Հանգստյան օրերին Երեանից հանգստացողների մեքենաները շարժվում են Սեւան՝ մայրաքաղաքի տապից փրկություն գտնելու: Սակայն Սեւանում դեռ չեն լողում, ջուրը սառն է, օրվա երկրորդ կեսին էլ ցուրտ քամի է փչում: Սեւանի ափին թեկուզ մի օր հանգստացողը հասկանում է, թե ինչու հայերը գերադասում են իրենց հանգիստը Վրաստանում՝ Սեւ ծովի ափին անցկացնել: Դեպի Գավառ, Մարտունի եւ Վարդենիս տանող ճանապարհը կիսաքանդ է, եւ մեքենաներն անցնում են Լճաշենի կիսավեր ճանապարհով: Դա փչացնում է հանգստացողների տրամադրությունը: Սեւանի ափի հանգստյան տները հիմնականում խորհրդային ժամանակների վագոն-տնակներ են ու դրանցում հաճախ բացակայում են ամենատարրական սանիտարական պայմանները, ասենք՝ զուգարան կա, բայց չկա լվացարան: Գներն էլ, ծառայությունների որակի համեմատությամբ՝ թանկ են: Սեւանում հանգստյան սեզոնը ընդամենը 50 օր է, հուլիսի 1-ից մինչեւ օգոստոսի 20-ը: «Օբյեկտների» տերերն էլ, երեւի, ցանկանում են այդ 50 օրում այնքան փող աշխատել, որ հոգան ողջ տարվա ծախսերը: Ու նաեւ ծովում լողալը երբեք չես համեմատի լճի հետ: Ու արդյունքում՝ հայերը հանգստանում են Վրաստանում, Թուրքիայում, այլուր: