Թե ինչ եղավ հետո, երբ «Էջմիածնի պլաստմասսաների գործարանը» ձեռքից ձեռք անցավ ու սնանկացավ
Խորհրդային կարգերի փլուզումից հետո, շատ գործարանների նման Էջմիածնի պլաստմասսաների գործարանն էլ ձեռքից ձեռք անցավ: Ներկայիս սեփականատերը գործարար Էդուարդ Սախկալյանն է, որն այն ձեռք է բերել 2008 թվականին: Երկու տարի անց՝ 2010 թվականին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով «Էջմիածնի պլաստմասսաների գործարան» ԲԲԸ-ն ճանաչվեց սնանկ: Սնանկության գծով կառավարիչ նշանակվեց Հակոբ Ասոյանը: Մինչ սնանկ ճանաչելը, սակայն, արդեն վճարման խնդիրներ կային այն աշխատակիցների հետ, ովքեր գործարանում աշխատելու տարիներին մարմնական վնասվածքներ էին ստացել ու տարիներ շարունակ պետականորեն հաստատված վնասի փոխհատուցման գումար ստացել: Հենց փոխհատուցման չվճարված գումարն էլ դարձավ այն թնջուկը, որը լուծելու համար հաշմանդամ աշխատակիցները թակեցին իրավապահների դռները:
40-ամյա Էռնեստ Առաքելյանը մեկն է այն յոթից, որոնք 2008-ից այս կողմ պայքարում են իրենց հասանելիք վնասի փոխհատուցման գումարը ստանալու համար: Իսկ սնանկ հայտարարված ընկերությունից դա կարող են ստանալ միայն այն դեպքում, երբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 56 հոդվածի համաձայն՝ գործարանում գույքագրում իրականացվի: Դրանից հետո միայն կարելի կլինի գնահատել գույքը, վաճառել, իսկ վաճառքից գոյացած գումարով մարել կուտակված պարտքը: Հենց այստեղ է, որ գործընթացը կանգ է առել եւ զարգացման որեւէ նշան ցույց չի տալիս. սեփականատեր Էդուարդ Սախկալյանը պարտատերերին ու սնանկության գծով կառավարչին թույլ չի տալիս մուտք գործել գործարանի տարածք եւ գույքագրում կատարել:
Մեզ հետ զրույցում գործարանի սեփականատերը չհերքեց իր սահմանած արգելքի փաստը եւ պարտատերերի բողոքը: Հաստատեց եւ ասաց, որ ինքն էլ իր հերթին իրեն պատկանող գույքը ստանալու հայցով նույնպես դիմել է դատարան:
Գործարանի գույքի մասով առք ու վաճառքի հարցեր են առաջացել «Պլաստմասսաների գործարան» ԲԲԸ-ի նախկին սեփականատեր, սփյուռքահայ Հովսեփ Սեֆերյանի եւ բանկերից մեկի միջեւ, որը հանգուցալուծել է ներկայիս սեփականատեր Սախկալյանը՝ 42 միլիոն դրամով գնելով գույքը: Չնայած պնդում է, թե գույքն ամբողջությամբ իրեն է պատկանում, այդուհանդերձ հարցի իրավական լուծումը ակնկալում է դատարանից: «Սախկալյանին ինչ-որ տեղ չեմ մեղադրում, որովհետեւ 42 միլիոն ներդրում է արել եւ գույք ձեռք բերել, այսինքն՝ փրկել է գործարանը: Իսկ հիմա ճշտելու հարց ունի՝ ո՛րն է իր գույքը, որը՝ ոչ: Իսկ եթե ես գույքագրեմ եւ դա դառնա ԲԲԸ-ի գույքը, ինքն այլեւս ետ ստանալ չի կարող: Կարծում եմ՝ ուզում է մինչ վերջ ճշտել, հետո միայն ընթացք տալ»,- «Առավոտին» ասաց սնանկության գծով կառավարիչը:
Դատական քաշքշուկներից հոգնած ու հիասթափված գործարանի նախկին աշխատակից Էռնեստ Առաքելյանը գրավոր դիմել է նաեւ Արմավիրի մարզի դատախազին ու դատարանի նախագահին, խնդրելով աջակցել՝ օրենքի սահմաններում իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատախազ Ղարախանյանին ուղղած իր նամակում Էռնեստ Առաքելյանը նույնիսկ տարակուսանք է արտահայտել: «Իմ խորը կասկածն եմ հայտնում գույքի լինել-չլինելու մասին: Իսկ եթե իրոք գույքագրելու բան չլինի, ո՞վ կամ ինչպե՞ս է լուծելու մեր խնդիրը»,-հարցրել է տեսողությունից մասամբ զրկված Էռնեստ Առաքելյանը:
Թե նրան, թե վնասի փոխհատուցման իրենց գումարին սպասող մյուս վեց աշխատակիցներին ոչ այն է հիմնովին մերժում, ոչ այն է՝ գումարի տրամադրման մոտավոր ժամկետներ են խոստանում:
Թե գործարանի նախկին ու ներկա սեփականատերերն իրար մեջ ինչ ֆինանսական խնդիրներ են ունեցել եւ «հակամարտության» կարգավորման ինչ փուլում են գտնվում կամ որ ատյանում՝ աշխատանքային տարիներին իրենց առողջությունը կորցրած ու հաշմված բանվորներին բոլորովին չի հետաքրքրում: Նրանք իրենց հասանելիք փոխհատուցումն են պահանջում, որը ստանձնելու պատասխանատվություն առայժմ որեւէ կողմ չի համարձակվում:
ՄԱՐԻԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ