Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Ենգիբարյանը հանցագործ էր

Հունիս 24,2011 00:00

\"\"Մի կողմից՝ հաստատում, մյուս կողմից էլ կասկածում է ՀՀ ոստիկանապետը

Այլ կարծիք չի կարող լինել, որ օրեր առաջ «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ ոստիկանի կրակոցից սպանված Արման Ենգիբարյանը հանցագործ է եղել, երեկ հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Նրա խոսքով. «Մեր տուժողներն են հեռուստատեսությամբ տեսել ու ճանաչել նրան, հանցագործությունը հաստատող բոլոր նշաններն էլ ունենք, փորձագիտական շատ նմուշներ կան, որոնք հաստատում են նրա մասնակցությունը այդ հանցագործության մեջ: Կոնկրետ ինձ մոտ երբեւէ կասկած չի հարուցվել»: Ոստիկանապետի խոսքով՝ այն, որ լրատվամիջոցները հայտարարում են, թե իրականում ոստիկանը անմեղ մարդու է սպանել, պարապ խոսակցություններ են: Նրա համոզմամբ, ցանկացած նման դեպքում հասարակությունը դեպքին գեղարվեստական երանգներ է տալիս. «Իմ հայտարարելով չէ, քննությունն է ապացուցել: Դեպքի վայրից մատնահետքեր եւ այլն՝ ամեն ինչ կա: Ես էլ ինչի՞ վրա կասկածեմ, ինչի՞ վրա չկասկածեմ»: Մի դեպքում, ըստ ոստիկանապետի, քննությունն արդեն ապացուցել է Ենգիբարյանի հանցագործ լինելը, մեկ այլ դեպքում էլ չի բացառվում, որ նա անմեղ է եղել: «Փորձագիտական գործընթացը շարունակվում է, որպեսզի հիմնավորվի՝ այդ մարդը հանցագո՞րծ է եղել, թե՞ ոչ: Հաշվի չպետք է առնել, թե նախկինում նա ինչ աշխատանքով է զբաղվել»,- հավելեց ոստիկանապետը՝ պնդելով, որ ինչպես Ենգիբարյանի, այնպես էլ բոլոր հանցագործների ծնողները հավատացնում են, որ իրենց զավակները հանցագործ չեն եղել. «Չեմ հիշում մի այդպիսի դեպք, երբ հանցագործի ծնողը հայտարարի, թե իր տղան հանցագործ է»:
Նա նաեւ անդրադարձավ վերջերս մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե «Լունապարկի» հետեւի այգում 7-14 տարեկան տղաներ մարմնավաճառությամբ են զբաղվում: «Կարծում եմ՝ սա ենթադրություն է, մարմնավաճառության կոնկրետ փաստ չի հիմնավորվել: Ուղղակի հավաքատեղի էր ստեղծվել: Մենք մարդկանց ստուգեցինք, հաշվառեցինք, այս պահին տարածքը վերահսկողության տակ է: Բայց մարմնավաճառության կոնկրետ դեպքեր, էլի եմ կրկնում, չեն եղել»:
Մարմնավաճառության դեմն առնելուն, ոստիկանապետի համոզմամբ, խոչընդոտում է օրենսդրական դաշտի բարձիթողի վիճակը. «Դա մեր ազգին, սովորություններին հարիր չէ, պատիվ չի բերում մեզ այս երեւույթը, եւ բոլորս խանդով ենք վերաբերվում եւ արժանապատվության խնդիր ունենք դրա հետ կապված»: Ոստիկանապետի խոսքով՝ եթե արտասահմանում մարմնավաճառին հայը նորմալ է վերաբերվում, ապա նույնը չի կարելի ասել Հայաստանի մասին. «Մեր աղջիկներին ենք տեսնում այս վիճակում՝ սրա-նրա հետ, ես, կոնկրետ, որպես հայ մարդ՝ ցավ եմ զգում: Այս ամենը պետք է վերահսկողության տակ առնենք, նոր օրենքներ մշակենք ու խստացումներ մտցնենք»: Նրա կարծիքով, 1500 դրամով մարմնավաճառներին կարգի հրավիրելն անհնար է. «Իրանք էլ արդեն ընտելացել են, վարժվել են, ու դեռ իրանք են մեզ հարցնում՝ լավ, որ տարաք, ի՞նչ պիտի անեք, 1000 դրամ պետք է տուգանեք, ճամփու դնեք: Այս պարագայում քանի՞ անգամ կարելի է մարդուն տանել-բերել ու չտուգանել»:
Լրագրողները ոստիկանապետից հետաքրքրվեցին նաեւ, թե ինչ փուլում է քաղաքում տեսախցիկների տեղադրման գործընթացը, եւ արդյոք դա մարդու իրավունքների խախտում չէ՞: Ի պատասխան՝ ոստիկանապետը նկատեց. «Այս պահին տեսախցիկները բոլոր խանութների մոտակայքում տեղադրված են՝ ելնելով բիզնեսի ու անվտանգության շահերից: Եվ որեւէ անձի իրավունքների խախտման մասին խոսք չկա: Կոնկրետ իմ՝ որպես քաղաքացու շահերը չեն ոտնահարվի, երբ ես իմ ընտանիքով լինեմ որեւէ հասարակական վայրում, օրինակ՝ օպերայում, եւ այդ տեսախցիկը ֆիքսի ամբողջ շարժը: Դա իմ բակը չէ, իմ անձնականը չէ, թող ամեն ինչ էլ նկարահանվի: Եվրոպական երկրների 90%-ը վերահսկում է, նույն Մոսկվայում այս պահին հարյուր քսան հազար տեսախցիկ է գործում»: Ոստիկանապետի տեղեկացմամբ՝ այս տարի տեսախցիկների տեղադրման գործընթացը Երեւանում ավարտելուց հետո կանցնեն մարզերին:
Կոռուպցիան Լոռիում մե՞ծ է
«Սարչապետ գյուղի դպրոցի տնօրեն Համլետ Դավթյանի կողմից իրականացվող կոռուպցիան ու անօրինությունները վերին օղակներում ունեն հովանավորներ»,- այս տողերով է արձագանքել Ավթանդիլ Ավագյանը «Առավոտի» 18.06.11թ. «Ոլոռը հանդիպեց լոբուն եւ ունեցան իրենց բակլաջան» վերնագրով հոդվածին: Մեր ընթերցողի պատմելով, այդ հովանավորչությունից էապես տուժում է Լոռու մարզի Սարչապետ գյուղի աշակերտների կրթությունը. «Արդեն քսանհինգ տարի է, ինչ դպրոցի տնօրենը դրամաշորթությամբ ու պաշտոնեական դիրքի չարաշահմամբ է զբաղված: Բավական է միայն նրա նկատմամբ քրեական գործերի ցուցակը նայել, եւ պարզ կդառնա, թե այդ անձի անօրինությունները ինչպես ու ում կողմից են կոծկվում»: Ա. Ավագյանը վստահեցնում է, որ 2006-2007 ուսումնական տարվա ավարտին դպրոցի 10-րդ դասարանի շրջանավարտների ծնողները դիմել են Տաշիրի ոստիկանություն՝ Հ. Դավթյանի կողմից դրամաշորթության բողոքով, բայց շատ արագ էլ հրաժարվել են իրենց բողոքից. «Դրամաշորթությունն այս տնօրենն իրականացրել էր դպրոցականների ձեռքով, աշակերտներից մեկին վստահել էր մյուս աշակերտներից գումարը հավաքելու պարտականությունը: Յուրաքանչյուր աշակերտից 100 դոլար էր հավաքել, որը գտան իրավապահները նրա չհրկիզվող պահարանում: Բայց այդ բնակավայրի բարձրաստիճան պաշտոնյայի ճնշմամբ ծնողները հրաժարվեցին իրենց ցուցմունքներից՝ պատճառաբանելով, թե նշված գումարը խնջույքի համար էին հավաքել»,- գրում է Ա. Ավագյանը:
Նրա պատմելով, շրջանավարտներից շատերը դեռ չեն ստացել իրենց ատեստատները, քանի որ ի վիճակի չեն եղել տնօրենի պահանջած գումարները վճարել: Այս հարցի վերաբերյալ մարզպետարանի կրթության բաժնի պետի ու դպրոցի տնօրենի պարզաբանումները կներկայացնենք առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել