1800-ականներին Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Լեռնահովիտ գյուղում վերաբնակված մշեցիներն ու ալաշկերտցիները գյուղի եզրի Կարճադոշ բլրի վրա փորված մի ճգնարան ու քրիստոնեական հինավուրց գերեզման տեսան, որի վրա սուրբ լույս էր իջնում: Ուխտի եկողները ականատես էին լինում երկնային հրաշքի, որ այսօր էլ երեւութանում ու զորացնում է այստեղ եկող հավատացյալներին: Տաշիրի բնակիչ Կատյա Դումիկյանն ասում է, որ երկար տարիներ ոտքերը ցավում էին եւ հույս չուներ, թե կարող է բարձրանալ Կարճադոշ, սակայն չի էլ զգացել թե ինչպես է բարձրացել: Հետո պարզվեց, որ բլրի ճգնարանը եւ գերեզմանը Ստեփանոս Նախավկայինն է:
Սրբի ոգին այսօր էլ այստեղ է, որ ճշմարիտ հավատացյալների համար մեկուկես հազարամյակից ավելի շարունակում է հրաշքներ գործել: 1995 թվականից նշվում է Կարճադոշի ուխտի օրը, իսկ 2008 թվականին ճգնարանի հարեւանությամբ կառուցվել է Սուրբ Սարգիս եկեղեցին:
Լեռնահովիտցի Լաուրա Պողոսյանը ուխտի էր եկել ու սրբից խնդրել իր հովանու տակ վերցնել զինվոր որդուն եւ ընդհանրապես բոլոր հայ զինվորներին: Նա հավատում է սրբի զորությանը:
Ուխտին մասնակցելու են գալիս մայրաքաղաքից, անգամ Ռուսաստանից, Հունաստանից, այլ երկրներից: