Էմմա տատը չի կարողանում մոռանալ հարկադիրի աշխատակիցների ստորացուցիչ վտարումն ու հասցրած վիրավորանքը
Հավաքարար կնոջ կոպեկ-կոպեկ կուտակած խղճուկ ունեցվածքը ԴԱՀԿ-ն անխղճաբար ջարդուխուրդ է արել:
Էմմա տատը ծերությունը վայելելու փոխարեն դատարանների դռներն է ընկած:
72-ամյա Էմմա տատը հայտնվել է փողոցում: Հայտնվելը դեռ մեղմ է ասված, որովհետեւ հաշմանդամ կնոջը վտարել են ամենաստորացուցիչ ձեւով. ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները մի բուռ կնոջ ձեռք ու ոտքը ոլորել են ու շպրտել դուրս, այն էլ ձմռան ցրտին՝ 2010-ի փետրվար ամսին: Մինչ այդ իր 20 500 դրամ թոշակով գոյատեւող կնոջ համար այնպիսի պայմաններ են ստեղծել, որ նա հանձնվի եւ կամովին հրաժարվի իր բնակտարածքի օգտագործման իրավունքից, բայց տեսնելով, որ ամբողջ կյանքում հավաքարար աշխատած, դառը դատած կինը դիմանում է ամեն պայմանի՝ նրան որոշել են վտարել «օրենքի ուժով»՝ բերետավորների օգնությամբ:
Էմմա տատը՝ Էմմա Միքայելյանը, ամուսնանալուց հետո գրանցվել եւ ապրել է իր ամուսին Գվիդոն Թեւոսյանի՝ Արագածի փողոցի թիվ 47 տանը: Ամուսնու մահից հետո կնոջ մտքով էլ չի անցել, որ լինելով տան սեփականատիրոջ կինը, որեւէ իրավունք չունի այդ տան նկատմամբ, ավելին՝ անգամ կզրկվի այնտեղ իր կյանքի վերջին տարիներն ապրելու հնարավորությունից: Տեսնելով, որ Էմմային առանձնապես չի հետաքրքրում գույքային ունեցվածքը, նրա տեգրոջ դուստրը՝ Թամարա Գրիգորյանը, լինելով միակ ժառանգը, շատ արագ սեփականաշնորհում է հոր եւ հորեղբոր տները եւ որպես սեփականատեր՝ օր օրի նեղվում այդ տանը ծեր կնոջ ներկայությունից: «Մի օր ջուրն անջատեց, ես ստիպված էի հաշմանդամ հալիս ջուրը վեդրոներով պուլպուլակներից կրել-բերել: Հետո հոսանքը անջատել տվեց, գնացել էր էլցանց ու ասել, որ տան այդ հատվածի լուսավորությունը պետք չի՝ անջատեք: Ես մթի մեջ էի մնացել, անգամ գազի հաշվիչը քանդեց-տարավ, որ գազ չունենամ, ես թոշակս կոպեկ-կոպեկ հավաքեցի, գնացի գազի բալոն առա: Էդ էն դեպքում, երբ իմ եւ ամուսնուս հաշմանդամությունից օգտվելով՝ զեղչ գներով գազ էինք քաշել ամբողջ տան համար: Ու էնքան վիրավորական էր, որ դատարանում կանգնել-ասում էր, իբր հայաթները խոզանոց, զիբիլանոց եմ սարքում, ես ամբողջ կյանքում հավաքարար եմ աշխատել, մաքրության գերի եմ, ո՞նց կարող եմ կողքս զիբիլանոց սարքել, ինքն էր զիբիլները բերում-թափում, որ իմ դեմ դատարանում ասելիք ունենար»,- մեզ հետ զրույցում պատմեց Էմմա տատը:
Նշենք, որ այս պատմության մեջ Էմմա տատի համար առավել վիրավորական էր այն, որ հարկադիրի կատարածուները իրեն տնից վտարելուց առաջ տեղյակ չեն պահել, մինչդեռ օրենքով սահմանված է, որ առնվազն 7 օր շուտ վտարվողը պետք է տեղեկացված լինի, որ իրերը կարողանա հավաքել, բացի այդ, հարկադիրը այնքան անխղճաբար ու անփութորեն է Էմմա տատի շորերը, կահույքը, ողջ գույքը լցրել բեռնատարն ու թափել այգում՝ ծառերի տակ, որ դրանք այլեւս օգտագործման ենթակա չեն. «Ես էնքան քրտինք եմ թափել իմ ամեն մի աթոռի ու կահույքի համար, իսկ իրենք ցինիկաբար, ամենալպիրշ ձեւով դրանք մի ժամում զիբիլի վերածեցին»:
Ուշագրավ է, որ չգիտես ինչ տրամաբանությամբ, 2008-ի մայիսի 29-ից կնոջը վիճելի տան հաշվառումից դուրս են հանել՝ առանց նրա իմացության եւ համաձայնության: «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի համաձայն, «ամուսինների …եւ խնամքի տակ գտնվող այլ անձանց իրավունքներն ունեն իրավաբանական ուժ՝ անկախ պետական գրանցումից, եթե նույնիսկ այդ իրավունքները առանձին չեն գրանցվել»: Բացի այդ, ըստ իրավահարաբերությունը կարգավորող Բնակարանային օրենսգրքի 120-րդ հոդվածի, «բնակելի տան սեփականատիրոջ ընտանիքի անդամները, որոնց նա բնակեցրել է իրեն պատկանող տանը, իրավունք ունեն նրա հետ հավասարապես օգտվելու տան բնակելի տարածությունից»: Հաշմանդամ կինը ներկայումս դիմել է վարչական դատարան՝ ընդդեմ ոստիկանության անձնագրային վարչության Շենգավիթի անձնագրային բաժանմունքի՝ պահանջելով վերականգնել Արագածի փողոցի թիվ 47 տան հասցեում իր հաշվառումը: Էմմա Միքայելյանը հայց է ներկայացրել նաեւ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարան՝ այդ տան նկատմամբ բնակտարածության օգտագործման խախտված իրավունքը վերականգնելու, նույն հասցեում վերաբնակեցնել պարտավորեցնելու պահանջով:
Որպեսզի կինը կարողանա ստանալ իր կենսաթոշակը, նրա եղբայրը ստիպված ժամանակավոր գրանցում է տվել Էմմա տատին, սակայն հաշվի առնելով, որ նրա ընտանիքը բազմանդամ է, Է. Միքայելյանը զրկվել է արդեն «Փարոսով» հասանելիք իր նպաստից: