Այս կարծիքին է կառավարությունը
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել փոքր ու միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման ու պետական աջակցման մասին ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանի ներկայացրած օրենսդրական նախագծին: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի համոզմամբ, ՓՄՁ զարգացման համար Հայաստանում դաշտն արդեն ձեւավորվել է: «Ընդունվել է փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման պետական աջակցության մասին օրենք, ռազմավարություն, ստեղծվել են ոլորտին աջակցող օղակներ, եւ նոր օրենքի ընդունման անհրաժեշտություն չկա»,- երեկ կառավարության նիստի ժամանակ ասաց պարոն Դավթյանը:
Կառավարության մեկ այլ որոշմամբ հաստատվեցին հիսուն եւ ավելի տոկոս պետական մասնակցությամբ ընկերությունների ցանկն ու կորպորատիվ կառավարման կանոնակարգի ընդունման ժամանակացույցը: «Սա փաստորեն պետության կողմից առաջին լուրջ քայլն է կորպորատիվ կառավարման կանոնակարգի ընդունման ու մեր կողմից կորպորատիվ մշակույթի ներդրման առումով»,- ասաց նախարարը՝ նշելով, որ Հայաստանում պետական մասնակցությամբ 400-ից ավելի ձեռնարկություն կա:
Կառավարությունը հետաձգեց «Էկոտոմատ» ընկերության ավելացված արժեքի հարկի վճարումը։ Ըստ էկոնոմիկայի նախարարի, այս ընկերությունը լուրջ ներդրումային ծրագիր է իրականացնելու ջերմոցային տնտեսությունում. «Ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի մոտ երկու միլիարդ դրամ, կստեղծվեն մի քանի տասնյակի հասնող աշխատատեղեր, ծրագիրն էլ ընդհանուր առմամբ հավանության է արժանացել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունների ու Պետեկամուտների կոմիտեի կողմից»: Այն ընկերությունները, որոնք 300 միլիոն դրամից ավելի ներդրումներ կանեն, կառավարությունը հնարավորություն կտա օգտվել ավելացված արժեքի հարկի հետաձգման ռեժիմից:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հավելեց, որ սա թվով 17-րդ որոշումն է, որով այն ընկերությունները, որոնց ներդրումային ծրագիրը գերազանցում է 300 միլիոն դրամը, ստանում են ԱԱՀ տարկետման իրավունք. «Արդյունքում ունենում ենք 61 միլիարդ դրամի ներդրումային ծրագրեր: Այս պահի դրությամբ արդեն ստեղծված է մոտ հազար աշխատատեղ, ու ենթադրվում է, որ այս ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվի եւս 1700 աշխատատեղ: Այնպես որ, այս արտոնությունները իրենց դրական արդյունքները տալիս են: Մեր տնտեսության տարբեր ճյուղերում բավականին շոշափելի են դառնում ներդրումները»:
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ արտոնություն սահմանվեց «Գոլդն գրեյփ» ընկերությանը: Նախարարը տեղեկացրեց, որ ընկերությունը ակտիվ աշխատում է ու ընդլայնում ներդրումային գործունեությունը. «Այս որոշմամբ առաջարկում ենք 200 միլիոն դրամ՝ սարքավորումների համար»: Ընկերությունը ծրագրել է Արագածոտնի մարզի մոտ 180 հա տարածքում ստեղծել խաղողի աճեցման եւ մշակման, գինու եւ կոնյակի արտադրություն, ինչպես նաեւ ագրոտուրիզմի զարգացման ենթակառուցվածքներ։ Արդեն ցանկապատվել է ամբողջ տարածքը, ձեռք է բերվել 15 միավոր գյուղտեխնիկա, տնկվել են մոտ 90 հազար խաղողի վազ եւ մոտ 7,5 հազար պտղատու ծառ։ Ընդհանուր առմամբ ներդրվելու է 6,2 մլրդ դրամ, ստեղծվելու է մոտ 80 նոր աշխատատեղ: