Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Եվրանյուզ» հեռուստաընկերությանը
– Պարոն Սարգսյան, վերջին շրջանում հայ քաղաքական գործիչները, մասնավորապես՝ Ձեր երկրի արտաքին գործերի նախարարը բավական լավատեսական կանխատեսումներ է ներկայացրել Կազանում կայանալիք հանդիպման վերաբերյալ: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Դուք պատրաստ եք փոխզիջումների, չնայած այն բանին, որ ինչպես նշեցիք Եվրոպայի խորհրդում չորեքշաբթի ունեցած ելույթում, նման որոշումը Ձեզ համար հեշտ չի լինի:
– Լավատեսությունը լավ բան է, բայց ես նախընտրում եմ կառուցողական լինելը: Այս առումով պետք է ասեմ, որ իմ ակնկալիքները շատ մեծ չեն: Դուք խոսում եք զիջումների մասին, բայց մենք միանշանակ դեմ ենք միակողմանի զիջումներին: Մենք կողմնակից ենք փոխզիջումներին, իսկ մեր պարագայում ստացվում է, որ մենք պետք է փոխզիջումների գնանք մի պետության կամ մարդկանց հետ, ովքեր սպասում են մեզ վրա կրակելու որեւէ առիթի: Ինչպես նշեցի ԵԽԽՎ-ում ունեցած ելույթում, Խտրականության եւ հակառասիզմի դեմ եվրոպական հանձնաժողովը վերջերս է այդ փաստն արձանագրել, որ Ադրբեջանում ուղղակի հայատյացություն կա, ինչը Հայաստանում բացակայում է: Այդ հայատյացությունը պետք է վերանա: Մենք, վերջապես, իրար վստահելու գոնե նվազագույն հիմքերը պետք է ունենանք:
– Դուք ասացիք, որ առանց Լեռնային Ղարաբաղին ինքնորոշման իրավունք տրամադրելու անհնար է խաղաղության պայմանագիրը մշակել: Բայց Ադրբեջանն այդ պայմանը չի ուզում ընդունել: Ինչպե՞ս եք պատկերացնում հակամարտության լուծումը:
– Եթե Ադրբեջանն ինքնորոշման սկզբունքը չի ընդունում, ապա ինչպե՞ս է հայտարարել, որ Մադրիդյան սկզբունքներն իրենց համար հիմք են բանակցությունների շարունակման եւ խնդրի կարգավորմանը հասնելու համար, որովհետեւ, ինչպես հայտնի է, այդ սկզբունքները երեքն են, ինչպես ասացի՝ ուժի կիրառման բացառում եւ դրա սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունք: Եվ միայն մեր առաջարկությունները չեն, որ Մադրիդյան սկզբունքների հիմք են հանդիսացել: Տարօրինակ չէ՞ արդյոք, որ Ադրբեջանը տարիներով քննարկում է մի փաստաթուղթ, որի հիմնական սկզբունքներից մեկը չի ընդունում:
– Բայց եթե Ձեզ համար Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի դրույթը անկյունաքարերից մեկն է, իսկ Ադրբեջանը չի ընդունում այն, կնշանակի, որ Կազանում կայանալիք հանդիպումից առաջընթաց, համաձայնություն ակնկալել չարժե:
– Այս պարագայում Ադրբեջանը պետք է հայտարարի, որ ինքը դեմ է այս երեք սկզբունքներից երկուսին կամ գոնե առնվազն՝ մեկին: Կամ էլ միջազգային հանրությունը պետք է հայտարարի, որ ինքնորոշման իրավունքն իրենց կողմից չի ճանաչվում, ինչը կհակասի վերջին տասնամյակների զարգացումներին: Որովհետեւ եթե ինքնորոշման իրավունքը իրականացնելի չէ, ապա ինչպե՞ս ստացվեց, որ պետությունների փլուզման հետեւանքով ձեւավորվեցին տասնյակ նոր պետություններ, եւ ինչպե՞ս ստացվեց, որ հենց վերջերս ինքնորոշման իրավունքը իրականացվեց Կոսովոյի դեպքում: Եվ մի այլ՝ ոչ պակաս հանգամանք էլ կա: Ադրբեջանի կազմում մեկ այլ հայկական ինքնավար կազմավորում կար: Դա Նախիջեւանն է, որտեղ Սովետական Միության գոյության ողջ ընթացքում այդ մարզն ամբողջովին հայաթափվեց, եւ այնտեղ այսօր մեկ հայ չկա:
– Մեծ ութնյակի վերջին հանդիպման ժամանակ Դովիլում ԱՄՆ, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները հայտարարեցին հիմնախնդրի լուծում գտնել «առանց հապաղման»: Չե՞ք կարծում, որ հաշվի առնելով, թե քանի տարի է տեւում այս փակուղային իրավիճակը, միջազգային միջնորդները մի փոքր հոգնել են: Մինսկի խմբի ներկայացուցիչները վերջերս նկատել էին, որ Կազանում կայանալիք հանդիպումը համաձայնության հասնելու «վերջին հնարավորությունն է»:
– Ոչ, չեմ կարծում, որ միջազգային հանրությունը հոգնել է: Միջազգային հանրությունը ե՛ւ Հայաստանից, ե՛ւ Ղարաբաղից, ե՛ւ Ադրբեջանից վերջնական պատասխան է սպասում. պատրա՞ստ են արդյոք նրանք գնալու լուծումների այս սկզբունքների հիման վրա: Նրանք ասում են՝ մեզ պատասխանեք՝ այո՞, թե՞ ոչ: Մի ձգձգեք: Ահա այս հարցի պատասխանն է, որ մենք ակնկալում ենք Կազանում ստանալ: