Ասում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը
– Պարոն Հարությունյան, Ստրասբուրգ կատարած այցի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը, բացի ԵԽԽՎ նիստում ունեցած ելույթից, մի շարք հանդիպումներ ունեցավ, որոնց մանրամասները լայնորեն չլուսաբանվեցին: Դուք, որպես այդ հանդիպումների մասնակից, կարո՞ղ եք մեկ-երկու բառով ներկայացնել դրանց բովանդակությունը: Որո՞նք էին ընդհանուր շեշտադրումները:
– Ընդհանուր շեշտադրումները հետեւյալն էին՝ ի՞նչ փուլում էինք մենք գտնվում 2008 թվականից մինչ այսօր, ինչպիսի՞ խնդիրներ էին դրված երկրի առջեւ՝ որպես առաջնահերթ լուծման խնդիրներ, ի՞նչ է կատարված առ այսօր, եւ ի՞նչ ուղղությամբ ենք մենք շարժվում: Պետք է նշեմ, որ ժողովրդավարության տեսանկյունից կարեւորագույն հարցերից մեկն ընտրական օրենսդրությունն է եւ դրա պատշաճ կիրառումը: Այս տեսանկյունից հանրապետության նախագահը ներկայացրեց իր դիրքորոշումը, որը շատ ոգեւորությամբ ընդունվեց: Համառոտ ներկայացվեցին առ այսօր կատարված աշխատանքները: Ընդհանուր առմամբ գնահատականը շատ դրական էր, որը նաեւ Եվրոպայի խորհրդի մեր գործընկերները ներկայացրեցին: Նախագահը նաեւ ներկայացրեց, թե ինչպես է ինքը պատկերացնում հետագա քայլերը Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծման հետ կապված՝ մեր հիմնական դիրքորոշումը եւ այն մարտահրավերները, որ այսօր առկա են:
– Մինչ նախագահի այցելությունը՝ ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում կայացել էր Մոնիտորինգի հանձնաժողովի նիստ, որտեղ ելույթ էր ունեցել նաեւ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը: Նրա գնահատականներն ու շեշտադրումները համահո՞ւնչ էին նախագահի հետ հանդիպման ժամանակ արված շեշտադրումներին:
– Սկզբունքորեն շեշտադրումները գրեթե նույնն էին, ինչ հնչեցին նախագահի հետ հանդիպման ժամանակ՝ ներկա փուլի գնահատականը դրական է: Խնդիրը, որն այս պահին շատ կարեւորում է եւ հանրապետության նախագահը, եւ համազեկուցող պարոն Պրեսկոտը, մարտի 1-ի հետ կապված՝ նախագահի հանձնարարականի պատշաճ կատարումն է եւ հնարավոր ուղիները, թե լրացուցիչ ինչ է անհրաժեշտ կատարել: Մասնավորապես ոստիկանության բարեփոխման հետ կապված մի շարք հարցադրումներ ներկայացվեցին, եւ նախագահը նշեց, որ դրանք կլինեն իր ուշադրության ներքո:
– Իր ելույթում նախագահ Սարգսյանը դրական գնահատեց անցած երեք տարիներին եվրոպացի գործընկերների հետ համագործակցությունը: Ենթադրվում է, որ նույն գնահատականը տրվել է նաեւ հանդիպումների ժամանակ: Իսկ ԵԽ պաշտոնյաներն ինչպե՞ս են գնահատում այդ համագործակցությունը: Ընկալումը նո՞ւյնն է:
– Նույնպիսինն է՝ որ շատ արդյունավետ է: Պարոն Պրեսկոտը նշեց, որ հայկական ժողովրդավարության առաջընթացը նաեւ Եվրոպայի խորհրդի հաջողությունն է, որովհետեւ, այնուամենայնիվ, կան բազմաթիվ երկրներ, որտեղ տեղաշարժեր գրեթե տեղի չեն ունենում:
– Դուք դեռ շարունակում եք աշխատանքները ԵԽԽՎ ամառային նստաշրջանում: Ինչպե՞ս կգնահատեք նախագահի ելույթի արձագանքները: ԵԽԽՎ Ձեր գործընկերներն ինչպե՞ս են գնահատում այն:
– Արձագանքը շատ դրական է: Ես կարծում եմ՝ դա անմիջապես զգացվեց թե ելույթի ընթացքում, թե ելույթից հետո: Այն շատ դրական է: