Համոզված են «մարկեսասերները»
Սկզբում երկուսն էին՝ Շուշան Շատիկյանը եւ բանաստեղծ Երեմեյ Գրիգորյանը, ապա նրանց միացավ «մարկեսամոլ» Վլադիմիր Խաչատրյանը, այնուհետեւ ավելացան շատ-շատերը: «Facebook» սոցիալական ցանցում ընկերներով քննարկում էին կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի ստեղծագործությունները եւ հասկացան. իրենք իրենց չեն ների, եթե Մարկեսի նման ստեղծագործողին չտեսնեն: «Որոշեցինք գրողին հրավիրել Հայաստան»,- ասում է Մարկեսին Հայաստան հրավիրելու նախաձեռնության անդամներից՝ Շուշան Շատիկյանը:
Նախաձեռնողները որոշել էին, եթե Մարկեսին տեսնել ցանկացողների թիվը անցնի 2000-ը, պաշտոնական նամակով կդիմեն մշակույթի նախարարություն եւ այլ պատկան մարմինների՝ աշխարհահռչակ գրողին Հայաստան հրավիրելու ցանկությամբ: Մարկեսին տեսնել ցանկացողների թիվը անցավ 2500-ը, եւ նախաձեռնողները դիմեցին մշակույթի նախարարություն: «Մենք նաեւ կարողացանք առիթը լավ որսալ. 2012թ. Երեւանը լինելու է գրքի մայրաքաղաք: Մտածեցինք՝ շատ հրաշալի կլիներ, թեկուզ հենց միայն այդ պատճառով Հայաստան հրավիրենք նման հեղինակավոր գրողին»,- ասում է Շուշանը: Նա նշում է, որ մտավախություն կար, որ մշակույթի նախարարությունից պատասխանը բացասական կլիներ. «Մտածում էինք, որ նախարարությունը իր միջոցառումները պատրաստած կլինի 2012-ին գրքի մայրաքաղաք հռչակված Երեւանի համար եւ Մարկեսի հրավերը չեն կարող նախատեսել կամ էլ անլուրջ կվերաբերվեն մեր ցանկությանը՝ մտածելով, որ մի խումբ երիտասարդներ պարզապես ուզում են իրենց սիրելի գրողին տեսնել»:
Այժմ աշխարհահռչակ գրողին պաշտոնական հրավեր է ուղարկվել:
Գրողի առողջական խնդիրները անհանգստացում են հայ «մարկեսասերներին», գիտեն՝ բժիշկները խորհուրդ չեն տալիս նրան ինքնաթիռ նստել: «Մենք հույս ունենք, որ նա իր մեջ ուժ կգտնի, կկարողանա այցելել Հայաստան, առավել եւս, որ նա այստեղ երբեք չի եղել, բացի այդ, նա իր հարցազրույցներից մեկում նշել է, որ չի բացառում իր՝ հայկական արմատներ ունենալը: Մենք առավել շատ կարեւորում ենք այն փաստը, որ փոքրիկ հեռավոր Հայաստանում մի խումբ երիտասարդներ նրան այդքան սիրում են, կարդում եւ նրան հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես գալիս: Այս դրական էմոցիաները նրան լիցքեր կտան, որ առողջանա եւ վեր կենա գա Հայաստան»,- ասում է Շուշան Շատիկյանը: Եթե գրողը Հայաստան գալու հրավերը մերժի, մեկ է՝ երիտասարդները չեն դադարի նրան սիրել. «մարկեսասերները» ցավում են, որ Հայաստանում Մարկեսի ստեղծագործությունները քիչ են թարգմանված, որոշել են դիմել հրատարակիչներին եւ թարգմանիչներին՝ այս խնդիրը լուծելու համար:
Այն մարդկանց, ովքեր մեղադրում են երիտասարդներին նման նախասիրություն կազմակերպելու մեջ, ասելով, թե երկիրը շատ ուրիշ նախաձեռնությունների կարիք ունի, երիտասարդները միշտ պատասխանում են. «Սա մեր նախասիրությունն է, մենք պաշտում ենք գիրքը, ուզում ենք Մարկես գրողին Հայաստանում տեսնել»:
Հիմա, երբ աշխարհահռչակ կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսին հրավիրելու փորձը արդեն ինչ-որ հաջողություններ ունի, Շուշան Շատիկյանը հիշում է՝ 15-16 տարեկանում անընդհատ լսել էր «Հարյուր տարվա մենություն» գրքի մասին, գնացել էր գրադարան եւ առանց ստեղծագործության հեղինակի անունը իմանալու՝ խնդրել էր այն: Կարդացել էր, հուզվել, հետո նորից 4 անգամ վերընթերցել: Ասում է՝ երբեք չի մոռանա գրողին Նոբելյան մրցանակակիր դարձրած ստեղծագործության առաջին նախադասությունը. «Կանցնեն երկար տարիներ, եւ գնդակահարության պատի տակ կանգնած՝ գնդապետ Խոսե Արկադիոն կմտաբերի հեռավոր այն իրիկունը, երբ հայրը իրեն սառույց տեսնելու տարավ»: