկո» կոնցեռնի, այլ՝ իր հարազատների անուններով: Եթե իրավապահ մարմինները «ուշադիր» զննեն այդ շենքի բնակարանատերերի ցուցակը, ապա կտեսնեն, որ Գ. Չաուշի 14/3 շենքից մոտ 15-16 բնակարան ձեւակերպված է պարոն Աղաբեկյանի մոր՝ Սիմա Ղուկասյանի անունով, մոտ 7-8 բնակարան էլ գնել է Սարգիս Աղաբեկյանի եղբայրը՝ Սուրեն Աղաբեկյանը: Ի դեպ՝ պարոն Աղաբեկյանի հարազատների անուններով ձեւակերպված բնակարանները ձեռք են բերվել շուկայականից 3-4 անգամ ցածր գներով: Ըստ առուվաճառքի պայմանագրի՝ 1 քմ-ի համար վճարելով մոտ $160: Տեղեկացանք, որ բանակցությունների արդյունքում մի քանի բնակչի հաջողվել էր «Էսկոյի» տնօրենից հետ վերցնել իրենց բնակարանները, սակայն այդ քաղաքացիները ստիպված են եղել 1 քմ-ի համար նորից վճարել $320, որպեսզի նախկինում վճարած գումարներն էլ չկորցնեն: Այս գործարքներն էլ ձեւակերպվել են որպես նվիրատվություն այդ բնակիչներին, ինչն էլ ակնհայտորեն հարկերից խուսափելու միջոց է: Քանի որ, եթե միեւնույն ֆիզիկական անձը տարվա ընթացքում մի քանի բնակարան է գնում-վաճառում, պարտավոր է վճարել ԱԱՀ:
Մեր տեղեկություններով, այս օրերին, բացի կոոպերատիվի տերերից ու Ս. Աղաբեկյանից, այս գործի շրջանակներում այլ «տոկոսչիներ» նույնպես ձերբակալվել են, որոնք բնակարանների դիմաց «Նորաշեն-2007»-ի տերերին տոկոսով գումարն են տված եղել: Այս պատմության մեջ ՀՀ բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաների անուններ էլ են շրջանառվում, որոնք, ըստ էության, նույն դերակատարությունն են ունեցել, ինչում կասկածվում է Սարգիս Աղաբեկյանը: Նրանցից մեկն էլ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինն է՝ Դավիթ Բեգլարյանը: Պարոն Բեգլարյանը, որն այդ շենքից միանգամից 14 բնակարան է ձեռք բերել, ներկայումս զբաղեցնում է Էջմիածնի հարկայինի պետի պաշտոնը: Ըստ որոշ տեղեկությունների, նա բնակարանների դիմաց կոոպերատիվի տերերին տվել է $300 հազար: Մեր տեղեկություններով, այժմ պարոն Բեգլարյանը բնակիչների հետ ինտենսիվ բանակցություններ է վարում բնակարանները հետ տալու եւ այդ «շառ» պատմությունից դուրս գալու համար, սակայն պայմանով, որ ինչ-որ գումար պետք է բնակիչները նրան տան: Սակայն տուժած բնակիչները վստահեցնում են, որ իրենց տան համար կոպեկ-կոպեկ հավաքած գումարներն էլ մեծ դժվարությամբ են աշխատել եւ իրենց իսկ բնակարանները իրենց վերադարձնելու համար լրացուցիչ գումար պահանջելը ուղղակի «աբսուրդ» է: Նկատենք, որ Դ. Բեգլարյանը որոշ բնակիչների հետ արդեն եկել է փոխհամաձայնության: Բնակարանների իրական տերերը, պարտքերի տակ ընկնելով, նրան որոշ գումար տվել են, որպեսզի կոոպերատիվի տերերին վճարած $20-30 հազարն էլ չկորցնեն: Սակայն կան մարդիկ, որ այդ գումարն էլ չունեն: Ուշագրավ է, որ Դավիթ Բեգլարյանը ՀՔԾ-ի ուշադրությունից «վրիպել է», եւ, անկախ այն բանից, որ նրա մոտ գտնվել են այդ շենքից «գնած» շուրջ 14 բնակարան, նրան որեւէ մեկը պատասխանատվության չի կանչում: Էլ չենք խոսում այն մասին, թե ինչպես է պետական պաշտոնյան կարողացել իր աշխատավարձով միանգամից 14 բնակարան ձեռք բերել: