Ելույթ ունենալով ԵԽԽՎ նստաշրջանում՝ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ասել է. «Ես հավատում եմ Եվրոպայում խտրականության եւ անհանդուրժողականության մարտահրավերներով մտահոգ անձանց անկեղծությանն ու ազնվությանը, եւ նրանք իրավացի են, երբ խոսում են նաեւ միջմշակութային երկխոսության խորացման անհրաժեշտության մասին։ Սակայն երբ Թուրքիայի վարչապետի հրահանգով Կարսում ապամոնտաժվեց հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշակոթողը, որը Էրդողանը անվանեց հրեշավոր, նույն Եվրոպան եւ մեր կառույցը, չգիտես ինչու, անտարբեր լռություն պահպանեցին։ Մինչդեռ Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, ըստ մամուլի հրապարակումների, խոստովանել էր, որ արձանի ապամոնտաժումը եղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խնդրանքով։ Ահա այսպիսի միջմշակութային հանդուրժողականություն»: Պատգամավորը հիշեցրել է նաեւ, թե ինչ խտրական վերաբերմունքի արժանացան Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում առաջադրված քուրդ թեկնածուները, ինչին պաշտոնապես ստիպված էր արձագանքել Եվրոպական Միությունը։
Իսկ երեկ առավոտյան, խոսելով Քրիստոս Պուրգուրիդեսի՝ «Ազգային խորհրդարանները՝ Եվրոպայում մարդու իրավունքների երաշխավոր» թեմայով զեկույցի շուրջ, հայտարարել է. «Թուրքիայում դաժանորեն սպանված հայազգի լրագրող, «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի անունը բազմիցս հնչել է այս ամբիոնից, եւ Վեհաժողովը բազմիցս իր մտահոգությունն է հայտնել հայազգի լրագրողի սպանության դատաքննության կապակցությամբ։ Սակայն այսօր ես ուզում եմ խոսել ոչ թե Հրանտի, այլ նրան գնդակահարած Օգույն Սամասթի անունով Թուրքիայում պաշտոնական ապրանքանիշ՝ բրենդ գրանցելու խայտառակ փաստի մասին։ Այո, ինչպես տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» օրաթերթը, մարդասպանի հարազատները դիմել են Թուրքիայի ապրանքանիշների գրանցման ինստիտուտ, ստացել համաձայնություն եւ «Սամասթ» ազգանունը գրանցել են որպես ապրանքանիշ։ Մարդասպանի ընտանիքը պատրաստվում է «Սամասթ» բրենդը օգտագործել կրթական, դաստիարակչական ծրագրերի, ամսագրերի, գրքերի, թերթերի հրատարակման, ֆիլմերի ցուցադրման ժամանակ։ Այսինքն՝ հայազգի լրագրողին գնդակահարողի անունով այսուհետ Թուրքիայում կրթական եւ դաստիարակչական ծրագրեր են նախատեսվում։ Երեւի թե պիտի սովորեցնեն, թե ինչպես գնդակահարել բոլոր այն հայերին, ովքեր Թուրքիայում համարձակվում են խոսել 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին։ Կամ, երեւի թե, պիտի ներկայացնեն Թուրքիայի Քրեական օրենսգրքի խայտառակ 301 հոդվածի բոլոր հնարավոր հետեւանքները։
Գիտեք, ինձ թվում էր, որ գոնե ԵԽ անդամ Թուրքիայի խորհրդարանում պիտի որ այս աններելի երեւույթը դատապարտման արժանանար։ Սակայն այդ երկրի խորհրդարանը ոչ միայն չդատապարտեց նմանօրինակ վանդալիզմը, այլեւ, ըստ թուրքական տարբեր պարբերականների, դա համարեց բացարձակ նորմալ երեւույթ»։