Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչությունը մայիսի 13- 21-ը կազմակերպել է ամենամյա երաժշտական մրցույթ-փառատոն, որին մասնակցել են Երեւան քաղաքի 25 երաժշտական եւ արվեստի դպրոցների մոտ 2000 երեխաներ: Մրցույթ-փառատոնն անցկացվել է մեկ փուլով, հետեւյալ մասնագիտական գործիքների եւ ուսումնական ծրագրի առարկաների անվանակարգերով՝ դաշնամուր, լարային նվագարաններ, կիթառ, ժողովրդական, փողային եւ հարվածային գործիքներ, մեներգեցողություն (դասական, ժող.), երգչախումբ, համույթներ, սոլֆեջիո-թելադրություն, երաժշտական գրականություն (վիկտորինա): Մասնագիտական ժյուրին գլխավորում էր ՀՀ երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը: «Լավագույն տասնյակ» անվանակարգում 1-ին տեղում է Երեւանի քաղաքապետարանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, 2-րդ տեղում՝ Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցը: Մրցույթ-փառատոնի երկու մասնակիցներ ճանաչվել են տարվա հայտնություն. Ա. Տեր–Ղեւոնդյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի 1-ին դասարանի սան Վրույր Ասատրյանը (դասատու՝ Հրաչյա Հակոբյան), Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի շվիի 1-ին դասարանի սան Անի Ռուբենյանը (դասատու՝ Խորեն Ումրիկյան): Գալահամերգն ավարտվել է լավագույն երգչախմբերի 100 երեխաների կատարմամբ՝ հանրահայտ «Էրեբունի-Երեւան» երգով, որը ղեկավարել է ճանաչված խմբավար Տիգրան Հեքեքյանը: