Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ ԿՐՈՂ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԽՈՍՔ»

Հունիս 24,2011 00:00

\"\"ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը համոզված է, որ հենց այսպիսին էր ՀՀ նախագահի ստրասբուրգյան ելույթը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում բավականին ակտիվ քննարկվեց ոչ միայն նախորդ օրը՝ Ստրասբուրգում, այլեւ Երեւանում եւ Բաքվում: Ի դեպ, Ստրասբուրգում Սերժ Սարգսյանի ելույթից հետո չգրանցվեց ոչ մի տհաճ միջադեպ, պատգամավորները ամենայն հարգանքով ունկնդրեցին եւ ելույթը, եւ հարցերին տրված պատասխանները, անգամ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի հարցի (հեռանալու եւ նորմալ ընտրություններ անցկացնելու հնարավորություն ստեղծելու մասին) պատասխանը եվրոպացի պատգամավորներին դուր էր եկել, եւ զուգահեռները ակամայից էին ստացվել, օրինակ՝ Գյուլին, Էրդողանին կամ Ալիեւին իրենց երկրների ներկայացուցիչները ԵԽԽՎ-ի դահլիճում անգամ չէին համարձակվի նման հարց ուղղել, ուր մնաց՝ երազեին պատասխան ստանալու մասին: Իսկ մեր ընդդիմադիր պատգամավորին ՀՀ նախագահը ոչ միայն պատասխանեց, այլեւ նիստից հետո խոսեց պատգամավորի հետ եւ լսեց նաեւ մեկ այլ հորդոր՝ Կազանում չստորագրել մադրիդյան կոչվող փաստաթուղթը: Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին «փոխանցեց հայ ժողովրդի պատգամը՝ Կազանում նախատեսված հանդիպման ժամանակ չստորագրել Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված որեւէ փաստաթուղթ»: ՀՀ նախագահի արձագանքը պարզ կլինի կազանյան հանդիպումից հետո: Զարուհի Փոստանջյանի կարծիքով, Մադրիդյան սկզբունքները հայ հանրության եւ Արցախի Հանրապետության համար բացարձակ ընդունելի չեն կարող լինել:
Չխախտելով ավանդույթը՝ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ այս անգամ արդեն ստրասբուրգյան ելույթից հետո իր կարծիքը հայտնեց այդ ելույթի եւ դրան հետեւած արձագանքների մասին: ՀՀԿ մամուլի խոսնակը համոզված է, որ մեր երկրի նախագահի ելույթը Ստրասբուրգում իրոք «եվրոպական արժեքներ կրող առաջնորդի խոսք էր, եւ դա ոչ թե դեկլարատիվ բնույթի խոսք էր՝ ինչպես հիմնականում լինում է ԵԽԽՎ-ում, այլ անցած երեք տարիների ընթացքում նախագահի կողմից իրականացված աշխատանքի նկարագիր: Եվ պատահական չէ, որ թե ելույթի պահին, թե դրանից հետո արձագանքները բավականին ջերմ էին: Եվ պարոն Համմարբերգը, եւ Ջոն Պրեսկոտը արձանագրեցին, որ անցած երեք տարիների ընթացքում նախագահ Սարգսյանի կողմից դրսեւորված քաղաքական կամքի եւ նրա ղեկավարած իշխանության կողմից իրականացված բարեփոխումների արդյունքում այսօր ունենք բոլորովին այլ Հայաստան, որը ձգտում է դեպի եվրոպական արժեքներ եւ դեպի ժողովրդավարություն»: Ըստ «Առավոտի» զրուցակցի, Սերժ Սարգսյանի ելույթի առավել կարեւոր հատվածներից էր նաեւ հետեւյալը. «Մենք սովորում ենք լսել ու հարգել միմյանց կարծիքը:
Սովորում եւ մեզանում քայլ առ քայլ արմատավորում ենք, որ իշխանությունն ու ընդդիմությունը թշնամիներ չեն, եւ պարտադիր չէ, որ ուժեղն իր ուժը ցույց տալու համար անպայման տրորի դիմացինին: Մենք հանդուրժողականություն ենք սովորում եւ երկխոսության մշակույթ ձեւավորում: Սովորում ենք վիրավորանքին վիրավորանքով չպատասխանել ու կարեւորագույն հարցերի շուրջ շատերի կարծիքը հարցնել: Սովորում ենք մեծարել ու գնահատել նախկին առաջնորդների վաստակը եւ չենք ամաչում առողջ քննադատությանն ականջալուր լինելով՝ փոխել մեր իսկ կայացրած որոշումները: Մենք սովորում ենք ապրել այլ կանոններով: Ո՛ղջ հասարակությամբ ենք սովորում»:
Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող բարեփոխումները այսօր նկատում եւ գնահատում են ոչ միայն եվրոպական կառույցները, այլեւ հայաստանյան ընդդիմությունը, եւ որպես ասվածի ապացույց՝ ներկայացրեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետեւյալ միտքը՝ «Սարգսյանն այսօր Կազան է գնում որպես դեմոկրատ նախագահ՝ ի տարբերություն Ալիեւի։ Ս. Սարգսյանը 2-3 անգամ բարձր կարող է խոսել Կազանում, եւ եթե մինչ այս Ս. Սարգսյանը կարող էր իր ձայնը մինչեւ 10 դեցիբել բարձրացնել, հիմա արդեն կարող է 20 դեցիբել բարձրացնել։ Եվ դա ՀԱԿ-ի եւ, իհարկե, նաեւ իր շնորհիվ: ՀԱԿ-ը մեծ բան է տվել Ս. Սարգսյանին՝ իր վարկանիշի հաշվին»:
ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ «այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ եւ եվրոպացիները, եւ հայաստանյան ընդդիմադիր ուժերը ընդունում են, որ նախագահ Սարգսյանին հաջողվել է լուրջ քայլեր իրականացնել ճիշտ ուղղությամբ, եւ ինքը կարող է բոլորի հետ խոսել որպես դեմոկրատ նախագահ: Եվ այս երեք տարիների մեր ամենամեծ եւ լուրջ ձեռքբերումը նախագահի գլխավորությամբ դա է, որովհետեւ 2008-ի նախագահական ընտրություններին հաջորդած ցավալի եւ ողբերգական իրադարձություններից հետո թիվ մեկ խնդիրը մեր երկրում կառուցողական երկխոսության մթնոլորտ ստեղծելն էր, ինչպես նաեւ երկրի ներսում վստահության մթնոլորտի ստեղծումը, ինչը մենք կատարում ենք՝ գնալով ճիշտ ուղղությամբ, ինչի մասին վկայում են բոլորը, ինչպես նաեւ մեր երկրի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը»:
Ըստ Էդուարդ Շարմազանովի, այսօր կարելի է արձանագրել, որ «հասել ենք այն կետին, որին ձգտում էինք, եւ որին հասնելը շատերին անհնարին էր թվում երեք տարի առաջ»։
Մեր ճշտող հարցին՝ ուզում եք պնդել, որ մեր երկրում ստեղծվե՞լ է հանդուրժողականության մթնոլորտ եւ քանդվե՞լ է չհասկացվածության պատը, պարոն Շարմազանովն այսպես պատասխանեց. «Ամենակարեւորը՝ տեղի են ունեցել ժողովրդավարական բարեփոխումներ, եւ այն ամենը, ինչի մասին նախընտրական շրջանում խոսել էր նախագահը, իրականանում են, եւ այն եվրոպացի պաշտոնյաները, որոնք ժամանակին թերահավատ էին, այսօր շատ բարձր կարծիք են հայտնում Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել