Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ ՃԻՇՏ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԻՐ ԻՍԿ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Հունիս 24,2011 00:00

Պնդում է արտաքին գործերի նախկին նախարար  Վարդան Օսկանյանը

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը երեկ ասել է, որ ԵԽԽՎ նիստում «ՀՀ նախագահի ելույթում, հատկապես հարց ու պատասխանի մասում, կային մի քանի ոչ ճիշտ ներկայացված արտահայտություններ»: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս»-ը, երեկ տարածված գրավոր մեկնաբանության մեջ Վարդան Օսկանյանն ասել է, որ «դրանցից երեքը, կարծում եմ, պետք է ինչ-որ ձեւով հերքվեն իշխանությունների կողմից»: «Առաջին՝ ներկայացնել, որ Հայաստանն առ այսօր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետեւ ընդունում է տարածքային ամբողջականության սկզբունքը, ակնհայտորեն Հայաստանի նախորդ քսան տարիների՝ ներառյալ Սերժ Սարգսյանի երեք տարիների դիրքորոշման ոչ ճիշտ ներկայացումն է»,- ասել է նախկին նախարարը: Նրա խոսքով, երկու տասնամյակ Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ-ն, «որպեսզի կանխորոշած չլինի բանակցային գործընթացի ելքը»: «Այն պահին, երբ Ադրբեջանը դուրս գա բանակցություններից կամ փորձի հարցը լուծել ուժով, Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սա՛ է եղել Հայաստանի Հանրապետության երեք վարչակարգերի քաղաքականությունը»,- ասել է Վարդան Օսկանյանը: «Երկրորդ՝ ուժի չօգտագործման, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքները, որոնք նախագահը ներկայացրեց որպես Մադրիդյան սկզբունքներ, իրականում հանդիսանում են Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները եւ ծառայում են որպես ուղենիշ ցանկացած հակամարտության համար»,- ասել է Օսկանյանը՝ նշելով, որ «նույնիսկ եթե Մադրիդյան փաստաթուղթը ձեւափոխվել է, սկզբունքները նույնն են մնացել»: «Երրորդ՝ երկու ռազմական հաղթանակներից հետո հայերը հավատարիմ են բանակցային գործընթացին, որովհետեւ հավատում են, որ չկա՛ ռազմական լուծում այս հակամարտությանը, եւ ո՛չ որովհետեւ ադրբեջանական կողմն ինչ-որ առավելություններ ունի մեր նկատմամբ»,- ասել է ԱԳ նախկին նախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել