Մանկավարժականի ուսանողների հույսերն ու ներկան
Երեկ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ)՝ հունիսի 14-ին եւ 15-ին մագիստրոսական թեզեր պաշտպանած 97 շրջանավարտ ստացան ավարտական դիպլոմներ: Շրջանավարտներից 13-ին՝ համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում դիպլոմները հանձնեց անձամբ ՀՀ վարչապետ, բուհի խորհդրի նախագահ Տիգրան Սարգսյանը: Վերոնշյալ 13 մագիստրոսները ստանում էին գերազանցության դիպլոմներ: Արարողությունը սկսվեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, համալսարանի խորհրդի անդամ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ:
Վարչապետը, շնորհավորելով մագիստրոսներին, ասաց. «Ձեր կյանքում բացվում է մի նոր, ավելի պատասխանատու էջ՝ դա համալսարանում ստացած գիտելիքները կյանքում ճիշտ կիրառելու պատասխանատվությունն է: Այստեղից դուրս եկող յուրաքանչյուր ոք իր վարքով եւ գիտելիքներով պետք է կարողանա բարձր պահել Մանկավարժական համալսարանի հեղինակությունը»:
Ըստ Տ. Սարգսյանի, խրախուսելի է, որ մեր օրերում երիտասարդները ուսման նկատմամբ դրսեւորում են նման վերաբերմունք՝ գերազանց սովորելու ձգտում: Գերազանցիկ շրջանավարտները դիպլոմներն ստացան ավարտական համապատասխան հագուստներով եւ գլխարկներով: Միայն թե դիպլոմներն ստանալուց հետո ստիպված էին հանել, բայց «Առավոտի» հետ զրույցում նրանցից մի քանիսը խոստովանեցին, որ այդ հագուստի մեջ՝ կարմիր դիպլոմներն էլ ձեռքին, ավելի ինքնավստահ են զգում:
Շրջանավարտ Չիո Նան Չինաստանից է եկել Հայաստան սովորելու: Մասնագիտությամբ ռուսաց լեզվի թարգմանիչ է: «Մասնակցեցի պետական ծրագրի, որով էլ հայտնվեցի այստեղ: Ճիշտ է՝ մշակույթներով տարբեր ենք, բայց Հայաստանն ինձ համար դարձել է իմ երկրորդ հայրենիքը: Ինձ հայերը դուր են գալիս՝ իրենց բարությամբ, հյուրընկալությամբ: Շուտով վերադառնալու եմ Չինաստան, բայց շատ կուզենայի մնալ եւ կարիերաս կառուցել Հայաստանում: Եթե առաջարկ ստանամ այստեղ աշխատելու, առանց վարանելու կմնամ»,- ասաց Չիո Նան եւ փաստեց, որ իր չինուհի ընկերուհին Հայաստանում աշխատելու առաջարկ է ստացել:
Բանասիրական մասնագիտություն ստացած Գայանե Բադալյանը գտնում է, որ գերազանցության դիպլոմը կյանքի հետագա հարթ ուղու գրավականն է. «Կրթությունը բարձր եմ դասում, քանի որ հասկանում եմ՝ կրթված, զարգացած մարդու համար փակ դռներ չկան, եթե մեր հանրապետությունում կան էլ, ապա հեշտ կոտրվող են»:
Դասվարի մասնագիտություն ստացած Կարինե Շահինյանը կարծում է, որ գիտելիքը հզոր զենք է. «Կարմիր դիպլոմը պարտավորվածության զգացում է մեջս առաջացրել: Հուսամ՝ լավ ուսուցչուհի կդառնամ եւ կդաստիարակեմ հային արժանի սերունդ»:
Ինչպես պարզեցինք, շրջանավարտների մեծ մասը ներկայումս չի աշխատում ու փնտրում է աշխատանք: Երբ լրագրողներից մեկը ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին հարցրեց, թե որքանո՞վ է բուհը պատրաստակամ գերազանց շրջանավարտներին աշխատանքով ապահովել կամ աջակցել աշխատանք գտնելու հարցում, նա ասաց. «Կխոսեմ պարզ՝ մանկավարժականի շրջանավարտները աշխատաշուկա միշտ կունենան, քանզի կան դպրոցները եւ կրթական համակարգի պահանջները»: