Երեւանի մետրոպոլիտենի ուղեվարձի թանկացումը հարուցել է երեւանցիների բուռն դժգոհությունը: Facebook սոցիալական ցանցում անգամ խումբ է ստեղծվել ուղեվարձի թանկացման դեմ, իսկ քաղաքապետի անձնական էջում բուռն քննարկումներ են ընթանում այդ կապակցությամբ: Ըստ news.am-ի՝ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այդ կապակցությամբ իր էջում նշել է. «Սիրելի երեւանցիներ, ես հասկանում եմ մետրոպոլիտենի ուղեվարձի բարձրացման հետ կապված ձեր մտահոգությունը։ Չգնալով այս քայլին՝ մենք կվտանգեինք մետրոպոլիտենի շահագործման համար բոլոր անհրաժեշտ պայմանների ապահովումը։ Այսօրվա դրությամբ մետրոպոլիտենի մեկ ուղեւորի փոխադրման ընդհանուր արժեքը կազմում է 160 ՀՀ դրամ, որը արագ շարունակում է աճել»։ Ըստ Կարապետյանի, քաղաքապետարանը չի կրճատելու մետրոպոլիտենի դոտացիան: «Բայց նաեւ հնարավորություն չունենք այն ավելացնելու, այնինչ մետրոպոլիտենի պահպանման եւ զարգացման համար անհրաժեշտ ծախսերի ծավալի աճը բավականին մեծ է։ Նշեմ նաեւ, որ նույնիսկ 100 ՀՀ դրամ ուղեվարձը մնում է ԱՊՀ քաղաքների համեմատ ամենացածր սակագներից մեկը։ Հուսով եմ՝ ըմբռնումով կմոտենաք այս հարցին»,- գրել է քաղաքապետը: