Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՐՅՈՒՆՈՏ ԸՆԾԱ

Հունիս 23,2011 00:00

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

\"\"Մամուլի ազգային ակումբում այս տարվա ապրիլի 6-ին ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի հետ կայացած լրագրողների հանդիպման ավարտին, ՄԱԱ անդամներից մեկը հարց ուղղեց նրան, թե արտահերթ ընտրությունները կայանալու են հերթական ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո: Հանդիպումների սրահում ծիծաղ պայթեց, ծիծաղեց նաեւ Շահնազարյանը՝ ի պատասխան պատմելով խորհրդային մի հին անեկդոտ, որի իմաստն այն էր, թե այսքան ինչի մասին էի խոսում: Այս փոքրիկ միջադեպը խիստ հատկանշական է Հայ ազգային կոնգրեսի, նրա ղեկավարի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վարքագծի ու գործունեության եւ դրանց հանդեպ հանրային վստահության աստիճանական կորստի առումով: Որքան էլ ՀԱԿ-ը եւ Տեր-Պետրոսյանը փորձեին նախ ամրոցներ կառուցել թշնամու (իմա՝ գործող իշխանության) դեմ պայքարելու համար, այնուհետեւ այդ ամրոցների դարպասները լայն բացեին նույն թշնամու առջեւ, բավական է պարզ ու միամիտ թվացող մի հարց, եւ կփլուզվեին այդ ամրոցները՝ ՀԱԿ-ի ղեկավարությանը կանգնեցնելով հասարակական վստահության փլատակների վրա՝ ստիպելով նրան պատասխաններ որոնել բազմաթիվ հարցադրումների համար (ինչով եւ տեւական ժամանակահատված է, ինչ զբաղված է ՀԱԿ-ը՝ Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ):
Երբեմնի արմատական ընդդիմության՝ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը ցայսօր դեռ չի պատասխանել այն հարցին,
թե նա ինչո՞ւ նախ ձախողեց հայկական հեղափոխությունը՝ 2008 թ. մարտի 1-ին այն նետելով Ռոբերտ Քոչարյանի ոտքերի տակ, իսկ երեք տարի անց՝ 2011-ի գարնանը, գլխատելով վերակենդանացող հայկական հեղափոխությունը, նրա՝ դեռեւս արյունոտ գլուխը սկուտեղի վրա մատուցեց Քոչարյանի հետնորդին՝ Սերժ Սարգսյանին: Եվ եթե անգամ Տեր-Պետրոսյանը վստահ է, որ այդ սկուտեղն իրականում շախմատի տախտակ է, ապա միեւնույն է՝ այդ շախմատի միակ խաղաքարն արյունոտ ընծան է՝ հայկական հեղափոխության գլխատված մարմնի գլուխը:

 

1. Երկար ճանապարհ դեպի երկխոսության զոհասեղանը
Մի քանի ամիս առաջ Մամուլի ազգային ակումբի եւ ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) համատեղ կազմակերպվող քաղաքական քննարկումներից մեկին հիմնական զեկուցողի կարգավիճակով մասնակցելու առաջարկով դիմեցի ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանին, որն ավելի ուշ տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը չի մասնակցի քննարկմանը: Եվ քանի որ քննարկումը լուսաբանող լրագրողները սովորաբար ձգտում են տեղեկանալ, թե ո՞րն է այս կամ այն քաղաքական ուժի բացակայության պատճառը, Մուսինյանին խնդրեցի հիմնավորել մերժումը: «Մենք բանդիտների հետ քննարկելու բան չունենք»,- հետեւեց պատասխանը:
 Այս պատասխան-դիրքորոշմանը հաջորդած վերջին մի քանի ամիսների ընթացքում թեպետ Հայաստանում իշխանափոխություն տեղի չունեցավ, եւ ՀԱԿ-ի խոսնակի հիշատակած «բանդիտները» (իմա՝ իշխանությունը) շարունակեցին կառավարել, սակայն կտրուկ փոփոխություններ կրեց ՀԱԿ-ի ռազմավարությունը իշխանության հանդեպ, փոփոխություններ, որոնք սկսեցին պտտվել բացառապես այդ նույն իշխանության հետ քաղաքական երկխոսության առանցքի շուրջ: Երկխոսության թեման դարձավ առանցքային նաեւ մյուս կուսակցությունների քաղաքական օրակարգում: Ձնագնդի պես արագորեն պտտվող եւ մեծացող այս թեմայի ծավալմանն էապես նպաստեց այն հանգամանքը, որ իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ առաջին անգամ նախ արձագանքեց, ապա եւ՝ ընդառաջ գնաց Լեւոն Տեր-Պետրոսյանի երկխոսության կոչերին: Եվ որքան էլ Սերժ Սարգսյանը հայտարարի, թե «Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության նախաձեռնությունն էլ մերն է, մենք ենք սկսել այդ գործընթացը», ակնհայտ է, որ երկխոսության նախաձեռնությունը, հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Երկխոսության առաջարկը, խնդրանքը, պահանջը Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձից հետո միշտ էլ առկայծել են նրա երկարաշունչ, ակադեմիական հանրահավաքային ելույթներում, սակայն վճռական գործողությունների պատրաստ հասարակությունը այն չի նկատել իր առաջնորդի ելույթներում, իսկ իշխանությունը այն կոպտորեն մերժել է կամ անտեսել ու արհամարհել:
Երկխոսության կայացման համար Տեր-Պետրոսյանը երկար եւ փշոտ ճանապարհ անցավ՝ գնալով անհնարին, հասարակայնորեն մերժելի զիջումների ու զոհաբերումների: Այդ ճանապարհին քայլ առ քայլ նա նախ զոհաբերեց իր զինակիցներին՝ ՀԱԿ-ի առավել արմատական թեւին՝ Ժիրայր Սեֆիլյանին, Կարապետ Ռուբինյանին, Ալեքսանդր Արզումանյանին եւ այլոց, որոնք կողմ էին պայքարի առավել արմատական մեթոդների՝ մերժելով իշխանության հետ երկխոսության, բանակցության, համագործակցության յուրաքանչյուր փորձ: Այլախոհներին հեռացնելու քաղաքական վարքագիծը, որ հատուկ էր Տեր-Պետրոսյանին նաեւ նրա կառավարման ժամանակահատվածում, նա պահպանեց նաեւ ընդդիմադիր գործունեության երեք տարիների ընթացքում: Մինչդեռ բարդ հասարակական-քաղաքական ժամանակահատվածում, երբ յուրաքանչյուր զինակից վճռորոշ դեր կարող էր ունենալ չմարող պայքարում, Տեր-Պետրոսյանն աստիճանաբար անանցանելի դարձրեց նրանց ճանապարհը իր քաղաքական թիմում: Եվ այժմ արմատական պայքարի կողմնակիցներից նրա կողքին մնացել է միայն Նիկոլ Փաշինյանը: Եվ եթե Փաշինյանի գաղափարական սկզբունքներն այս ընթացքում փոփոխությունների չեն ենթարկվել, ապա Տեր-Պետրոսյանի եւ Փաշինյանի ճանապարհների խաչաձեւումն անխուսափելի է:
Իրադարձությունների նման զարգացում Տեր-Պետրոսյանը կանխատեսում է, ինչպես եւ գիտակցում է, որ երկխոսության գործընթացը եւ տրամաբանությունը նոր զիջումներ են պահանջելու: Իսկ այդ գործընթացը շախմատ է Տեր-Պետրոսյանի համար, որտեղ բոլորը խաղաքարեր են եւ որոնց ներկայությունը խաղատախտակին ընդամենը հաշվարկի եւ ժամանակի խնդիր է. շախմատի այս խաղափուլը կավարտվի՝ կսկսվի նորը, եւ հին խաղաքարերին կփոխարինեն նորերը: Անփոփոխ կմնան հիմնական խաղացողները: Սա է քաղաքական շախմատ խաղալու Տեր-Պետրոսյանի մեկնակետը եւ տրամաբանությունը, եւ նա ձգտում է կամ առնվազն վստահ է, որ տեւական ժամանակահատված հիմնական խաղացողներից մեկն ինքն է լինելու:
Միաժամանակ, այդ զիջումները, զոհաբերումները ամենավտանգավորն ու ճակատագրականը չէին: Իշխանության հետ երկխոսության գնալու երկար եւ տատասկոտ ճանապարհին Տեր-Պետրոսյանը զոհաբերեց ավելի թանկ բան՝ հայկական հեղափոխությունը՝ կանխելով այն եւ ոտնատակ տալով Հայաստանի հրկիզված քաղաքական դաշտում զարմանալիորեն վերընձյուղվող հեղափոխության մատղաշ շիվերը, որոնց ջերմացնում էր արաբական աշխարհի կիզիչ արեւը եւ կենսանյութ էին հաղորդում ՀՀ քաղաքացիների չմարող բողոքը եւ քաղաքական անհամաձայնությունը: Բացառիկ սառնասրտությամբ եւ տարակուսելի հանդարտությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանը գլխատեց հայկական հեղափոխությունը՝ նրա բազմաչարչար մարմինը թողնելով Ազատության հրապարակում, իսկ գլուխը մատուցելով իր երեկվա քաղաքական թշնամուն՝ որպես համագործակցության եւ երկխոսության պատրաստակամության ապացույց:
Ազատության հրապարակում հայկական հեղափոխության զոհաբերման ահասարսուռ արարողությունը ուղեկցվում էր «անհասկացողության պատի փլուզման», «քաղաքական մթնոլորտի առողջացման», «քաղաքական նոր մշակույթի արմատավորման» մասին կեղծ բարեպաշտական աղոթքներով: Երկխոսության զոհասեղանի մոտ հաղթողներ չկային, իսկ մահն ամենուր էր:
2. Երկխոսության որոգայթները
«Ես չեմ հասկանում՝ ուրիշից հեղափոխություն պահանջելս ո՞րն է: Ավելի անհեթեթ (աբսուրդ) եւ ծիծաղելի բան դժվար է պատկերացնել»,- դավադրաբար զոհաբերելով հայկական հեղափոխությունը, իր վերջին՝ մայիսի 31-ի հանրահավաքային ելույթում հայտարարում էր Տեր-Պետրոսյանը: Այս հայտարարության հիմքում են ընկած երկխոսության գնալու՝ Տեր-Պետրոսյանի պատճառները: Ղարաբաղը եւ երկրի կայունությունը պահպանելու՝ ՀԱԿ-ի եւ նրա ղեկավարի կողմից տարփողվող պատճառներն ի զորու չեն քողարկելու իրական պատճառները, որոնք հարկ է դիտարկել՝ հաշվի առնելով հետեւյալ գործոնները՝
– քաղաքական,
– հասարակական,
– սոցիալ-հոգեբանական,
– անձնային:
Քաղաքական գործոնի հիմքում ընկած է ընտրությունների արդյունքում իշխանության մի մասը վերցնելու ձգտումը, նպատակը: Այս գործոնի մեջ առանձնանում է արտահերթ ընտրությունների՝ ՀԱԿ-ի պահանջը, սակայն այս առումով միտումնավոր անտեսվում է երեք հանգամանք. ա. ընտրությունները, որոնց անցկացումը պայմանավորվում է գործող իշխանության կամքով եւ ցանկությամբ, Հայաստանում որեւէ փոփոխության չեն հանգեցնի, բ. արտահերթ ընտրությունների պահանջն ընդամենը խայծ է հանրահավաքային շարժումը եւ ընդդիմադիր դեմքը պահպանելու համար, գ. արտահերթ ընտրությունների հեռանկարը մշուշոտ է հենց Տեր-Պետրոսյանի համար:
Երկրորդ՝ հասարակական գործոնը, պայմանավորված է հասարակական վստահության աստիճանական կորստով եւ այդ վստահությունն իսպառ կորցնելու անհանգստությամբ: Նկատի ունենալով այդ հեռանկարը՝ Տեր-Պետրոսյանը ձգտում է դեռեւս պահպանվող հասարակական ներուժը, հանրահավաքներն ի սպաս դնել երկխոսության շուտափույթ կայացմանը: Ըստ այդմ՝ նրան անհրաժեշտ են հստակ, գործունակ երաշխիքներ Սերժ Սարգսյանից՝ պայմանավորվածությունները պահպանելու համար (Սարգսյանն այդ երաշխիքները կտա Տեր-Պետրոսյանին, քանի որ նա էլ, իր հերթին, երկխոսության գնալու հիմնավոր պատճառներ ունի):
Երրորդ՝ սոցիալ-հոգեբանական գործոնը հանգում է հետեւյալին. Տեր-Պետրոսյանը փորձել է իշխանության դեմ պայքարի բոլոր ճանապարհները՝ թե քաղաքական, թե հեղափոխական, սակայն առաջին ճանապարհը՝ քաղաքական պայքարն անարդյունավետ, անհնար եւ դատապարտված է եղել ի սկզբանե իշխանությունների եւ նրանց կիրառած մերժելի մեթոդների պատճառով, իսկ հեղափոխական ճանապարհը ձախողել է հենց ինքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Եվ պարբերաբար ծառանալով հեղափոխության դեմ՝ նա փորձում է խեղաթյուրված մատուցել հեղափոխության մերժման իրական պատճառները, որոնք պայմանավորված են երկխոսության գնալու Տեր-Պետրոսյանի անձնային գործոնով:
 Երկխոսության գնալու անձնային գործոնը թերեւս ամենավճռականն ու թելադրողն է բոլոր գործոնների շարքում: Այդ գործոնը ներառում է ՀՀ առաջին նախագահի անձնային հատկությունները, որոնք խանգարել են նրան նաեւ կառավարման ժամանակահատվածում: Դրանք են՝
– վեհերոտությունն ու անհամարձակությունը, երկչոտությունն ու անվճռականությունը,
– եսակենտրոնությունը, ինքնազոհության գնալու անընդունակությունը,
– մեղավորներ փնտրելու եւ մեղքն իրենից հեռացնելու ձգտումը,
– բացառապես անձնական նվիրվածություն հատկություններով օժտված մարդկանցով իրեն շրջապատելու անմար ձգտումը,
– մեծ կամ փոքր խմբերում որոշման կայացման ավտորիտար մեթոդներով առաջնորդվելը:
Սրանք այն հատկություններն են, որոնք թույլ չեն տվել Տեր-Պետրոսյանին խուսափել շարունակական պարտություններից ու ձախողումներից (անկախ նրանից, թե այդ պարտություններն ու ձախողումները նա ինչպես է մատուցում): Անձնային գործոնի մեջ թաքնված է նաեւ մեկ այլ հանգամանք, որ բացատրության կարիք ունի: Երբեմն թվում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական ասպարեզ վերադարձավ ոչ թե իրացնելու իր պատմական առաքելությունը՝ ջարդել ավազակապետությունը, մաքրել «ավգյան ախոռները», ի վերջո՝ շտկել իր կառավարման ժամանակահատվածի սխալները, այլ վերադարձավ, որ իրականության վերածի «ազգովին խնդրելու» իր կանխատեսումը:
Խիստ հազվադեպ Տեր-Պետրոսյանի մեջ արթնանում է իդեալիստը, սակայն նա խեղդում է այդ իդեալիստին իր մեջ՝ հագնելով սառնասիրտ, անհույզ քաղաքական գործչի իր թիկնոցը: Անձնային գործոնը ներառում է նաեւ քաղաքական շախմատի նրա խաղաոճը՝ նա միշտ պաշտպանվում է եւ երբեք չի հարձակվում: Այս խաղաոճը սովորաբար հաղթանակի չի հանգեցնում, սակայն կարող է ապահովել քաղաքական ոչ- ոքին: Տեր-Պետրոսյանի համար երկխոսությունը հենց այդ քաղաքական ոչ-ոքին է:
Թվում է, թե Սերժ Սարգսյանին եւս ձեռնտու է այդ ոչ-ոքիի ապահովումը: Ի վերջո, երկխոսության գնալու Սարգսյանի պատճառներն ավելի հիմնավոր են եւ ծանրակշիռ: Երկխոսության արդյունքում Սարգսյանը կարող է լուծել հետեւյալ խնդիրները.
– կասեցնել Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքական ասպարեզ՝ կանխելով իշխանությունը վերստանձնելու նրա ձգտումները,
– խիստ նեղացնել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի քաղաքական հավակնությունները, ընդսմին՝ կանխելով վարչապետ դառնալու նրա ձգտումը,
– ՀՅԴ-ին մղել դեպի փակուղի՝ պարտադրելով խաղի իր կանոնները,
– նվազեցնել իր իսկ քաղաքական թիմի՝ անհամաձայնության դրսեւորման հնարավորությունները,
– արդյունքում՝ բոլորը ստիպված կլինեն պայմանավորվել բացառապես իր հետ,
– ի վերջո եւ ամենակարեւորը՝ ճանապարհից հեռացնել նախագահի հավակնություն ունեցող բոլոր գործիչներին, ներառյալ՝ ՀԱԿ-ի առաջնորդին:
Ի՞նչ են շահում Տեր-Պետրոսյանը եւ ՀԱԿ-ը քաղաքական այս խաղում. սա խիստ անկարեւոր է: Մանավանդ որ, երկխոսությունը գալիս է փոխարինելու իրական պայքարին՝ քաղաքական կամ հեղափոխական:
Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի շախմատային ոչ-ոքին Հայաստանի 20-ամյա Հանրապետությանը մղում է ներքաղաքական, ներհասարակական, աշխարհաքաղաքական փակուղի: Այդ ոչ-ոքին փակում է փոփոխությունների ճանապարհը Հայաստանում: Այդ ոչ-ոքին ընծա է մեր չդադարող պարտություններին: Ավա՜ղ՝ արյունոտ ընծա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել