Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ավերակ դպրոցում՝ պարարվեստի կրթություն

Հունիս 23,2011 00:00

Եվ սերունդ, որ կտրվում է փողոցից

\"\"

Վանաձորի պարարվեստի դպրոցը գործում է շենքային ողբալի պայմաններում. ավերակ պատերին նայելով՝ ոչ ոքի մտքով անգամ չի անցնի, որ այստեղ հնարավոր է կրթել մի սերունդ, որը կլինի գեղագիտորեն հասուն եւ կտիրապետի պարարվեստի տեսակներին: Չնայած ամենամյա խոստումներին, որ շենքը կվերանորոգվի՝ հերթական ուսումնական տարին պարարվեստի դպրոցը սկսել եւ ավարտում է Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի շենքի առաջին հարկում՝ նույն խարխուլ պատերի ներքո: Հակառակ ծանր պայմաններին, դպրոցը շարունակում է գործունեությունը եւ կարողանում է հանդես գալ նաեւ տարեվերջյան հաշվետու համերգով: 2010-2011 ուստարվա հաշվետու համերգը կայացավ վերջերս՝ Վանաձորի սուրբ Գր. Նարեկացի եկեղեցու հանդիսությունների սրահում: Աշակերտները հանդես եկան դպրոցում ուսուցանվող ազգագրական, ժամանակակից ու պարահանդեսային, նաեւ՝ պատմակենցաղային պարերով:
Վանաձորի պարարվեստի դպրոցը բացվել է դեռ 1992-ին՝ որպես արվեստի դպրոց: Այն ժամանակ գործում էր 2 բաժնով՝ թատերական արվեստի եւ պարարվեստի: Դպրոցի հիմնադրման նպատակն էր ուսյալ աշակերտներով ապահովել «Հորովել» երգի-պարի անսամբլն ու Վանաձորի պետական դրամատիկական թատրոնը: Եռամյա գործունեությունից հետո, ֆինանսական դժվարությունների պատճառով թատերական բաժինը փակվեց, իսկ արվեստի դպրոցը վերանվանվեց պարարվեստի դպրոց: Դպրոց ընդունում են 6 տարեկանից, կրթությունն իրականացվում է հնգամյա կրթական ծրագրով, առաջին ուսումնական տարում սովորում են դասական պար, հայկական պար եւ դաշնամուր, երկրորդից սկսած՝ նաեւ բնութագրող պար, իսկ 5-րդ դասարանում ուսանում են պատմակենցաղային եւ ժամանակակից պարեր: Տասը ենթախմբերում սովորում է 67 աշակերտ: Հաշվետու համերգին «Ղարաբաղի եղնիկ» պարով մասնակցեց նաեւ պարարվեստի դպրոցի շրջանավարտ՝ տասնյոթամյա Լիլիթ Ազարյանը, ով նշեց. «Ավարտելով պարարվեստի դպրոցը՝ պարի խմբակ եմ բացել Արջուտ գյուղում եւ փորձում եմ 6-13 տարեկան երեխաներին հայկական պարեր ուսուցանել»:
Պարարվեստի դպրոցի տնօրեն Լյովա Դերձյանը նշում է, որ իրենց դպրոցի շնորհիվ երեխաները կտրվում են փողոցից, սովորում բեմական կուլտուրա. «Մեր մանկավարժները լիարժեք տիրապետում են նաեւ անատոմիային եւ հետեւում են զարգացող օրգանիզմին, որպեսզի երեխաները հետագայում չունենան խնդիրներ՝ կապված ողնաշարի հետ: Չենք խեղաթյուրում աշակերտներին պորտապարային շարժումներով, սովորեցնում ենք էթնոգրաֆիկ պարեր: Խոսքով չեն բացատրում պարը, այն պետք է դիտել եւ նոր միայն գնահատական տալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել