Ծխախոտը մի ձեռքին, մյուս ձեռքն էլ՝ սրտին: Այսպիսին է նկարիչ Սամվել Խաչատրյանի կերտած՝ Ալեքսանդր Թամանյանի, Արմեն Տիգրանյանի եւ այլ արձանների հեղինակ Արտաշես Հովսեփյանի դիմանկարը, որը երեկ ներկայացված էր Նկարիչների միությունում բացված «Գարնանային Սյունիքի գույները» խորագրով ցուցահանդեսում: Սյունեցի քանդակագործի ութսունամյակն էր, ցուցասրահում հավաքվածներն առավել շատ հետաքրքրված էին այդ դիմանկարով: Սյունյաց աշխարհի գույներն են Երեւանում: Այս տարվա մայիս ամսին 26 հայ նկարիչներ 1 շաբաթ եղան Սյունիքում, այդ աշխարհն իր գույներով հանձնեցին կտավին եւ հիմա դրանք են ներկայացնում ցուցահանդես այցելողներին: «Սա առավել կարեւոր է ոչ թե նկարիչների համար, այլ նրանց, ովքեր գնում են նկարիչների հետեւից»,- ասում է ցուցահանդեսի կազմակերպիչ, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը:
Ստեղծագործողները տարբեր սերունդներից են՝ ավագագույններից են Արմեն Աթայանը, Հրանտ Թադեւոսյանը, միջին սերունդն են ներկայացնում Գագիկ Ավետիսյանը, Նիկոլ Աղաբաբյանը, ավելի կրտսերները քիչ են: Ցուցահանդեսը «Հայկական ներկապնակ» նկարչական փառատոնի հերթական մասն է կազմում, կազմակերպիչներն են ՀՀ նկարիչների միությունը, Սյունիքի մարզպետարանը, «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը, «Փյունիկ» հիմնադրամը: