Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չեք լսում ուսուցիչներին

Հունիս 23,2011 00:00

Մինչեւ ե՞րբ խարխափենք անհասկանալի բառակույտերի լաբիրինթոսում

Շուրջ մեկուկես ամիս է՝ մամուլում, համացանցում շրջանառվում է դասագրքերի մրցույթի թեման: Վերջապես դասագրքերից մեկը՝ շահածը, զետեղվեց ԿԳՆ կայքէջում: Դասագրքի հեղինակը չի նշվում, միայն մամուլից ենք տեղեկանում՝ ով է իսկական հեղինակը: Հրամցվող դասագիրքը (խոսքը Փ. Մեյթիխանյանի կողմից Հ. Բարսեղյանի դասագրքի վերաձեւված տարբերակի մասին է, որ նախատեսված է 7-րդ դասարանում հայոց լեզու ուսուցանելու համար) մեկն է մրցույթին մասնակցած դասագրքերից, իսկ ո՞ւր են մյուսները. չէ՞ որ լավագույնը կամ մրցունակը հասկանալու համար պետք է ծանոթանալ նաեւ մյուսներին; Բայց անգամ սա չէ մեր տագնապի պատճառը: Այն շատ ավելի խորքային է. ո՞ր դասագիրքն է համարվում մրցունակ. որեւէ դպրոցում փորձաշրջան անցած եւ մասնագետների ու աշակերտների հավանությանն արժանացա՞ծ, թե՞ կասկածելի մրցույթին մասնակցած եւ «շահած» մի դասագիրք, որի շարադրանքն անգամ տարակուսանք է հարուցում: Ինչո՞ւ չի կարելի ստեղծել փորձաքննական կենտրոններ, որտեղ կընդգրկվեն հանրապետության առաջատար մասնագետներ, մեթոդիստներ, հոգեբաններ, ինչու ոչ՝ նաեւ մասնագետ ծնողներ. չէ՞ որ հիմա դպրոցի պատվիրատուն ծնողն է եւ ունի ամենայն իրավունք՝ ակնկալելու լավագույն դասագիրք իր երեխայի համար: Ցավալի է, որ ոսուցիչը ահով սպասում է, թե ինչ է հրամցվելու իրեն սեպտեմբերին, ինչ են պահանջելու իրենից, ինչպես են գնահատելու իր հայրենանվեր աշխատանքը, ինչ որակումներ են տալու իրեն՝ արդարացնելու համար դպրոց մտած դասագրքի թերությունները, իսկ ահազանգող ուսուցիչները այդպես էլ չեն կարողանալու հասանելի դարձնել այն պարզ ճշմարտությունը, որ դպրոցը ինքը պետք է ընտրի իր դասագիրքը, որ հայոց լեզվի դասագիրքը բանալի է նաեւ այլ առարկաների դասագրքերը հասկանալու համար, որ մայրենիին պետք է մոտենալ սրբազան երկյուղածությամբ, որ հայերենի ուսուցման ամբողջ դասընթացը չպետք Է նպատակաուղղված լինի դեպի քննություն, չպետք է անտեսվի մեր լեզվի լիարժեք ուսուցումն ու իմացությունը: Մինչդեռ ԿԳՆ կայքէջում ներկայացված դասագիրքը իր մասնագիտական որակով զարկ է տալիս այնքան չարչրկված կրկնուսույցի «ինստիտուտին», եւ այս դասագրքով աշխատող ուսուցիչները դեռ հիմնական դպրոցից պետք է լծվեն կրկնուսուցման գործընթացին (ոչ մի տեղ չերեւացող հեղինակը նշանավոր կրկնուսույց է): Ակնհայտ է, որ քերականության ծննդյան օրից մինչ օրս չեն փոխվել ենթական ու ստորոգյալը, չեն փոխվել, կամ գրեթե չեն փոխվել լեզվական կաղապարները, բայց փոխվել են ուսուցանողն ու ուսուցվողը, փոխվել են ժամանակները եւ 21-րդ՝ էլեկտրոնային դարում, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները կարող են հրաշքներ գործել, լավագույն դասագրքի անհրաժեշտությունն ավելի է կարեւորվում: Քաղաքակիրթ աշխարհը վաղուց անցել է էլեկտրոնային ստեղծագործական դասերի, ամենուր խթանվում է աշակերտակենտրոն դպրոցը, աշակերտին է վերապահվում դասագիրք ու ուսուցիչ ընտրելու իրավունքը, իսկ մենք դեռ խարխափում ենք անհասկանալի բառակույտերի լաբիրինթոսում: 
Բնավ զարմանալի չէ, որ լռում են ուսուցիչները. չէ՞ որ նրանց ձայնը ոչ ոք չի լսում, նրանց տագնապը ոչ ոք չի կիսում: Պարո՛ն նախարար, 2009 թվականի հունիսին հայոց լեզվի միասնական քննության աղմկալի թեստերի առիթով Դուք ընդունեցիք ուսուցիչների հիսուն հոգանոց խմբին եւ խոստացաք, որ դպրոցը կպահեք Ձեր ուշադրության կենտրոնում, խոստացաք, որ առանց ուսուցչական հոծ բանակի կարծիքը հաշվի առնելու՝ ոչինչ չեք ձեռնարկի: Եվ մենք՝ միամիտներս, ավաղ, դարձյալ խաբվեցինք:
Այսօրվա աշակերտը համացանցի միջոցով կարող է յուրացնել աշխարհի լավագույն գրադարանների լավագույն գրքերը, կարող է համեմատել իր դասագիրքը մյուսների հետ եւ լացել այսօրվա դասագրքերից շատերի վրա: «Այդ դեպքում ինչո՞ւ եք աղմկում»,- կհարցնեք:
Որովհետեւ մեր հասարակության սոցիալական խայտաբղետ կառուցվածքը չի ենթադրում ցանկացած երեխայի համակարգչային իմացություն. պարզապես համակարգիչ ունենալ չի կարող. սահմանամերձ գյուղի երեխան զրկված է այս «ճոխությունից»: Փաստեր՝ ինչքան ուզեք: Իսկ դասագիրքը նրա ունեցած միակ հարստությունն է, տնային կրկնուսույցը, ընկերը, խորհրդատուն: Սեպտեմբերին, երեւի թե, դպրոց «կմտնի» «մրցույթում շահած» դասագիրքը, եւ կսկսվեն ուսուցիչների դժգոհությունները դասագրքից, ուսուցման մեթոդների բացակայությունից (գոնե ներկայացված տարբերակում դրանք չեն երեւում), մասնագիտական շեղումներից (համացանցում զետեղված թերություններին չենք անդրադառնում, քանզի մամուլը հեղեղված է գիտության թեկնածուների ու պրոֆեսորների հոդվածներով) եւ Դուք անպայման կասեք, որ ահազանգ չի եղել, ահազանգ միշտ էլ կա, ականջալուր եղողն է պակասում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել