Ասում է Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը
– Հայ փորձագետներից մեկը նշել էր, թե խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում նշանավորեցին հայ-թուրքական արձանագրությունների ավարտը: Պատճառաբանությունը մասնավորապես այն էր, թե Թուրքիայի խորհրդարանում, հնարավոր է, կհայտնվեն նոր դեմքեր, որոնք կզբաղվեն հայ-թուրքական գործընթացի վերսկսման հարցով: Ձեր կարծիքով, որքանո՞վ է նման վերլուծությունը հիմնավոր:
– Ես սա շատ իրավացի չեմ գտնում, քանի որ վարչապետը նույն վարչապետն է: Այն վարչապետը, որն արդեն հայտարարեց, թե առանց Ադրբեջանի հոժարության, առանց Ղարաբաղի հարցում թուրքանպաստ մի լուծումի հանգելու՝ կարելի չէ սահմանները բանալ: Ուրեմն՝ թուրքանպաստ լուծումն էլ կարելի չէ: Ըստ իս, արդեն վաղուց պետք է Հայաստանը չեղյալ համարեր եղած արձանագրությունները: Վարչապետի այդ հայտարարությունից հետո լավ էր, որ մենք այդ քայլն անեինք, թե լսելով ձեր վարչապետին՝ այս խնդիրը մեզ համար փակվել է, փակ սահմանն էլ ձեր խնդիրն է: Մե՛նք չենք սահմանը փակողը, եթե պիտի բացեք՝ դո՛ւք բացեք: Իրե՛նց մեկուսացումն է սա: Այո, մեզ մեկուսացնում են, մենք տուժում ենք դրանից, բայց վերջապես՝ քաղաքական առումով իրե՛նց մեկուսացումն է, իրե՛նք են, որ սահմանը փակել են: Մենք նույնիսկ բանակցելու կարիք չունենք, քանի որ բանակցելով չփակվեց սահմանը:
– Ձեր կարծիքով, իսկ ինչո՞ւ Թուրքիան անվավեր չի հայտարարում արձանագրությունների ներքո իր ստորագրությունը, մանավանդ որ Էրդողանն անում է նման կոշտ հայտարարություններ:
– Թանկ կարժենա իրեն՝ կմեղադրվի: Միայն հայերն ու թուրքերը չէին այդ արձանագրությունների ստորագրողը՝ նրանց հետեւում Շվեյցարիայի, Ամերիկայի, Ռուսաստանի ԱԳ նախարարներն էին, եւ հաշիվ պետք է տան բոլորին: Հայերն այժմ հաշիվ տալու հարկադրություն չունեն: Եվ եթե անգամ ասենք՝ առեք այս արձանագրությունը ու դարձեք՝ մենք վնասով չենք, բայց իրենք հիմա նույնն ասելու ի վիճակի չեն:
– «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը որակյալ մեծամասնություն չունի խորհրդարանում. գուցե այդպե՞ս է հիմնավորվում վերոհիշյալ փորձագիտական կարծիքը, թե հայտնված որոշ թարմ դեմքերը գուցե ունենան նոր մոտեցում հայ-թուրքական գործընթացը վերսկսելու վերաբերյալ:
– Ոչ մի նման հիմք չկա: Հակում էլ չկա այդ ուղղությամբ: Եվրոպական միության հետ բանակցություններն էլ են դադարեցրել ու ջանք չեն վատնում վերսկսելու համար: Եթե նման ջանք գործադրեին՝ պիտի խորհեի, որ դրան զուգահեռ՝ այդ խնդիրն էլ պետք է լուծվի, քանի որ սահմանի խնդրի կապակցությամբ ԵՄ-ն էլ անհանգիստ է: Բայց իրենք այդ ուղղությամբ էլ աշխատանք չեն տանում:
– Արձանագրությունները ստորագրելու ընթացքում Թուրքիայիում բնակվող հայերը բավական ոգեւորությամբ էին արձագանքում այդ գործընթացին:
– Այո:
– Բայց հիմա կարծես առաջին անգամ Ձեզնից լսեցի նման կտրուկ հայտարարություն, թե Հայաստանը պետք է չեղյալ համարի այդ արձանագրությունները:
– Ես արդեն այն ժամանակ էի դեմ բանակցություններին՝ ճիշտ այս պատճառաբանություններով, քանի որ բանակցություններով ու իրար հետ համաձայնելով չէր, որ փակեցին սահմանը: Ուրեմն՝ ինչո՞ւ է բացելու համար համաձայնություն պետք: Թուրքիան միակողմանի որոշմամբ է փակել սահմանը, թող միակողմանի որոշմամբ էլ բացի՝ մեր կողմից արգելք չկա:
– Եթե համեմատենք օգուտներն ու վնասները՝ ի՞նչ է շահելու Հայաստանն արձանագրություններից իր ստորագրությունը հետ կանչելով;
– Հայաստանի համար տնտեսական առումով շրջափակումից ազատվելը նպաստավոր է՝ սա ակնհայտ է: Բայց նույնքան կարեւոր ուրիշ բան էլ կա՝ ժողովրդի արժանապատվությունը: Ողջ հայ ժողովրդի արժանապատվությունը խորտակված է: Այդ քայլը կբարձրացներ մեր արժանապատվությունը:
Ինչո՞ւ պետք է իրենց երեսին նայենք, որ սահմանը բացեն՝ մենք էլ առեւտուր անենք: Արդեն իսկ առեւտուրը կա. բեռնատարները, ճիշտ է, հեռու ճամփայով են գալիս, ճանապարհածախսն ավելի թանկ է ստացվում: Բայց մենք ծնկաչոք չենք՝ որպես երկիր, ինչպես որ կարծեցին իրենք: 1993-ին կարծեցին, թե մեզ կարող են ծնկաչոք անել այս շրջափակումով: Անցել է 20 տարի՝ ծնկաչոք չեղանք: