Հատկապես արտաքին քաղաքական հարցերում դա երեկ եւս մեկ անգամ ակնհայտ դարձավ
Երեկ ռուսաստանյան «Московские новости» թերթը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ թերթին տված բացառիկ ու բավականին ծավալուն մի հարցազրույց (https://mn.ru/newspaper_zoom/20110623/302712754.html), որում Տեր-Պետրոսյանն անդրադարձել է հարցերի բավականին լայն շրջանակի՝ ԽՍՀՄ փլուզումից սկսած մինչեւ ԱՊՀ ձեւավորում, Ղարաբաղի հիմնախնդիր, հայ-թուրքական հարաբերություններ, ռուսական ռազմաբազաներ ու Հայաստանի ներքաղաքական վիճակ: Հիշյալ բոլոր բաժիններին վերաբերող նրա տեսակետներն ավելի քան ուշագրավ են ու նաեւ քննարկման առարկա՝ թեկուզ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի ու նրա նախորդի՝ Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականության հետ համադրության, նույնիսկ առանձին հարցերում մոտեցումների նմանության իմաստով: Ու քանի որ ՀՀ ներքաղաքական պրոցեսների վերաբերյալ Տեր-Պետրոսյանի եւ նրա գլխավորած Հայ ազգային կոնգրեսի տեսակետներն ավելի քան հայտնի են, «Առավոտը» նախընտրեց անդրադառնալ արտաքին քաղաքականությանն առնչվող այն խնդիրներին, որոնց համատեքստում Տեր-Պետրոսյանի ու նաեւ գործող իշխանության առաջնորդի՝ Սերժ Սարգսյանի մոտեցումները, ըստ էության, նույնական են ու միաժամանակ տարբեր այսօր ՀԱԿ-ի առանձին ներկայացուցիչների ու Կոնգրեսին մաս կազմող ուժերի առաջնորդների մոտեցումներից:
Ահավասիկ, պատասխանելով թերթի լրագրող Իվան Սուխովի հարցին՝ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան արդյոք հանդիսանո՞ւմ է Հայաստանի անվտանգության երաշխիքը, Լ. Տեր-Պետրոսյանն ասել է. «100 տոկոսով: Մենք մոռանում ենք հոգեբանական պահը: Թուրքիայի համար Հայաստանում ռուսական բազան միանշանակորեն միջամտության համար խոչընդոտ է: Անկախ այն բանից, թե այդ բազան կմիջամտի՞ Հայաստանի օգտին՝ միայն այդ բազայի գոյության փաստն արդեն Թուրքիային շատ բան է ասում»:
Անդրադառնալով ռուսական ռազմաբազայի՝ Գյումրիում տեղակայման ժամկետը երկարաձգելու մասին ՀՀ գործող իշխանությունների կայացրած որոշմանը՝ Տեր-Պետրոսյանն ասել է. «Իհարկե, ճիշտ են արել»:
Լրագրողը հիշեցրել է, թե խորհրդարանական ընտրություններից առաջ շատերն էին ասում, թե Հայաստանում շատերը դժգոհ են այդ բազայի առկայությունից, քանի որ այն երկրի բյուջեին եկամուտ չի բերում եւ արդյունքում դառնում է գրգռիչ հանգամանք, քան՝ անվտանգության երաշխիք:
«Նման խոսակցություններ եղել են: Բայց որքանո՞վ էին դրանք հիմնավորված: Այո, կարելի էր այդ պայմանագիրը կնքել ավելի շահավետ պայմաններով: Ես հասկանում եմ, թե որտեղից են գալիս այդ խոսակցությունները: Ղրղըզստանը Մանասի համար որոշակի գումար է ստանում, իսկ այստեղ՝ ոչ: Դե, ինչ արած. ամերիկացիները հարուստ են, նրանք ավելին են վճարում: Ռուսաստանը դեռ ի վիճակի չէ վճարելու, բայց մեկ է՝ բազան օգուտ է բերում, օրինակ՝ աշխատատեղեր»:
Հիշեցնենք, որ այս առնչությամբ Լ. Տեր-Պետրոսյանի մոտեցումները միանգամայն տարբեր են ՀԱԿ-ի մաս կազմող Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի դիրքորոշումից: Վերջինս դեռ անցած տարի ռուսական ռազմաբազաների տեղակայման առնչությամբ հայտարարել էր. «Ռուսական ռազմաբազաները Հայաստանում տեղակայելու վերաբերյալ նման երկարաժամկետ (49 տարի) պայմանագրերի կնքումը չի բխում ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ տարածաշրջանի շահերից»: Նա նշել էր, որ որեւէ ինքնիշխան երկրում մեկ այլ երկրի ռազմաբազաների տեղակայումը միշտ վտանգում է այդ երկրի ինքնուրույնությունը. «Ես կարծում եմ, որ որեւէ երկրում ռազմաբազա ոչ մի ստատուսով չպետք է լինի: Դա սուվերենության աստիճանի կորուստ է»: Հովհ. Հովհաննիսյանի ասելով, դինամիկ զարգացող տարածաշրջանում դժվար է կանխատեսել, թե ինչ հունով կընթանան զարգացումները, եւ սեփական երկրի տարածքում հզոր երկրի ռազմաբազա ունենալը կարող է հղի լինել վտանգներով: ՀԱԿ անդամի կարծիքով՝ նման փաստաթղթի ընդունմամբ այսօրվա իշխանությունները փորձում են երկարացնել իրենց պաշտոնավարման ժամկետը: «Համաձայնելով երկարացնել ռազմաբազաների տեղակայման ժամկետը՝ ՀՀ իշխանությունները լուծում են կարճաժամկետ խնդիր՝ իրենց աթոռի հարցը: Եվ այդ փաստաթղթի ընդունումը սպասարկում է միայն գործող վարչակարգի շահերը, այլ ոչ թե երկրի ու պետության»,- հայտարարել էր Հովհաննիսյանը:
Անդրադառնալով նաեւ պայմանագրի այն փոփոխությանը, ըստ որի՝ Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազան Ռուսաստանի շահերից բխող գործառույթներից բացի, հայկական զորամիավորումների հետ համատեղ պետք է պաշտպանի նաեւ Հայաստանի անվտանգությունը, ընդդիմադիր գործիչը հայտարարել էր. «Նման համաձայնագիր ստորագրելը միջազգային իրավունքի խախտում է: Սա մի խայծ է, որով Հայաստանի իշխանությունները փորձելու են հասարակությանը ներկայացնել, թե Ռուսաստանը մեր մեջքին է, մեզ տեր կկանգնի հարեւան երկրների հետ հարաբերություններում»:
Անցյալ տարի համանման կարծիք էր հայտնել նաեւ ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում (https://www.armenialiberty.
org/content/article/2128997.html) Վլ. Կարապետյանը համոզմունք էր հայտնել, թե Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման վերաբերյալ 1995 թվականին կնքված պայմանագրում կատարվող փոփոխությունները Հայաստանի համար լրացուցիչ անվտանգություն չեն ապահովում, եթե ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմական իրավիճակը վերսկսվի։
«Ռուսաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հետեւաբար, տարածքային ամբողջականության վերականգնման դեպքում եթե նման հայտարարություն արվի Բաքվի կողմից, Ռուսաստանը որեւէ միջամտություն չի անելու»: Նա «հիմնազուրկ» եւ «մոլորեցնող» էր որակել որոշ փորձագետների կարծիքը, թե այս փաստաթուղթը Հայաստանին պաշտպանելու է իր թշնամիներից։ Իսկ ՀԱԿ-ին մաս կազմող Պահպանողական կուսակցությունն էլ անցած տարի ստորագրահավաք էր նախաձեռնել՝ ընդդեմ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման պայմանագրի։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին ու Սերժ Սարգսյանի վարչակազմի կողմից Թուրքիայի հետ շփումների ակտիվացմանը՝ լրագրողը Տեր-Պետրոսյանին հիշեցրել է վերջինիս խոսքերը, թե՝ Հայաստանի որեւէ նախագահ, ինչպես էլ որ նրան կոչելու լինենք, պարտադրված է դա անել: «Այո: Այդպես էլ պիտի լինի եւ կլինի»,- հայտարարել է Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, թե այդ հարցում իր եւ Ս. Սարգսյանի մոտեցումները լիովին համընկնում են: Այդ դեպքում Ս. Սարգսյանն ի՞նչը այնպես չի արել. «Նա ամեն ինչ ճիշտ եւ նորմալ է արել: Այդ հարցը պետք է միշտ օրակարգում պահել, որովհետեւ առանց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման՝ Հայաստանը զարգացման հեռանկար չունի»: